2020թ. սեպտեմբերի 26-ին կազմակերպված խնջույքի մասին Ջալալ Հարությունյանը տեղեկացված և հրավիրված է եղել. գնդապետ Սևակ Աբրահամյանի փաստաբան

168.am-ը գրել էր, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու: Բացի այս, նա իր կարգադրության մեջ նշել է, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, խնջույք կազմակերպած Մատաղիսի զորամասի հրամանատար եղած գնդապետ Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանի հետ, ում գործն արդեն դատական փուլում է:

– Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետը կարգադրություն է տվել առ այն, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, դա ուղղված է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որովհետև «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» համաձայն՝ վերադասն իր ստորադասին է կարգադրում, նա չի կարող իր ստորադասի ստորադասին կարգադրություն տալ:

Կարդացեք նաև

– Անցած դատական նիստի ժամանակ Սևակ Աբրահամյանը հայտարարել էր՝ «Իմ ասածը հակասում է իմ վերադաս հրամանատարի՝ գլխավոր շտաբի պետի տեղակալի ասածների հետ, որն ինձ առաջադրել է ուրիշ խնդիր։ Իսկ ինքը ցուցմունք է տալիս, որ խնդիրը վերաբերում է ուրիշ բանի մասին, տագնապ խնդրի մասին է»: Ո՞ւմ մասին է խոսքը, կարո՞ղ եք ասել:

– Դա այս պահին չենք կարող բարձրաձայնել:

– Իսկ պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Սևակ Աբրահամյանի կազմակերպած խնջույքի մասին Ջալալ Հարությունյանը իմացե՞լ է: Ի վերջո, սեպտեմբերի 25-ին պարզ է եղել՝ պատերազմ սկսվելու վտանգ կա, այս մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է պատերազմից հետո խոստովանել, որ սեպտեմբերի 25-ին նման տեղեկություն է ստացել՝ «պատերազմից 1-2 օր առաջ ռադիոկլանում էր եղել, որն այդ առումով վստահելի էր թվացել»:

Նիկոլ Փաշինյանը հակասական մի քանի բաներ ասել է, բայց քանի որ այս պահին նա գործով հարցաքննված վկա չէ, ուստի գործով նրա հանրային ներկայացրած տեղեկությունը որևէ կերպ չեմ կարող գնահատել այս պահին: Ամեն դեպքում, քրեական գործով առկա տեղեկություններով, ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը և ստորադաս մյուս անձինք պատերազմ սկսելու մասին տեղեկություն չեն ունեցել, քանի որ ԳՇ պետի տված կարգադրությունը վերաբերել է հակառակորդի հնարավոր սադրիչ գործողությունները կանխելուն, դրանց դիմագրավելուն, ոչ թե հարձակմանը: Սադրիչ գործողությունը հակառակորդի լայնածավալ հարձակումը չէ:

Բայց կուտակումներ եղել են, չէ՞, նկատվել են, արձանագրվել են:

– Կուտակումները տեղի են ունեցել ոչ թե սեպտեմբերի 25-ին, այլ այդ զորամիավորումները, որոնք, ըստ էության, հարձակումը սկսել են, դրանք տեղակայված են եղել այդ տարածքում 2020 թվականի հուլիս ամսից՝ տավուշյան դեպքերից հետո: Այսինքն, հուլիս-օգոստոս ամիսներին այդ խմբավորումներն արդեն այդտեղ տեղակայված էին: Ադրբեջանը մոբիլիզացիա, զորակոչ է արել՝ սկսած հուլիս ամսից:

– Կրկնեմ հարցս՝ սեպտեմբերի 26-ի խնջույքի մասին Ջալալ Հարությունյանն իմացե՞լ է:

– Սեպտեմբերի 26-ի խնջույքին Ջալալ Հարությունյանն անձամբ հրավիրված է   եղել իր տեղակալների հետ, սակայն խնջույքին չի մասնակցել՝ ըստ եղած ապացույցների: Բայց կրկնում եմ՝ խնջույքի մասին տեղեկացված է եղել, հակառակ պարագայում որևէ պաշտպանական շրջանի հրամանատար ինքնագլուխ, առանց ՊԲ հրամանատարի գիտության խնջույք չէր կազմակերպի: Այդ օրը, որ խնջույք են կազմակերպել, ընդամենը եղել է առօրյա ծառայություն՝ զգոնության բարձրացման վիճակում: Այսինքն, եթե խնջույք չկազմակերպեին, սպաները կարող էին տուն գնալ կամ ցանկացած այլ տեղ:

Հ.Գ. 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը՝ հարցին, թե ինչո՞ւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին իր անոնս արված հարցազրույցը եթեր չգնաց, պատասխանել էր.

«Ադրբեջանը պատրաստվում էր 2 օր անց պատերազմ սկսել, և, բնականաբար, տեղեկատվական պատերազմը պետք է ակտիվանար, այն երբևէ չի էլ դադարել հակամարտության օրերի ընթացքում»:

Իսկ 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, հաղորդավարի հարցին՝ դուք ե՞րբ իմացաք, որ սկսվել է պատերազմ, ասել էր.

«Ես իմացել եմ ամսի 27-ի առավոտյան, ինչպես բոլոր ժողովուրդը»:

Հակադարձմանը՝ դուք պետական գաղտնիքի կրող եք, տեղյակ չե՞ն պահել նախօրոք, Բաբայանը բացասական պատասխան էր տվել:

«Տեղյակ չեն պահել: Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»,- ասել էր նա։

Եվ ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանը արձագանքել է՝ «երևի, բա էլ ո՞ւմ»:

Տեսանյութեր

Լրահոս