«Եթե Ադրբեջանը փորձի կտրել Սյունիքը, Իրանը կարող է մտնել Արցախի տարածք կամ Նախիջևան». Հարութ Արթին Առաքելյան

«Հիմա Սիրիայի հարցն ավելի մեծ կարևորություն ունի տարածաշրջանում, որովհետև Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունը դոմինոյի էֆեկտով տանում է Իրան-Բահրեյն հարաբերությունների շտկման, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների բարելավման: Իրանը փոխեց Սիրիայում իր դեսպանին, իսկ Սիրիայի դեսպանին տեղափոխեց Հայաստան: Ինչ-որ քաղաքական կուրս է փոխվում Սիրիայում, և Իրանը փորձում է ներկայություն ունենալ, որովհետև Սիրիան սահմանակից լինելով Իսրայելի հետ՝ Իրանի համար շատ կարևոր դիրք է: Եթե Իսրայելը փորձում է Ադրբեջանում և Արցախի գրավյալ տարածքներում կենտրոնանալ, կուտակվել Իրանի սահմաններին, Իրանը փորձելու է նաև Սիրիայում Իսրայելի սահմանին ավելի մեծ ներկայություն ունենալ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ ընդգծելով, որ օրերս տեղի է ունենալու քառակողմ հանդիպում Մոսկվայում, որտեղ նաև Իրանն է հրավիրված, Սիրիայի և Թուրքիայի հարցը կարգավորելու համար:

Ըստ նրա՝ Միջին Արևելքում տեղի ունեցողը թիթեռի էֆեկտով տեղի է ունենում նաև Կովկասում. «Եթե ինչ-որ բան պետք է Կովկասում շտկվի, նախապես պետք է շտկվի Միջին Արևելքում, ու հենց այդ պատճառով Իրանը կենտրոնացած է Միջին Արևելքում արաբական երկրների հետ իր խնդիրները լուծելու, իր ազդեցությունն ամրագրելու վրա: Դրանից հետո շատ փոփոխություններ կարող են նաև Կովկասում տեղի ունենալ: ԱՄՆ-ը դուրս է գալիս Միջին Արևելքից, բայց ոչ այն պատճառով, որ պարտվել է, այլ այս պահին չի ցանկանում, որ Միջին Արևելքի խաղաղության համար ինքը ծախսեր անի:

Նա ասում է՝ ում պետք է այս տարածաշրջանում խաղաղություն, թող ինքն էլ գա՝ ծախսը անի: ԱՄՆ-ը միայն Իրաքում 7 տրիլիոն դոլար ծախսել է: Դա մեծ գումար է, որն ազդում է իրենց բյուջեի վրա: Հիմա մեծ քանակի զենք և փող են ներարկում Ուկրաինային, հետևաբար՝ ինքը չի էլ ցանկանում Միջին Արևելքի խաղաղության վրա ծախս անել: Միջին Արևելքի ռեսուրսների խիստ անհրաժեշտություն այս պահին Չինաստանն ունի, դրա համար Չինաստանը փորձում է ներգրավվել տարածաշրջանի հարցերին: Մենք տեսանք Իրան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական ցունամին, երբ որևէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այս պահին այսպես արագ կհասնեն համաձայնության, դրան զուգահեռ՝ արդեն Բահրեյնի հարցն է լուծվում Իրանի հետ, Էմիրաթների հարցն է լուծվում, Սաուդյան Արաբիան է Իրանում ներդրումներ կատարելու մտադրություններ հայտնել:

Կարդացեք նաև

Սա բազմաբևեռ աշխարհի առկայությունն է, որտեղ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան այլևս միայն նավթ վաճառող չէ. Չինաստանն իրեն առաջարկներ է անում խելացի քաղաքներ ստեղծելու, գործարանների ուղղությամբ ներդրումներ կատարելու վերաբերյալ, ու Սաուդյան Արաբիան արդեն փորձում է նաև իր բոլոր հնարավորություններն ԱՄՆ զամբյուղի մեջ չդնել»:

Նա նշեց, որ Իրանում էլ են խոսում Իրանի դեմ հնարավոր մեծ պատերազմի մասին, և վերլուծությունները հանգում են նրան, որ եթե պետք է լինի պատերազմ, ապա դա պետք է լինի կարճատև և հուժկու. «Իրանն ունի ռազմավարական խորություն, այնպես չէ, որ իր աշխարհագրությամբ հեշտ է խոցել Իրանին: Իրանի պատասխան հարվածները կարող են լինել Սիրիայում, Լիբանանում, Եմենում, որտեղ նա իր պրոքսի ուժերն ունի: Իրանի շուրջ պոտենցիալ պատերազմն առկա է, բայց այնպես էլ չի, որ Իրանը սահմանափակվել է իր սահմաններն անվտանգ պահելով, նա իր սահմաններից դուրս է իր անվտանգությունը պահպանում»:

Դիտարկմանը՝ շատ է քննարկվում, որ Ադրբեջանը կարող է դառնալ պլացդարմ՝ Իրանին հարվածելու համար, նա այսպես արձագանքեց. «Ալիևի իշխանությունը խարխուլ է. այս պահին Ալիևն էլ անհրաժեշտություն ունի ինչ-որ քայլի դիմելու՝ հենց իր ներքին լսարանի մոտ արդարանալու համար: Ադրբեջանի հասարակությունն Ալիևին ասում է՝ դու ասում էիր, որ մեր հակառակորդ Հայաստանը թույլ է, մենք հաղթել ենք, բայց իրականում Արցախն ամբողջությամբ չեն վերահսկում, այնտեղ կա ռուսական գործոնը, ակտիվանում է իրանական գործոնը: Ադրբեջանի հասարակությունն ընդդիմանում է Ալիևին: Հետևաբար, այս պահին, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, Ալիևի համար հարմար առիթ է, որ օգտագործի ուժի գործոնը: Բայց Ալիևը միայնակ չի աշխատում. Նա աշխատում է նաև տարածաշրջանում իսրայելական համատեքստում: Իսրայելին անհրաժեշտ է, որ Իրանին հեռու պահի միջուկային զենք ստեղծելուց: Դրա համար կարող են Ադրբեջանի կողմից դեպի Իրան առաջին կրակոցը կատարել ոչ թե ադրբեջանցիք, այլ իսրայելցիք:

Իրանում այս պահին Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի հարցը քննակվում է ոչ թե Անվտանգության խորհրդում կամ ԱԳՆ-ում, այլ Իրանի Գլխավոր շտաբին է դա հանձնարարվել, այսինքն՝ մակարդակը բարձրացել է: Այդտեղ կա Իսրայելի լուրջ գործոնը: Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում ևս մեկ անգամ Իրանի դիրքորոշումը հայտարարեց, որն իր մեջ շատ կարևոր տերմին է պարունակում. Իրենք դեմ են Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բալանսի խախտմանը: Հիմա Հայաստանում շատերը խոսում են, որ՝ դե ինչ է եղել, եթե Ադրբեջանը ճանապարհ է ուզում, դա տանք, սուվերենությունը պահպանենք և պատերազմի վտանգը հեռացնենք, բայց եթե դու տալիս ես այդ ճանապարհը, դա նաև գեոպոլիտիկ բալանսը խախտում է տարածաշրջանում»:

Նրա խոսքով՝ Հայաստանի հարցով Իրանը երկու պլան է կանխատեսում. «Մեկը այն, որ ադրբեջանական կողմը բլից կրիգով միանգամից կտրում է Սյունիքը, երկրորդ՝ Հայաստանը համաձայնում է ճանապարհներ տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին, այսինքն՝ թուրանական միջանցքը ստեղծվում է: Այս երկուսն էլ Իրանի համար անընդունելի են, որովհետև տարածաշրջանում գեոպոլիտիկ բալանսը խախտվում է: Առաջին սցենարի դեպքում, եթե կայծակնային հարձակում տեղի ունենա, Իրանը նույն կերպ պատասխանելու է: Եթե նման հարձակում տեղի ունենա, և փորձեն Սյունիքը կտրել, իրենք էլ կարող են Նախիջևան մտնել կամ մտնեն Արցախի գրավյալ տարածքներ և կտրել միջանցքի առկայությունը: Բայց Իրանը մտահոգ է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանին տալ այդ ճանապարհը, որովհետև այդ դեպքում Իրանի ձեռքերը կապվում են: Այդ ժամանակ մենք կկորցնենք նաև Իրանի դաշնակցությունը մեզ հետ: Եթե, օրինակ, այդ ճանապարհը տալուց տարիներ հետո, լավ ճանաչելով թուրքերին, մեզ հետ ինչ-որ բան լինի, Իրանը դա հիշեցնելու է ու լռի, փորձելու է համակերպվել տարածաշրջանային փոփոխությունների հետ»:

Նա հավելեց, որ պատերազմի վտանգը ոչ միայն Հայաստանի պարագայում, այլև ամբողջ տարածաշրջանում շատ մեծ է. «Սա եռացող կաթսա է: Մենք եռման կետում ենք, որը մի օր կարող է պայթել Արևմուտքի կամ Իսրայելի հրահրմամբ, և կարող են կողմերը նահանջել, որ այս ամենը խաղաղվի: Դրա համար պատերազմի վտանգ կա, բայց կարող են տարածաշրջանի մեծ երկրները փորձել դա սառեցնել՝ 3+3 ձևաչափի իրագործմամբ, որն ի սկզբանե եղել է Իրանի առաջարկը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս