Փաշինյանի՝ քաղաքական, իսկ գեներալների՝ ռազմական պատասխանների ժամանակը

Մամուլում տեղեկություններ կան, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու համար պատասխանատվության ենթարկելու մասին իշխանությունների նախագիծը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, և չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողով «հարցաքննության» չներկայանալը դիտվի քրեորեն պատժելի արարք:
Ամենայն հավանականությամբ, ապրիլին նախագիծը կդրվի շրջանառության մեջ:

Իշխանությունները փորձում են ճնշման գործիք ստեղծել 2020 թվականի պատերազմի դրվագներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի օբյեկտիվությունը կասկածի տակ դնողների և այդ հիմնավորմամբ քննիչ հանձնաժողովի հրավերը մերժողների նկատմամբ: Այնինչ, գուցե ճիշտ կլիներ, որ դրա փոխարեն իշխանությունները մտածեն հրավերը մերժելու պատճառները վերացնելու մասին:

Այսինքն, 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված բազմաթիվ քրեական գործերի առկայության պայմաններում այս իշխանությունը, որն իր ձեռքում է կենտրոնացրել քննչական և օպերատիվ-հետախուզական բոլոր լծակները և ունի բոլոր հնարավորությունները 44-օրյա պատերազմի բազմաթիվ մութ դրվագների վրա լույս սփռելու, ստեղծել է քննիչ հանձնաժողով, որն ավելի շատ ընդդիմության դեմ նախատեսված գործիք է: Ակնհայտ է, որ նպատակը ոչ թե օբյեկտիվ իրականության բացահայտումն է, այլ՝ կապիտուլյացիայի համար մեղավորությունն այլոց վրա գցելն է, մասնավորապես՝ բանակի, և ոչ երբեք՝ պատերազմը որպես գլխավոր հրամանատար ղեկավարած և պարտված անձի ու քաղաքական ղեկավարության վրա:

ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 168.am-ի հետ հարցազրույցում հստակ նշել է , որ շատ հետաքրքրված է և շահագրգռված, որ արդար, անկողմնակալ վերլուծություն լինի, վեր հանվեն բոլոր խնդիրները, թերությունները, ինչո՞ւ չէ՝ դրական կողմերը, և դրանք ըստ ուղղությունների խնդրավորվեն, որոնք կարելի է հանրայնացնել՝ հետագա անելիքները ճշտելու համար:

Կարդացեք նաև

«Բայց պարզ ուսումնասիրությունները, էլ չեմ ասում՝ խորը վերլուծությունները ցույց են տալիս, որ այդպիսի բան այդ հանձնաժողովի կողմից ոչ միայն չի իրականանում, այլ չի կարող իրականացվել: Իրենք ի վիճակի չեն իրենց սխալները հասկանալ:

Գլխավոր հարցը, որ ինձ անհանգստացնում է, դա է: Իրենք իրենց սխալները ոչ միայն չեն կարող հասկանալ, այլ նաև կամակատար են ինչ-որ թիմի, անձանց, պատվերներ են իրականացնում, ուղղորդված գործընթաց է կազմակերպված, դրա համար ես չեմ գնալու»,- շեշտել է գեներալը:

Այլ կերպ ասած՝ պատերազմի արդյունքներին առերեսվել-չառերեսվելու, կամ պատերազմական դրվագների հետ կապված հարցաքննվել-չհարցաքննվելու խնդիր չկա:

Օրինակ, 2022 թվականի հուլիսին 168.am-ի հետ հարցազրույցում ասել էր , որ քննչական վարչությունում շատ հարցերի պարզաբանումներ են տալիս, «որովհետև ինչ-որ գործի հետ կապված նյութը, որը պետք է ընթացք ստանա, դրան պետք է ծանոթ լինեն փաստաբանները, և այդ առումով որոշակի օբյեկտիվություն կարող է լինել»:

Այստեղ այլ խնդիր էլ կա՝ որքանո՞վ է իշխանությունն անկողմնակալ և արդար լինելու նաև հրավիրյալների ընտրության հարցում, և արդյո՞ք քննիչ հանձնաժողով հրավիրվելու են 44-օրյա պատերազմի ընթացքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեցած, այդ օրերին Արցախում, հրամանատարական կետում եղած Փաշինյանի կինը, թիմակիցները (Տիգրան Ավինյան, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան), պաշտոնատար և ոչ պաշտոնատար այլ անձինք:

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հրավիրվելո՞ւ է 44-օրյա քննիչ հանձնաժողով՝ պատմելու, թե ինչ է տեսել, լսել հրամանատարական կետում, ինչո՞վ է աջակցել փորձառու գեներալներին, արդյո՞ք նրանք բարոյահոգեբանական աջակցության կարիք ունեցել են, և, ի վերջո, ուներ ռազմական գործող օրենքների առումով պատերազմի թեժ պահերին հրամանատարական կետում լինելու իրավունք:

Փաշինյանի ընտանիքը և 44-օրյա պատերազմը

Երկրորդ, Աննա Հակոբյանը չպե՞տք է պատմի՝ 2020 հոկտեմբերի 6-ին՝ հայտնի օպերացիայի մշակման օրերին, ինչո՞ւ էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դռան հակառակ կողմից սպասում  Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին, ի՞նչ էին նրանք ծրագրում:

Երրորդ, 2020-ի հոկտեմբերի 26-ին Աննա Հակոբյանը նոր-նոր գրառում էր արել , որ 13 հոգանոց կանանց ջոկատով պատրաստվում են զինվորական պարապմունքներ անցնել, այնուհետև դրանից 10 օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 6-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր՝ «Էրատո» անունը ստացած ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։

Սակայն մինչ օրս հայտնի չէ՝ «Էրատո» ջոկատը որտե՞ղ է մասնակցել թեժ մարտերի, արդյոք մասնակցե՞լ է Շուշիի մարտերին և փորձե՞լ է փրկել բերդաքաղաքը, և երբ արդեն ստորագրված էր կապիտուլյացիոն փաստաթուղթը, 2020-ի նոյեմբերի 10-ին այդ ո՞ր դիրքերը չէր շտապում լքել Աննա Հակոբյանը՝ իր ջոկատի հետ:
Իհարկե, Աշոտ Փաշինյանը ևս կարող է ինչ-որ բաներ պատմել  քննիչ հանձնաժողովին, որ freenews.am-ին տված հարցազրույցում՝ խոսելով նահանջների մասին՝ շեշտել էր.
«Մահը պատերազմի բոլոր պարագաներում կա, մնացած ամեն ինչը բոլոր պարագաներում կա, բայց միակ բանը, որը ոչ միշտ է լինում, դա հայրենիքի կորուստն է՝ կա՛մ կկորցնես, կա՛մ՝ չէ: Ամեն մի նահանջը քո համար մի նոր հարված է, որը կարող էր ուրիշ ձև լինել»:

Արգիշտի Քյարամյանը և 44-օրյա պատերազմը

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին Անդրանիկ Քոչարյանը չի՞ պատրաստվում հրավիրել 2020 թվականի պատերազմի դրվագներն ուսումնասիրող հանձնաժողով:
2020թ. պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, մինչև հոկտեմբերի 8-ը Արգիշտի Քյարամյանը եղել է ԱԱԾ տնօրեն, այդ պաշտոնին նա նշանակվել էր 2020-ի հունիսի 8-ին, որից մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը: Իսկ 44-օրյա պատերազմի 3-րդ օրն է նա մեկնել  Արցախ:

Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից:

Իսկ հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո այդ ժամանակ որևէ պաշտոն չզբաղեցնող Քյարամյանը շարունակել է մնալ Արցախում:

«Ես որոշել և Արցախ եմ մեկնել պատերազմի 3-րդ օրը, շուրջ 8-9 օր եղել եմ Արցախում՝ որպես ԱԱԾ տնօրեն: Բավականին բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորություններն Արցախից կատարելը, այնուամենայնիվ, ես նպատակահարմար գտա մնալ Արցախում: Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն, հետո հասկացել եմ, որ եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրը ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Ւսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն եմ ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ, տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»,- 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր այդ պահին դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը՝ նշելով, որ եղել է նաև Շուշիում՝ աշխարհազորի կազմում, որտեղից, ինչպես նաև Ստեփանակերտից դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ինչը հետո հաստատել էր Սեյրան Օհանյանը:

Ի դեպ, պատերազմի ժամանակ Արգիշտի Քյարամյանի դերակատարման մասին 168.am-ը հարցում էր ուղարկել ՔԿ այն բանից հետո, երբ նա հրահանգել էր քննիչներին բացահայտել պարտության պատճառ դարձած անձանց և հանգամանքները:

Սակայն Շուշիի և հակահարվածի օպերացիայի գործով իր հարցաքննվել-չհարցաքննվելու մասին տեղեկությունը Քյարամյանը համարել էր հրապարակման ոչ ենթակա:

Սամվել Բաբայանը, 44-օրյա պատերազմը և քննիչ հանձնաժողովի խաղի կանոնները

Հետաքրքիր է իմանալ նաև՝ պատերազմի օրերին Արցախի ԱԽ քարտուղար աշխատած, ռազմական օպերացիայի հեղինակ, խորհրդատվական լիազորություն իրականացրած և գրեթե մշտապես հրամանատարական կետում եղած Սամվել Բաբայանը հրավիրվելո՞ւ է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, որին, ի դեպ, առաջարկել էին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ՊԲ նախկին հրամանատարը սկզբում համաձայնել էր, ապա հրաժարվել՝ ասելով, որ խաղի կանոններ են փոխվել:

«Մինչև դա մենք պայմանավորվել էինք, ես ներկայացրել էի, որ նախարարությունում մի փոխնախարար լինի, որ ամբողջ փաստաթղթերը ներկայացնեն, որոնք մեզ՝ հանձնաժողովին, պետք են գալու: Սկզբում համաձայն են եղել, հետո, երբ եկել է ռեալ պրակտիկ փուլը, հրաժարվել են դրանից, թե մենք պիտի մեր ուզած ձևով անենք, ես էլ ասել եմ՝ էդ դեպքում չեմ մասնակցում: Այսքանը, հատուկ մեծ բան չի եղել: Այսինքն, արխիվային փաստաթղթեր՝ ինչ որոշումներ, հրամաններ են եղել, պիտի էդ թիմը լինի, որ ասեմ՝ քեզ վստահում եմ, դու պետք է վերցնես և կարողանաս էն թղթերը, որ պետք է, տաս: Եթե դուք ձեր ուզած մարդուն եք դնում և ձևակերպում՝ մեր մարդը, էդ դեպքում ես անելիք չունեմ էդտեղ: Սա է իրական պատճառը,- հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում մանրամասնել էր Սամվել Բաբայանը և հավելել,- Ես չեմ կարող, երբ վստահ չեմ, մտնեմ էդ հանձնաժողովի մեջ և իրականացնեմ ինչ-որ մարդկանց ցանկություններ»:

Անդրանիկ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի պատերազմական պատասխանների ժամանակը

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Փաշինյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանձնաժողով, իսկ Ապրիլյան հանձնաժողով ընդդիմադիր Փաշինյանին կանչելը, ով հայտարարել էր, թե Քառօրյան հրահրված էր Ռուսաստանի կողմից, նպատակահարմար չէր համարվել՝ պատճառաբանությամբ, որ այդ ժամանակաշրջանում նա չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար:

Մինչդեռ այսօր Անդրանիկ Քոչարյանը ցանկանում է, օրինակ, պատասխանատվության ենթարկել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, ով մերժել է հանձնաժողովի հարցերին պատասխանելու հրավերը:

Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո հայտարարել էր, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը սկսում է 0 կետից կամ իր կետից: Այսինքն, հրաժարվում է նախկին իշխանությունների թողած բանակցային ժառանգությունից և դիվանագիտական ինչ-ինչ ձեռքբերումներից:

Ավելին, պատերազմի ավարտից և նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ կարող էր կանխել պատերազմը, իհարկե, կունենայինք այսօրվա իրավիճակը, բայց առանց զոհերի: Սա մանիպուլյացիա՞ է, իհարկե, քանի որ Հադրութը, Շուշին և այլ տարածքներ հայկական կողմի վերահսկողության տակ էին մնալու:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողով գալու դեպքում, քննարկման առարկա կդառնա՞ն գաղտնիության տարրեր պարունակող և ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանների և օպերացիաների մասին նրա հայտարարության ազդեցությունը պատերազմի ընթացքի, ելքի, թշնամու հաջողությունների վրա:

Քննիչ հանձնաժողովում որպես պատասխանող, թերևս, պետք է լինի և՛ Անդրանիկ Քոչարյանը, և՛ հատկապես նրա ղեկավարած հանձնաժողովում այսօր փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմի օրերին՝ որպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, պատասխանատու է եղել պատերազմից ստացվող տեղեկատվության փոխանցման համար:

Այս համատեքստում հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարել էր, որ դրա սկսման մասին իմացել է առնվազն սեպտեմբերի 25-ին, իսկ Անդրանիկ Քոչարյանն էլ 2022-ին լրագրողներին ասել էր, որ «մինչև սեպտեմբերի 26-ը որոշում չի եղել զորքերը զորանոցային վիճակից դուրս բերելու»:

Այսինքն, սա հաստատումն է՝ բազմաթիվ բաց փաստերի հիման վրա 168.am-ի ուսումնասիրության, որ պատերազմի օրը ՊԲ-ն պատշաճ պատրաստ չի եղել, զորքն ամբողջովին պաշտպանության անցած չի եղել, զինվորները կարևոր հատվածներում զորամասերում են դիմավորել պատերազմի առաջին րոպեները, իսկ ՊԲ ղեկավարներից և հրամանատարներից պատերազմի առաջին օրվա առավոտը տանից և արձակուրդից են հետ կանչվել:

Այս համատեքստում, ըստ էության, տեղին կլինի հիշեցնել նաև 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը, որի ժամանակ հարցին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝

Անդրանիկ Քոչարյանը կոշտ պատասխանել  էր.
«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:

Այսինքն, «Իսկանդերի» կիրառման ժամանակը որոշողը Նիկոլ Փաշինյանն է եղել, տրամաբանական է, որ որոշողը միայն բանակի ղեկավարությունը չէ:

Երկրորդ՝ Անդրանիկ Քոչարյանը պատերազմի առնվազն սկզբում վստահել է զինվորականներին:

Թերևս, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս ասելիք կունենա 44-օրյա պատերազմի համատեքստում, քանի որ պատերազմի օրերին, ըստ տարբեր տեղեկությունների, նա եղել է Արցախում:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատումից մեկ օր առաջ, Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել , որտեղ տեղեկացնում էր, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության բուժհաստատություններ:

Ավելին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել էր 2020 թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստին՝ չլինելով ԱԽ խորհրդի անդամ: Նա այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր:

Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրված անձինք ներկա են գտնվում միայն իրենց վերաբերող հարցերի քննարկմանը` բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է գտել, որ իր վստահելի թիմակից Սուրեն Պապիկյանը մասնակցի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին:

Հիշեցնենք, որ սա այն հայտնի նիստն է, որի ժամանակ, ըստ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ինքն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, ինչն ԱԽ-ն հերքել էր և Գասպարյանի այդ օրվա զեկույցից արձանագրված որոշ հատվածներ ընտրողաբար հրապարակել:

Խորհրդարանական ընդդիմությունը և 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը. Շարունակե՞լ մնալ պատերից դուրս

Վերադառնանք 44-օրյա քննիչ հանձնաժողով գնալ չպատրաստվողներին և խորհրդարանական ընդդիմությանը, որոնք որոշեցին չմասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին:

Նախ՝ «Արդյո՞ք Օնիկ Գասպարյանն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով գնալուց առաջ Սերժ Սարգսյանի օրինակով պահանջել է ձայնագրությունը և գնդակը նետել Փաշինյանի դաշտ» խորագրով հոդվածում  168.am-ը գրել էր, որ ճիշտ է և՛ 2 անգամ հանձնաժողով գնացած ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, և՛ այսօրվա պայմաններում գնալու մտադրություն չունեցող ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Այլ հարց է, որ Օնիկ Գասպարյանն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով գնալուց առաջ Սերժ Սարգսյանի օրինակով պետք է պահանջած լինի հանդիպման ձայնագրությունը, և որոշակի փուլում թույլատրելի սահմանում իշխանությունների կողմից հրապարակ նետված հարցերին հրապարակավ պատասխանի: Այսինքն, հաշվետու լինի ոչ միայն ՔՊ-ին, իշխանություններին, այլ նաև հանրությանը:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն Առաջին ալիքի եթերում ընթերցել է  168.am-ին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի տված հարցազրույցից մի հատված, որը վերաբերում է ռազմական նախկին ղեկավարների՝ հանրությանը հաշվետու լինելուն, և մեկնաբանել, թե ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, հասարակության քվեով կազմավորվել է այսօրվա խորհրդարանի կազմը:

Իսկ ըստ Քոչարյանի տրամաբանության՝ նրանք, ովքեր քվեարկության չե՞ն գնացել, կամ չեն ընտրել այսօրվա քաղաքական մեծամասնությանը, նրանց չպե՞տք է հաշվետու լինել: Երկրորդ՝ նա մոռանում է, որ մինչ օրս հանրությանը հասանելի չէ Ապրիլյան պատերազմին վերաբերող զեկույցի գոնե թույլատրելի հատվածը, և, որ 44-օրյա պատերազմին վերաբերող զեկույցին էլ հետագայում նույն ճակատագիրն է սպասվում:

Այո, ռազմական ղեկավարությունը պետք է հաշվետու լինի հանրությանը, բայց նաև քաղաքական ղեկավարությունը, քանի որ պատերազմը պետությունն է վարում, և իշխանությանը չընտրած շատ քաղաքացիների որդիներ են զոհվել այս պատերազմում:

Իշխանություններն էլ ակնարկում են՝ թող խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, փակ քննարկումներին: Սա, թերևս, երկար քննարկման թեմա է, այսինքն, դարձյալ քննարկելի է՝ արդյո՞ք ընդդիմության չմասնակցելը միանշանակ ճիշտ որոշում է: Գուցե՝ ոչ, բայց գուցե՝ այո:

2021 թվականի սեպտեմբերի 24-ին Այլընտրանքային նախագծեր խմբից Վահե Հովհաննիսյանն իր՝ «Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով» վերտառությամբ հոդվածում հետևյալ նման միտքն էր արտահայտել.
«Իշխանությունը օբյեկտիվորեն՝ տեխնիկական կողմում, ուժեղ է. նա ԱԺ-ում մեծամասնություն է։ Պարզվեց, որ ավելի ճկուն է և արագ է որոշումներ կայացնում։

Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։ Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։

Դրա համար պետք է գտնել ճիշտ բովանդակային ձևակերպումներ, որոնք հասարակությանը կներքաշեն պրոցեսի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս