Պատերազմի օրերին Սուրեն Պապիկյանի դերակատարման մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստին՝ չլինելով ԱԽ խորհրդի անդամ:
Նա այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր:
Նշենք, որ ըստ ԱԽ աշխատակարգի, ՀՀ վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված անձանց մասնակցությունն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` համագործակցելով ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի իրավասու պաշտոնատար անձանց հետ:
Իսկ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրված անձինք ներկա են գտնվում միայն իրենց վերաբերող հարցերի քննարկմանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է գտել, որ իր վստահելի թիմակից Սուրեն Պապիկյանը մասնակցի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին:
Հիշեցնենք, որ սա այն հայտնի նիստն է, որի ժամանակ, ըստ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ինքն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, ինչը ԱԽ-ն հերքել էր և Գասպարյանի այդ օրվա զեկույցից արձանագրված որոշ հատվածներ ընտրողաբար հրապարակել:
«Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…», հավելելով. «…Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…», եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»»,- նշված էր ԱԽ պատասխան պարզաբանման մեջ:
Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել ԱԽ այդ օրվա նիստի ընթացքում ՀՀ նախագահի և իր ելույթի ձայնագրությունը, որն այդպես էլ չարվեց: Իսկ Սուրեն Պապիկյանը, բնականաբար, գիտի ամբողջ եղելությունը:
Մամուլում շրջանառվող տարբեր տեղեկությունների համաձայն, որոնց անդրադարձել են քաղաքական տարբեր գործիչներ, Սուրեն Պապիկյանը պատերազմի օրերին ևս եղել է հրամանատարական կետում, ՊԲ արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի «հյուրը»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հարցին՝ «Դուք տեսե՞լ եք բունկերում Սուրեն Պապիկյանին», պատասխանել էր, թե չի տեսել, հետո հավելել. «Մի ինչ-որ ժամանակ մտել ու դուրս է եկել, ինքը շատ երկար ժամանակ եղել է Արցախում» և «կանոնակարգել է կառավարության գործունեությունը Արցախում»:
Մովսես Հակոբյանը, ըստ էության, հաստատում է շրջանառվող տեղեկությունը, որի մասին, չգիտես ինչու, շատերը չեն խոսում, շրջանցում են:
Իսկ թե ի՞նչ ասել է՝ «կանոնակարգել ՀՀ կառավարության գործունեությունը Արցախում», և քանի՞ անգամ է Սուրեն Պապիկյանը եղել հրամանատարական կետում և ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ, 168.am-ն այս առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել ՊՆ-ին և պատասխանը ստանալուն պես կհրապարակի:
Իսկ մինչ այդ հավելենք, որ 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատումից մեկ օր առաջ, Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեղեկացնում էր, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության բուժհաստատություններ:
Հնարավոր է, որ նա Արցախում է եղել հայտնի օպերացիայի մշակման օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արցախ և այցելել հրամանատարական կետ:
Ի դեպ, Մովսես Հակոբյանը Սուրեն Պապիկյանին համարում է Փաշինյանի թիմի ամենաադեկվատ անդամը, և դրանում, հնարավոր է՝ Մովսես Հակոբյանը համոզվել է պատերազմի օրերին իրենց զրույցների ժամանակ:
Մի բան հստակ է՝ Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ պաշտոնին նշանակումը ևս հաշվարկված քայլ էր Նիկոլ Փաշինյանի կողմից:
Նա, այսպես ասած, իրեն հետաքրքրող հարցերում բանից անտեղյակ կամ ոչ առանցքային ֆիգուրի չէր նշանակի այս պաշտոնին, երբ դեռ պատերազմի հանգամանքները բացահայտելու խնդիր կա: