Աշոտ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին պատմելու բան չունի՞

2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրեց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան:

Այդ տարվա ամռանը զորացրված Աշոտ Փաշինյանն անմիջապես հետևեց հոր կոչին և նույն օրը հավաքակայանից լուսանկար հրապարակեց: 

Իսկ 2020-ի հոկտեմբերի 8-ին տարածվեց «Զինուժի» ռեպորտաժը Աշոտ Փաշինյանի՝ կամավոր պատերազմ մեկնելու մասին:

Ի դեպ, միգուցե «Զինուժի» տեսանյութն ավելի վաղ էր պատրաստված, պարզապես այդ օրը շրջանառեցին, այլապես ինչպես էր հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար հրապարակում` թվագրված և նշված 5.10.2020թ., Ստեփանակերտ, որտեղ երևում է նաև Փաշինյանի տղան՝ Աշոտը:

Նշենք, որ այս լուսանկարը և գրառումը Աննա Հակոբյանն ավելի ուշ հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից:

Իսկ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ «Զինուժի» տեսանյութում երևում էր փոխգնդապետի կոչումով հրամանատար Աշոտ (Արշալույս) Չոբանյանը, ով 22 տարի ծառայությունից հետո թոշակի էր անցել, բայց պատերազմը սկսելուց մեկնել էր առաջնագիծ: Հրամանատարը պատերազմից հետ չեկավ:

 

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, նրա հիշատակի օրն էր։

Մամուլում նշում են հոկտեմբերի 14, 15, սակայն ընտանիքը հայտնում է, որ հրամանատար Աշոտ Չոբանյանի զոհվելու օրը հոկտեմբերի 13-ն է: Եվ նրա, և մյուս լավագույն հրամանատարների զոհվելու հանգամանքների մանրամասները դեռ «ջրի երես» դուրս կգան, ուստի շրջանառված խոսակցությունների մակարդակով չենք անդրադառնա այդ թեմային:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 13-ին Աննա Հակոբյանն այսպիսի մի գրառում էր կատարել.

«Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի։

Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոնց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայփայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։

Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ-քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։

Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։

Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է։

Բայց մենք ո՛չ հայրենիք և ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։

Հայ ժողովուրդը այլևս երբե՛ք չի ցեղասպանվելու։

Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու»:

Ի դեպ, անցած տարի մայիսին Դավթաշեն վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմի օրերին որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առաջնագծից ոչ ոք չի էվակուացրել, եղել է նահանջ:

«Հիմա էլ եկել են, ասում են՝ 1800 զոհ են տվել, որ վարչապետի որդուն էվակուացնեն: Վարչապետի որդուն ոչ ոք չի էվակուացրել, վարչապետի որդին իր ստորաբաժանումների հետ նահանջել է, ինչպես մյուսները»,- շարունակել էր Փաշինյանը:

Այս հայտարարությունից առաջ ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ պատերազմի ժամանակ իր որդու եղած վայրում ամենաշատ զոհերն ենք տվել:

«Ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում՝ այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի մարդ է եղել՝ մարմիններով իրար կպած, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ զոհվողը պետք է լիներ այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- հայտարարել էր Փաշինյանը:

Իր հերթին պատերազմից հետո Աշոտ Փաշինյանը՝ freenews.am-ին տված հարցազրույցում՝ խոսելով նահանջների մասին, շեշտել էր.

«Մահը պատերազմի բոլոր պարագաներում կա, մնացած ամեն ինչը բոլոր պարագաներում կա, բայց միակ բանը, որը ոչ միշտ է լինում, դա հայրենիքի կորուստն է՝ կա՛մ կկորցնես, կա՛մ՝ չէ: Ամեն մի նահանջը քո համար մի նոր հարված է, որը կարող էր ուրիշ ձև լինել»:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 12-ին համացանցը և մեդիադաշտը բուռն քննարկեց իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառումը, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում ասվում էր.

«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի, հերոս ջան, ասեց՝ հերոսը Փաշինյանի տղեն ա, գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:

Նույնատիպ տեքստով գրառումներ ֆեյսբուքյան իրենց էջերին անմիջապես տեղադրեցին նաև իմքայլական այլ պատգամավորներ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:

Ավելի ուշ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ազգությամբ եզդի կամավորական Արմեն Հասանյանը վստահեցրել էր, թե իբր Աշոտ Փաշինյանն իր հետ Ջաբրայիլում է եղել և առաջին հարվածն էլ ընդունել է նրա ջոկը, ցավոք, զոհեր են ունեցել:

«Ինչքանով ես եմ տեղեկացված եղել՝ նրա առաջադրանքը եղել է հետախուզական աշխատանքներ իրականացնելը: Եվ երբ նրանց ուղարկել էին դիտակետ հետախուզական աշխատանքներ իրականացնելու, այդ ժամանակ հակառակորդը սկսեց իր հրթիռահրետանային զարկերն իրականացնել»,- շարունակել էր Հասանյանը և հավելել՝ Աշոտ Փաշինյանի հետ Երևանից մեկնած նույն ավտոբուսով սկզբում եղել են Կուբաթլիում, զորավարժանքներ են եղել, այնուհետ՝ Ջաբրայիլում:

Մոտ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակից Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից պնդեցին, որ Աշոտ Փաշինյանը պատերազմի ժամանակ թեժ կետերում է եղել:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի որդին պատերազմից և այդ թեժ կետերից շատ բան կունենա պատմելու և կպատմի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին, այդ թվում՝ ինչո՞ւ չէ՝ հրամանատար Աշոտ Չոբանյանի զոհվելու հանգամանքների մասին:

Իսկ մենք Աշոտ Չոբանյան հրամանատարի և զինվորականի մասին դեռ կպատմենք:

Տեսանյութեր

Լրահոս