Շուշիի և հակահարվածի օպերացիայի գործով իր հարցաքննվել-չհարցաքննվելու մասին տեղեկությունը Քյարամյանը համարել է հրապարակման ոչ ենթակա
Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոլեգիայի նիստում հրահանգել էր ուժերի գերլարումով աշխատել 2020 թվականի Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերի քննությունն արագացնելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար:
«Ձեր կատարած աշխատանքի արդյունքում պետք է վերջիվերջո բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք: Եվ դա ոչ միայն մեզ համար է կարևոր, ոչ միայն կառավարության համար է կարևոր կամ պետության, դա կարևոր է պատմության համար, դա կարևոր է մեր ազգի, մեր ժողովրդի համար: Կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, որպեսզի բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք»,- ասել էր Քյարամյանը և հավելել, որ, չնայած գործերի բարդությանը, չնայած շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնեն այս գործերի քննության հանգամանքում:
«Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն անսահման չէ, և այն ակնկալիքները, որ հանրությունն ու քննչական կոմիտեն ունեն այս գործերի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն: Այնպես որ, պետք է ուժերի գերլարումով աշխատենք: Այն բոլոր դրվագները, որոնք արդեն ավարտական տեսք ունեն, պետք է իրացվեն, բոլոր ուղղությունները, որոնք այս ընթացքում պարզաբանվել են, պետք է իրացվեն»,- ասել էր ՔԿ նախագահը:
168.am-ը՝ «Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Արգիշտի Քյարամյանը, կա՞ն նույն այդ Քյարամյանի ցուցակում» վերտառությամբ հոդվածում հիշեցրել էր գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և հենց իր մասնակցությունը կամ դերակատարումը 44-օրյա պատերազմին:
Այնուհետ հարցում ուղարկեցինք ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին՝ հետևյալ հարցադրումներով.
1. ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ո՞ր դրվագի մասով է նախաքննությունն ավարտել կամ մոտեցել ավարտին, արդյո՞ք հայտնի հակահարձակման օպերացիային առնչվող:
2. ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի ո՞ր դրվագի մասով է նախաքննությունն ավարտել կամ մոտեցել ավարտին, արդյո՞ք դա վերաբերում է Շուշիի պաշտպանությանը:
3. Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արդյո՞ք Շուշիի հետ կապված գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է՝ հաշվի առնելով, որ Շուշիում է եղել, իսկ այնտեղից էլ դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Շուշիի պաշտպանության գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է:
4. Արդյո՞ք Արգիշտի Քյարամյանը հարցաքննվել է հակահարվածի հայտնի օպերացիային առնչվող գործով, քանի որ Արցախում մասնակցել է դրա քննարկմանը, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, Փաշինյանը որևէ գործով կամ գործերով հարցաքննվե՞լ է, եթե հարցաքննվել է, ապա ի՞նչ գործով:
5. Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է 2020թ. 44-օրյա պատերազմին, տարբեր դրվագներով հարուցված քրեական գործերին և քննիչների առջև խնդիր դրել՝ չնայած գործերի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, ժամկետային որոշակի սահմանափակումներ դնել այս գործերի քննության հանգամանքում:
Ավելին, Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է՝ բացահայտել պատերազմում պարտության պատճառ դարձած հանգամանքներն ու անձանց: Այդ անձանց ցուցակում միայն զինվորականությո՞ւնն է, թե՞ նաև այլ բարձրաստիճան անձինք կան, օրինակ, գերագույն հրամանատարը, քանի որ պատերազմը վարում է պետությունը:
20 օր հետո ստացանք Քննչական կոմիտեի պատասխան գրությունը, որտեղ անպատասխան են թողնվել կարևոր հարցադրումները, և, ըստ էության, միայն «քոփի փասթ» են արվել Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքները և ուղարկվել:
«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում (այսուհետ՝ ՀԿԳ քննության վարչություն) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված բանակային հակահարվածի, ինչպես նաև՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին N զորամասի հրետանային դիվիզիոնի՝ դիվերսիոն հարձակման ենթարկվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին)՝ երկու դրվագով: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանի նկատմամբ 2022 թվականի օգոստոսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին): Նախաքննությունը շարունակվում է:
Ձեր հարցմամբ նշված առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ նախաքննության ներկա փուլում այն չի կարող տրամադրվել»,- նշված է ՔԿ գրության մեջ:
Նշենք, որ հունվարի 4-ին Արգիշտի Քյարամյանը Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի մեղադրանքների հետ կապված մեր առաջին 2 հարցերի համատեքստում Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր.
«Առանձին գործեր են դրանք՝ 2-ական դրվագով: ՊԲ նախկին հրամանատարների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել: Դրվագների մի մասով քննությունը լրիվ ավարտական փուլում է, իսկ մյուս մասով քննությունը դեռ շարունակվում է»:
Այնուհետ ՔԿ նախագահը շարունակել է. «Միքայել Արզումանյանի վերաբերյալ մի դրվագ կա, որն ավարտական փուլում է, և Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մի դրվագ կա, որը ևս ավարտական փուլում է»:
Այսինքն, Արգիշտի Քյարամյանը կամ նրա ղեկավարած կառույցը մեր հարցադրմանը՝ ՊԲ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքների ո՞ր դրվագի կամ դրվագների մասով է նախաքննությունն ավարտել կամ մոտեցել ավարտին, գոնե պետք է կրկներ այս պատասխանը, եթե վերը նշված հարցազրույցից մոտ 2 ամիս հետո նոր բան տեղի չի ունեցել, ինչը չի արվել:
Նշենք, որ Հանրայինի եթերում թեև չէին գաղտնազերծվել դրվագները, բայց ավելին են, քան մեզ ուղարկված ընդհանրական պատասխանները:
Ինչպես սա որակել՝ կողմնապահությո՞ւն, ոչ պատշաճ աշխատա՞նք, անփութությո՞ւն, թե՞…
Ինչ վերաբերում է անձամբ Արգիշտի Քյարամյանի դերակատարմանը 44-օրյա պատերազմում, ապա այդ հարցերի պատասխանները համարվել են նախաքննական տվյալներ պարունակող:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ մեր վերջին հարցադրումները չեն հաստատվում, բայց ոչ էլ հերքվում են:
Հիշեցնենք, որ 2020թ. պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, մինչև հոկտեմբերի 8-ը Արգիշտի Քյարամյանը եղել է ԱԱԾ տնօրեն, այդ պաշտոնին նա նշանակվել էր 2020-ի հունիսի 8-ին, որից մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը: Իսկ 44-օրյա պատերազմի 3-րդ օրն է նա մեկնել Արցախ:
«Ես որոշել և Արցախ եմ մեկնել պատերազմի 3-րդ օրը, շուրջ 8-9 օր եղել եմ Արցախում որպես ԱԱԾ տնօրեն: Բավականին բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորությունները Արցախից կատարելը, այնուամենայնիվ, ես նպատակահարմար գտա մնալ Արցախում»,- 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր այդ ժամանակ դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:
Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից:
Ինչպես նշեցինք, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկը հենց այս օպերացիային է վերաբերում, որը հաստատել է Նիկոլ Փաշինյանը, և որի քննարկմանը ներկա է եղել Քյարամյանը:
Հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո արդեն ՔԿ նախագահ Քյարամյանը շարունակել է մնալ Արցախում:
«Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն, հետո հասկացել եմ, որ եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրը ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Ւսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն եմ ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ, տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»,- Պետրոս Ղազարյանի վերը նշված հարցազրույցում մանրամասնել էր նա և նշել, որ եղել է նաև Շուշիում՝ աշխարհազորի կազմում, որտեղից, ինչպես նաև Ստեփանակերտից դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Սա 168.am-ի հետ զրույցում հաստատել էր նաև Սեյրան Օհանյանը:
«Տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, ես տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել եմ Արգիշտի Քարամյանի հետ, միասին ենք եղել: Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քյարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է: Եվ նրա խնդրանքով, իմ խնդրանքով տարբեր դրվագներում Արգիշտի Քյարամյանը հանդերձավորվել է՝ հագել սաղավարտը, իր զրահաբաճկոնը, վերցրել զենքն ու կապի միջոցները, և պարտաճանաչ կերպով մեկնել այս կամ այն ուղղություն, նկատի ունեմ Շուշիի հատվածում՝ տարբեր ստորաբաժանումներ տեղակայելու, խնդիրները տեղում պարզաբանելու, բացատրական, ինժեներական աշխատանքներում աջակցելու: Մենք, իրոք, վերջին օրերին իր հետ ենք եղել: Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը:
Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու»,- պատմել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Ի դեպ, Քյարամյանն ասել էր, որ իրենց մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ, զինամթերք:
«Ոչ թե ինկասացիայի մեքենայով եմ դուրս եկել, այլ ՄՈԲ-ով այնտեղ գտնվող և մի գնդապետի սպասարկող ոսկեգույն NIssan-ով։ Իսկ փողերի և ոսկիների փոխարեն՝ մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ և զինամթերք, ընդ որում՝ զինամթերքի ողջ պաշարը, այդ թվում՝ բացած ցինկերի կիսատ փամփուշտները»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասնել էր Քյարամյանը:
Կրկնենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրանք է առաջադրված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, և, որ Սեյրան Օհանյանը, ըստ մամուլի հրապարակումների, վկայի կարգավիճակով է ցուցմունքներ տվել:
Արդյո՞ք Քյարամյանն այս հարցում ասելիք չունի՝ ով կամ ովքեր են մեղավոր Շուշիի անկման համար, արդյո՞ք միայն Միքայել Արզումանյանը:
Հուսանք, մի օր այս և մեր հարցման մեջ ներառված հարցերի պատասխանները կստանանք, ինչպես նաև պատասխանը՝ ինչո՞ւ 2020թ. հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեցին:
Գուցե այն ինչ-որ առնչություն ունի՞ հակահարվածի օպերացիայի ձախողման հետ…