«Իրենք ի վիճակի չեն իրենց սխալները հասկանալ, ուղղորդված գործընթաց է կազմակերպված, դրա համար ես չեմ գնալու». Տիրան Խաչատրյան

2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսել է «հարցաքննել» բարձրաստիճան զինվորականներին:

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում արդեն լսել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին, երկու անգամ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:

Մամուլում տեղեկություններ եղան, որ քննիչ հանձնաժողով են կանչվելու ոչ միայն ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, այլ նաև ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

168.am-ի հետ զրույցում Արտակ Դավթյանն ասել է, որ պաշտոնական հրավեր չի ստացել, եթե ստանա, կգնա քննիչ հանձնաժողով փակ հանդիպման:

Կարդացեք նաև

Իսկ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2022 թվականի հուլիսին 168.am-ի հետ հարցազրույցում նշել էր.

«Բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ երբ լինի անկողմնակալ, արդար քննող հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, ապա մենք պատրաստ ենք բոլոր մանրամասներով, բացատրություններով ներկայացնել: Մենք հիմա քննչական վարչությունում շատ հարցերի պարզաբանումներ տալիս ենք, որովհետև ինչ-որ գործի հետ կապված նյութը, որը պետք է ընթացք ստանա, դրան պետք է ծանոթ լինեն փաստաբանները: Եվ այդ առումով որոշակի օբյեկտիվություն կարող է լինել: Իսկ այն հանձնախումբը, որը ղեկավարում են ոչնչի չտիրապետողները, դրանց հետ խոսելու բան չկա»:

Տիրան Խաչատրյանից փորձեցինք ճշտել՝ այսօր նույն դիրքորոշմա՞նն է 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու առնչությամբ, գեներալը մեզ հետ զրույցում շեշտեց՝ դիրքորոշման փոփոխության չկա, իր խոսքից հետ չի կանգնել:

– Հրավեր չեմ ստացել, ըստ կարգի, ինչպես սահմանված է, այդպիսի փաստաթուղթ կամ գրություն չեմ ստացել, և դրա հետ կապված որևէ բան չեմ կարող ասել: Գուցե եզրահանգումներ իրենք իրենց համար անում են՝ իմ հայտարարություններից ելնելով, բայց ուղղակի հրավեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է գնալուն, ես մի քանի անգամ ասել եմ՝ շատ հետաքրքրված եմ, շահագրգռված եմ, որ արդար, անկողմնակալ վերլուծություն լինի, վեր հանվեն այն բոլոր խնդիրները, թերությունները, ինչո՞ւ չէ՝ դրական կողմերը, դրանք ըստ ուղղությունների խնդրավորվեն, և որոնք կարելի է հանրայնացնել՝ հետագա անելիքները ճշտելու համար: Բայց պարզ ուսումնասիրությունները, էլ չեմ ասում՝ խորը վերլուծությունները ցույց են տալիս, որ այդպիսի բան այդ հանձնաժողովի կողմից ոչ միայն չի իրականանում, այլ չի կարող իրականացվել: Իրենք ի վիճակի չեն իրենց սխալները հասկանալ: Գլխավոր հարցը, որ ինձ անհանգստացնում է, դա է: Իրենք իրենց սխալները ոչ միայն չեն կարող հասկանալ, այլ նաև կամակատար են ինչ-որ թիմի, անձանց, պատվերներ են իրականացնում, ուղղորդված գործընթաց է կազմակերպված, դրա համար ես չեմ գնալու:

Անիմաստ ժամանակի կորուստ, հետագայում անիմաստ նյարդեր փչացնել, բանավեճերի մեջ մտնել, պարզաբանումներ տալ: Եթե լինի ինչ-որ ժամանակահատված կամ իրավիճակ, երբ համոզվեմ, որ կլինի անկողմնակալ մոտեցում, պատրաստ եմ:

– ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը երկու անգամ գնացել է քննիչ հանձնաժողով, կարծես թե գոհ են իր հետ փակ քննարկումից, հարցուպատասխանից: Իհարկե, չգիտենք՝ իրականում ինչ է խոսվել, բայց հրապարակավ իշխանության ներկայացուցիչները, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Օնիկ Գասպարյանից այս առումով գոհ է, երբ ամիսներ առաջ նրան մեղադրում էր պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու և սխալ թիրախներ ընտրելու համար: Ի՞նչ է փոխվել: Ի դեպ, այդ համատեքստում Ձեր անունն էլ էին շոշափում:

– Չգիտեմ՝ ինչ է փոխվել: Ամեն դեպքում, դա նորից իրենց դեմքն է ցույց տալիս, որ մարդկանց կարող են «սևացնել», չհիմնավորված ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել, և՛ մասնագիտական, և՛ մարդկային առումով սխալ որակումներ անել, դրանից հետո հակառակ բաներն անել: Այստեղ երկու բան կարող եմ տեսնել. այդ մարդկանց ուղղակի «սևացնելը», երկրորդ՝ անուղղակի ձևով, եթե մարդուն, նրա հեղինակությանն ուզում ես վնասել, այլ մարդկանց հետ ինչ-որ ձևով կապում ես… Իմ դիտարկումներով, իմ պատկերացումներով՝ ավելի շատ այդ միտումը կարող է ունենալ: Մնացածը թող իրենք իրենց պարզաբանումները տան, այն ժամանակ էլ էին իրենք ասողը, հիմա էլ: Իսկ թե ինչ փոխվեց, ինչ եղավ, չեմ կարող ասել:

– Պատերազմից հետո գեներալ Օնիկ Գասպարյանը մանրակրկիտ վերլուծություն էր նախաձեռնել ԳՇ-ում, Դուք այդ ժամանակ կամ փուլում ԳՇ պետի առաջին տեղակալն էիք, ըստ էության, հենց այդ վերլուծությունը կամ դրանում տեղ գտած եզրահանգումներն են տարել ԱԺ քննիչ հանձնաժողով:

– Ես չգիտեմ մանրամասները, թե ինչ է ներկայացվել, ինչի մասին ինչքան է խոսվել: Նախորդ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ մեկ անգամ կարճ զրույց եմ ունեցել Օնիկ Գասպարյանի հետ, դրանից հետո չեմ զրուցել: Ճիշտն ասած, հետաքրքիր էլ չի՝ ինչ են խոսել, ինչի մասին, ինչ մանրամասնությամբ: Եվ սա երկու պարզ պատճառով. առաջին՝ չգիտեմ որտեղից, բայց ինֆորմացիայի հնարավոր արտահոսք կարող է լինել, որպեսզի հետո ինձ հետ կապված որևէ հարց չառաջանա, երկրորդն էլ ուղղակի իմաստով, ենթադրենք, շատ բաներից տեղյակ եմ, թե ինչից են խոսել, դա ի՞նչ է տալիս մեզ: Ես սկզբից նշեցի՝ վստահություն չունեմ, եթե ինչ-որ կառույցի նկատմամբ վստահություն չունեմ, և դա ինձ համար հիմնավորված է, ի՞նչ իմաստ ունի՝ հետաքրքրվեմ՝ այնտեղ ինչ է կատարվել:

– Իսկ հանրությանը ռազմական նախկին ղեկավարությունը պե՞տք է հաշվետու լինի, և ի՞նչ տարբերակով պիտի դա արվի, իհարկե, թույլատրելի սահմանում:

– Թույլատրելի սահմանում ով ինչ չափով կարողանում է, համապատասխան տեղեկություններ հայտնում է: Կամ ով ինչ չափով ուզում է, ինչ չափով անհանգստացած է: Դրանք տարբեր բաներ են: Իսկ որ պետք է հաշվետու լինել հանրությանը, դա ռազմական ղեկավարության ֆունկցիաների մեջ չի:

– 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում քննարկվել և քննարկվելու է պատերազմից առաջ բանակի վիճակը, այդ թվում՝ սպառազինության, կադրային համալրման, կառուցվածքային ինչ-ինչ փոփոխությունների, գուցե դրանք սխալ են եղել:

– Այդ թեմայով կան ներկայացված, հարուցված նյութեր, գուցե՝ մեղադրանքներ: Ավել բան չեմ կարող ասել:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմող երկրում իրականացվել է Զինված ուժերի բարեփոխում, օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է մարտավարական օղակը:

«Կրճատել են հինգ գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ իր հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով՝ բացի զինվորներից»,- նշել էր նա:

2023 թվականի հունվարին էլ «Հանրային» հ/ը եթերում ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտնել էր՝ «ունենք առանձնացված քրեական գործեր նախապատերազմյան որոշ հարցերի, պատերազմից առաջ, ընթացքում իրականացված զորահավաքի գործերով քրեական գործերով»:

Տեսանյութեր

Լրահոս