Արդյո՞ք Օնիկ Գասպարյանն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով գնալուց առաջ Սերժ Սարգսյանի օրինակով պահանջել է ձայնագրությունը և գնդակը նետել Փաշինյանի դաշտ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը երկու անգամ գնացել է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, փակ հանդիպմանը ներկայացրել իր վերլուծությունը, պատասխանել ՔՊ-ականների հարցերին:

Մոտ 6 ժամ տևած առաջին փակ հանդիպումից հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, առանց փակագծեր բացելու, ասել էր, որ քննարկման օրակարգում են եղել պատերազմից առաջ բանակի վիճակը, սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելը, պատերազմական առանձին դրվագներ, այդ թվում՝ Շուշիի պաշտպանության հետ կապված հարցերը և այլն:

Թերևս, այս հանդիպումներում խոսվել է նաև Օնիկ Գասպարյանի հաստատած «Իսկանդերի» կիրառման, Անդրանիկ Քոչարյանի ասած՝ «խայտառակ պլանի» մասին:

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալը եղած, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 168.am-ին տված հարցազրույցում ասել է, որ պաշտոնական հրավեր չի ստացել, եթե ստանա էլ, չի գնա, թեպետ շահագրգիռ է, որ վեր հանվեն այն բոլոր խնդիրները, թերությունները, լինի անկողմնակալ վերլուծություն: Խնդիրն այն է, որ, ըստ գեներալի՝ «իրենք ի վիճակի չեն իրենց սխալները հասկանալ»:

Կարդացեք նաև

«Գլխավոր հարցը, որ ինձ անհանգստացնում է, դա է: Իրենք իրենց սխալները ոչ միայն չեն կարող հասկանալ, այլ նաև կամակատար են ինչ-որ թիմի, անձանց, պատվերներ են իրականացնում, ուղղորդված գործընթաց է կազմակերպված, դրա համար ես չեմ գնալու»,- շեշտել էր Տիրան Խաչատրյանը:

Տիրան Խաչատրյանին արդարացնողները, թերևս, ավելի շատ լինեն, քան Օնիկ Գասպարյանին, հատկապես Անդրանիկ Քոչարյանի՝ նրա հասցեին հնչեցրած դիֆերամբներից, ՔՊ-ականների և ոչ ՔՊ-ականների տեղեկատվական ինչ-ինչ արտահոսքերից կամ ենթադրություններից հետո, որ նա չի կրկնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տվել է իշխանությունների քիմքին հաճո «ցուցմունքներ» և այլն:

Կարծում ենք՝ տվյալ դեպքում Օնիկ Գասպարյանն է ճիշտ, որ պետք է գնալ հանձնաժողով և ներկայացնել մասնագիտական հստակ վերլուծություն պատերազմական տարբեր դրվագների, հրապարակ նետված հարցերի վերաբերյալ, քանի որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը չգիտեն, թե ինչ իրավիճակներ են եղել պատերազմի դաշտում:

Բայց ճիշտ է նաև Տիրան Խաչատրյանը, որ ուղղորդված գործընթաց է կազմակերպված, և այդ հանձնաժողովից հնարավոր չէ սպասել անկողմնակալ և արդար վերլուծություն, հատկապես, երբ այդ պատերազմը եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք, և, ըստ էության, պարտության գլխավոր հասցեատերը հենց նա է: Երկրորդ, Տիրան Խաչատրյանը չի գնում՝ ունենալով նաև Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքների նախադեպը, երբ մինչ օրս զեկույցը թույլատրելի սահմանում լայն հանրությանը հասանելի չէ: Այսինքն, այստեղ զուտ գնալ-չգնալու համատեքստում ճիշտ ու սխալի խնդիր չէ:

Պարզ էր, որ Ապրիլյան հանձնաժողովի ստեղծումը հստակ քաղաքական նպատակ էր հետապնդում, եթե չասենք, որ կային վրեժխնդիր լինելու տարրեր, քանի որ ապրիլյան մարտական գործողությունները նախկին իշխանությունների օրոք էին եղել, բայց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի հրավերը և գնաց «հարցաքննության»՝ համարելով դա ճիշտ որոշում, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մնաց անդրդվելի իր որոշման մեջ և այդպես էլ չգնաց՝ չնայած Սերժ Սարգսյանի հորդորներին: Այս դեպքում էլ երկուսն էլ ճիշտ էին՝ և՛ Սերժ Սարգսյանը, որի նպատակն էր՝ որպես երկրի նախկին ղեկավար՝ հասցնել հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մեր հանրությունը հաղթել է՝ հաղթելով ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև դիվանագիտորեն: Սերժ Սարգսյանը նաև բանակի և սպաների պատիվը պահելու հարց էր դրել, որոնք իրենց առջև դրված խնդիրը կատարել էին և ձախողել էին Ադրբեջանի գլոբալ նպատակները։ 

Երկրորդ՝ չկար հանձնաժողովային նախադեպ, և մի փոքր հույս կար, որ «հարցաքննությունների» բովանդակությունը և այնուհետ զեկույցը թույլատրելի սահմանում հասանելի կլինի հանրությանը, ինչը չեղավ:

Երրորդ՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը նախկին իշխանությունների օրոք էր, և շատ հարցերի պատասխաններ հանրությունը, ըստ էության, ինչ-որ ձևով ստանում էր հրապարակավ՝ տարածքային կորուստների, զոհերի թվի և այլն:

Չորրորդ, երբ Սերժ Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով գնալուց առաջ պայման էր դրել՝  տրամադրել ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:

Հինգերորդ, Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի շրջանակում փակ նիստերից հետո հրավիրյալները ճեպազրույց էին ունենում լրագրողների հետ, ինչն այսօր արգելված է, ըստ էության:

Վեցերորդ, Սերժ Սարգսյանը, իր խոստմանը համաձայն, որոշ ժամանակ անց բացառապես Ապրիլյան պատերազմի թեմայով 2020 թվականի օգոստոսին ասուլիս հրավիրեց և պատասխանեց լրագրողների բոլոր հուզող հարցերին, երբ դեռ զեկույցը չէր հրապարակվել:

Այսինքն, նախաձեռնողականություն դրսևորեց, թեպետ Փաշինյանի թիմն արդեն սկսել էր հերքել իրենց իսկ պնդումները՝ վառելիքի, փամփուշտի, սննդի պակասի հետ կապված: Իր ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել էր հետախուզության հետ կապված խնդիրներին:

«Մենք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա: Մենք նախնական տեղեկություններ ունեցել ենք արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Իսկ թե ինչո՞ւ քառօրյա պատերազմի ժամանակ չկիրառվեց «Իսկանդերը», Սերժ Սարգսյանն արձագանքել էր, որ գործ չենք ունեցել լայնածավալ պատերազմի հետ:

«Քառօրյան լայնածավալ ռազմական գործողություններ էին, և եթե մենք այդ ժամանակ օգտագործեինք «Իսկանդերը», ուղղակի դա կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից՝ ճնճղուկների վրա: «Իսկանդերը» շատ հզոր զենք է, և «Իսկանդերի» առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ: Ոչ միայն «Իսկանդերը», այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»,- շեշտել էր ՀՀ 3-րդ նախագահը:

Այսինքն, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կարող էր և պետք է գնար 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն Սերժ Սարգսյանի օրինակով տեսագրություն կամ ձայնագրություն ունենալու պայման դնելուց և դրա բավարարումից հետո միայն, հատկապես, երբ իր դեպքում խոսքի աղավաղման կամ կիսատ ներկայացնելու փաստ ունի, երբ իշխանությունները հերքում էին, ԱԽ նիստում պատերազմի 4-րդ օրն առաջարկել է օրերի ընթացքում կանգնեցնել պատերազմը, իսկ ԱԽ-ն իրենց ձեռնտու հատվածներն էր հրապարակում՝ չնայած Օնիկ Գասպարյանի առաջարկին՝ հրապարակել ամբողջական տարբերակը: Հուսանք, որ այս անգամ գեներալն ապահովագրել է իրեն այս առումով:

Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի օրինակով պետք է փակ քննարկումներից հետո խոսեր լրագրողների հետ և, օրինակ, ասեր, որ «Իսկանդերի» կիրառման պլանի հետ կապված մասնագիտական վերլուծություն է ներկայացրել, և հրապարակ նետված մեղադրանքները չեզոքացվել են, որ «Իսկանդերի» կիրառումը նաև քաղաքական որոշում է ենթադրում: Նույնը նաև թույլատրելիի սահմանում աներ Շուշիի հետ կապված, իր հասցեին հրապարակավ ասված այլ մեղադրանքների:

Այսինքն, չնայած, որ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո իր հայտարարություններով արդարացրել է Փաշինյանի՝ պատերազմը կանգնեցնելու թեզերը, բայց կարող էր և կարող է օգտվել տրված հնարավորությունից և ապացուցել՝ բանակը չի պարտվել, պատերազմի ելքը կարող էր այլ կերպ լինել, եթե քաղաքական և ռազմաքաղաքական ճիշտ որոշումներ լինեին, առնվազն չխանգարեին բանակին:

Օնիկ Գասպարյանը կարող է նաև իր հեղինակությունը «փրկել» և ասել, որ պատերազմի ընթացքում անհամաձայնություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ հարց է, որ դրանք հաշվի չեն առնվել: Այն, ինչ 2021 թվականին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում: Ես տևական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքն աշխատել է, իր պարտականությունները շատ նորմալ կատարել է: Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է՝ Նիկոլ Փաշինյանից այդքան պաշտոններ և կոչումներ ստացած անձը զանգահարում է ինձ և իր անհամաձայնությունն է հայտնում ինքն իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած մարդու հանդեպ։ Բայց դա չի կարևորը, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ. արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության: Հիմա այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է Փաշինյանի ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել` դա դեռ կերևա, երբ մենք հետաքննություն անցկացնենք»,- նշել էր Սերժ Սարգսյանը՝ հաստատելով, որ ԳՇ նախկին պետի հետ 2020 թվականի նոյեմբերի 20-ին խոսակցություն ունեցել է:

Իր հերթին՝ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում 100 տոկոսով հավատացել է Օնիկ Գասպարյանին, չնայած որ պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ պատերազմական տարբեր դրվագների հետ կապված Օնիկ Գասպարյանի ներկայացրածին հակառակ տեղեկություններ է ստացել: Նման հայտարարություն Նիկոլ Փաշինյանն արել է նաև հուլիսյան մարտերի հետ կապված: Եվ այս պարագայում ԳՇ նախկին պետը թույլատրելի սահմանում կամ ինչ-որ տարբերակով Փաշինյանի հրապարակ նետած մեղադրանքներին, հարցադրումներին, տեղեկություններին պիտի պատասխանի:

Գուցե ինչ-որ պահի դարձյալ Սերժ Սարգսյանի օրինակով ասուլիս հրավիրի, գուցե այլ տարբերակ ընտրի, բայց այս հարցերը պետք է պատասխան գտնեն, քանի որ դրանք եղել են հրապարակային:

Օնիկ Գասպարյանը, որը սեպտեմբերի 25-ից տուն չի գնացել, պետք է ասի՝ Ջալալ Հարությունյանին տվե՞լ է հրաման ՊԲ-ն ամբողջապես պատերազմի պատրաստելու, պաշտպանության անցնելու, թե՞ ոչ: Կամ իրեն որևէ մեկը հակառակ հրամանը տվե՞լ է: Հարցերը շատ են: Ի վերջո, Օնիկ Գասպարյանը ինքը հարցեր է ունեցել քաղաքական ղեկավարությանը, քանի որ, ինչպես «Սպուտնիկ Արմենիային» մի առիթով ասել է, պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ:

«Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»,- ընդգծել էր Օնիկ Գասպարյանը:

Օնիկ Գասպարյանին թույլատրելի սահմանում հոդվածային տարբերակով դեռ հարցեր կուղղենք, բայց հիմա ասելիքը մեկն է՝ ի՞նչ նպատակ և խնդիր է դրել Օնիկ Գասպարյանը իր առջև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գնալուց առաջ և արդյո՞ք հետևել է կամ պատրաստվում է որոշ դեպքերում դեռ հետևել Սերժ Սարգսյանի օրինակին՝ թելադրողի դերը վերցնել իրեն, իսկ Նիկոլ Փաշինյանին տալ պատասխանողի դերը: Այսինքն, նախահարձակ լինել, ոչ թե պատասխանել իշխանական հարվածներին: Ժամանակը ցույց կտա: Իսկ վերևում տրված և հետագայում տրվելիք մեր ռազմական հարցերին թույլատրելի սահմանում պետք է պատասխանել՝ դարձնելով այն հանրության սեփականությունը, թուլացնելով իշխանությունների պաշտպանությունը, վերականգնելով բանակի հեղինակությունը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը ներգրավված չի կարող լինել ենթադրյալ ինչ-որ դավադիր գործողությունների մեջ:

«Ես Օնիկ Գասպարյանին չեմ արդարացնում, անկեղծ եմ ասում, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր պատասխանատուն էԱսեմ նաև, որ ես չեմ պաշտպանում Օնիկ Գասպարյանին, Միքայել Արզումանյանին, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը, Միքայել Արզումանյանը ներգրավված լինեն ենթադրյալ ինչ-որ դավադիր գործողությունների մեջ, բայց որպեսզի նրանք կարողանային իրենց ասածին հետամուտ լինեն, հստակ կանգնեին, նրանք առնվազն պետք է ունենային արդեն բավականաչափ փորձառություն, որը նրանց հնարավորություն կտար ասելու՝ վերջ, ես չենթարկվելու կոչ չեմ անում…»,- 2021թ. փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ մի հանդիպման ժամանակ խոսելով Օնիկ Գասպարյանից և ԳՇ հայտարարությունից, նշել էր.

«Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը»:

Տեսանյութեր

Լրահոս