Այս ամենը զարմանալի չէ, որովհետև ունես երկիր, որը զինված չէ, և ղեկավար, որը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել. Հարութ Սասունյան

Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը շարունակում է փակ պահել:

Սակայն Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առավոտյան ուղիղ տեսաուղերձով նախ տեղեկացրեց՝ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների, ապա հավելեց՝ օրվա ընթացքում ճանապարհն էլ կարող է բացվել:

«Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե ինչ սխալ են թույլ տվել, որովհետև թե ներսից, թե դրսից եղել են մեծ ճնշումների տակ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,- ասել էր Արցախի պետական նախարարը:

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նկատեց. «Այս ամենը, դժբախտաբար, զարմանալի չէ, որովհետև ունես երկիր, որը զինված չէ, և ունես ղեկավար, որը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել, և անընդհատ զիջումներ է անում: Թշնամին հիմար չէ, տեսնում է՝ դիմացինը զիջումների է պատրաստ. երբեք կանգ չեն առնելու»:

Կարդացեք նաև

Որպեսզի նմանատիպ միջադեպերը չկրկնվեն, ըստ Հարութ Սասունյանի, անհրաժեշտ է Հայաստանում ղեկավարի փոփոխություն:

«Պետք է ընտրենք, նշանակենք նոր ղեկավար, որովհետև այս ղեկավարը ոչինչ չի կարող անել: Նա և արտգործնախարարն անընդհատ խոսում են տարբեր երկրների հետ, բայց մենք տեղյակ չենք՝ ինչ են խոսում. ինքն ի՞նչ գիտի՝ որ ինչ ասի դիմացինին՝ լինի Մակրոնը, Պուտինը թե Բլինքենը: Տեսնելով, թե ինքը ինչ որակի մարդ է, ես չեմ զարմանում, որ իր բոլոր խոսակցությունները որևէ արդյունքի չեն հասնում»,- հավելեց նա:

Ամերիկահայ գործիչը նշեց՝ ԱՄՆ հայ համայնքն իրավիճակով մտահոգ է. դիմում են կոնգրեսմեններին, սենատորներին, կազմակերպում ցույցեր, միջոցառումներ: Ի դեպ, Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ հերթական միջոցառումը նախատեսված է այսօր՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև, նախաձեռնությունը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեինն է:

Տեսանյութեր

Լրահոս