Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների  

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքը հայտնվեց ծուղակում, որը շարունակվում է մինչև օրս։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին որակեց դավաճան, կապիտուլյանտ և քաղաքական պայքարը կառուցեց այն տրամաբանությամբ, որ պետք է օր առաջ ազատվել նրանից։ Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե որքանով էր ու է՛ իրավացի ընդդիմությունը, արդյո՞ք իսկապես դավաճան ու կապիտուլյանտ է Փաշինյանը, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները տրվել են և տրվելու են, առնվազն պատմական գնահատականների հարթությունում։ Ընթացիկ քաղաքական մոդելավորման տեսանկյունից այդ հռչակումները և դրա վրա կառուցված քաղաքականությունը ծուղակ էր ու է՛ այն առումով, որ հանրային քաղաքական միտքն ու սպասումները տեղափոխեց հարթություն, որում տպավորություն էր ստեղծվում, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերը հաշված են։

Պատահական չէ, որ անցած երկու տարիներին, անգամ մինչև օրս, եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ մերձքաղաքական շրջանակներում մոդայիկ են դարձել իմաստուն դեմքով ներկայացվող վերլուծություններն այն մասին, թե ահա ուր որ է, ահա այս ամսաթվից, այն հանդիպումից, մյուս այցելությունից․․․ ինչ-որ բանից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանալու է իշխանությունից։ Քաղաքական-քարոզչական այս մարտավարության վտանգավորությունն ու ծուղակային բնույթն այն է, որ գեներացնելով իռացիոնալ սպասում, քաղաքական միտքը, հանրային-քաղաքացիական ակտիվ շրջանակների էներգիան ուղղվում է կարճաժամկետ, միանգամյա ակտի սպասմանը՝ հեռանալով միջնաժամկետ, առավել ևս՝ երկարաժամկետ քաղաքական պլանավորումից, առանց որի քաղաքականությունն ուղղակի դատապարտված է ձախողման։

Իսկ այս իրավիճակը թակարդ է այն առումով, որ մինչ քաղաքական դաշտն ու հանրային ակտիվ շրջանակները սևեռվում են իշխանափոխության անիրական սպասման վրա, նույն այդ իշխանությունն անգործության չի մատնվում և բազմապատիկ ավելի արդյունավետ, քան ընդդիմության պայքարը, ամրացնում է իր դիրքերը։

2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո, արդեն շուրջ մեկուկես տարի Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, քայլ առ քայլ ամրացնում է սեփական իշխանության հենարանները՝ յուրաքանչյուր գործողությամբ ավելի կուռ դարձնելով իր մոնոլիտ իշխանությունը։

Կարդացեք նաև

Միայն վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած օրենսդրական, կառուցակարգային փոփոխություններով վարչապետի լիազորությունները հասցվել են այնպիսի մակարդակի, որ «սուպերվարչապետական համակարգ» բնորոշումն այլևս ծիծաղելիորեն մեղմ է թվում Նիկոլ Փաշինյանի համար։ Նա կերտում է հիպերսուպերվարչապետական համակարգ՝ իրեն ենթարկեցնելով պետական բոլոր առանցքային կառույցները, այն ամենայնը, որը, հերթական թե արտահերթ ընտրությունների դեպքում, ապահովելու է իր իշխանության վերարտադրությունը։

Պետական պահպանության ծառայությունն այլևս վարչապետին ենթակա կառույց է, ամիսներ անց կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որը դե ֆակտո գտնվելու է վարչապետի հսկողության ներքո, ստեղծվում է կրկին Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ Արտաքին հետախուզական ծառայություն, դատախազական համակարգն ամբողջությամբ նրա փաստացի վերահսկողության ներքո է, ԲԴԽ-ն ու որպես հետևանք՝ դատական իշխանությունն ամեն օրվա հետ դառնում է գործադիրի կույրաղիքը, և այդպես շարունակ։ Այսինքն՝ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ենթակայության տակ է մտցրել գրեթե բոլոր ուժային կառույցները, ստեղծում է նորերը, մի խոսքով, ձևավորում է իշխանական ուժային գերհզոր համակարգ, որը կա և ապագայում էլ լինելու է իր իշխանության հիմնական հենարանը։

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հասկանում է, որ ամեն օրվա հետ կորցնում է իր իշխանության սոցիալական բազան, հեղափոխական էյֆորիան այլևս հօդս է ցնդել, նախկինների դեմ քարզչությունը վաղուց ցանկալի արդյունք չի ապահովում, իր իշխանության կողմից պատուհասած աղետներն ու ցավն էլ հնարավոր չէ ամոքել, եթե նույնիսկ ծակվեն և լուսավորվեն Հայաստանի բոլոր շենքերի բոլոր պատերը։

Ահա, ուրեմն, նա հասկացել է, որ իշխանությունը պահպանելու և վերարտադրվելու համար անհրաժեշտ է ձևավորել կուռ ուժային համակարգ, ինչը և անում է։ Ընդ որում, այդ համակարգին նա ոչ միայն ենթարկեցնում է իշխանական իմպերատիվով, այլ դարձնում է իր իշխանության շահառուն։ Պատահական չէ, որ ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնում է 100 տոկոսով ու նրանց համար 100 հազար դոլարանոց մեքենաներ է գնում, Գլխավոր դատախազը ստանալու է 2.5 միլիոն դրամ աշխատավարձ, մյուս դատախազներն ու ոչ դատախազները նույնպես շռայլ վարձատրվելու են։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն այդ համակարգին վարձատրել և վարձատրելու է ոչ թե սեփական, այլ քաղաքացիների գրպանից, բայց դա, բնականաբար, իրեն չի հուզում։

Այս ամենը, ի թիվս այլ պատճառների, հնարավոր է դարձել նաև անցած երկու տարիներին քաղաքական դաշտում դոմինանտ դարձած «Նիկոլի օրերը հաշված են» մոլորության շնորհիվ։ Կյանքը ցույց տվեց, որ հաշված են ոչ թե Նիկոլի օրերը, այլ նրա դեմ պայքարող ընդդիմությունից հեռացողների մանդատները։ Երբ թվում էր, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանելու անգամ տեսական հնարավորություն չունի, նա առաջնորդվեց «այն, ինչը չի սպանում, ավելի է ուժեղացնում» սկզբունքով։ Երևի նաև այն պատճառով, որ ընդդիմությունը կամ դրա առավել կարողունակ հատվածը գործում էր ու է՛ «ինձանից բացի, թեկուզ ջրհեղեղ» դեֆորմացված այլաբանությամբ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս