Հնագետների հայ-գերմանական արշավախումբը հայտնաբերել է Հայաստանի ամենահին եկեղեցու հիմնապատերը
Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ մինչև այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։

«Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է»,- արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանի խոսքերն է մեջբերված ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բացահայտումը կարևոր վկայություն է Հայաստանում վաղ քրիստոնեության մասին։ Զարդարյանի խոսքով՝ հայտնագործության հիմնարար նշանակությունը նրանում է, որ էապես լրացնում է Հայաստանում քրիստոնեության տարածման մեխանիզմների և վաղագույն հոգևոր կառույցների ճարտարապետության մասին պատկերացումները:
Սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։
«Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր»,- նկատում է Մկրտիչ Զարդարյանը։

Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ բեկորները։
Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արտաշատը՝ Անտիկ Հայաստանի մշակութային, տնտեսական և սոցիալական համակարգում» բազային թեմայի և Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) Artaxata Project-ի շրջանակում։
Պեղումների արդյունքները պատրաստվում են հրապարակման։

