ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ալեքսանդր Ռատների այցը Հայաստան պայմանավորված է հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացվող սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեայի անցկացմամբ։ Այս կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել կոնֆեդերացիայի անդամ երկրների շուրջ 110 պատվիրակներ և 50 պատվավոր հյուրեր։ Ասամբլեայի շրջանակում կանցկացվեն նաև կառույցի ղեկավար մարմինների՝ նախագահի, գլխավոր քարտուղարի և վարչական կազմի ընտրությունները։
Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ խոշոր միջոցառման կազմակերպումն առաջին անգամ Հայաստանին վստահելու համար՝ ընդգծելով Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի արդյունավետ համագործակցությունը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ, ակտիվորեն նախապատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։
«Մեր նպատակն է առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, և մենք անում ենք առավելագույնը՝ ապահովելու տեխնիկական ու կազմակերպչական բոլոր պահանջների պատշաճ կատարումը»,– նշել է նախարարը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար՝ Ալեքսանդր Ռատները բարձր է գնահատել Հայաստանի պատրաստակամությունն ու կազմակերպչական ներուժը։
«Շատ հաճելի է կրկին վերադառնալ Երևան։ Ասամբլեային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ։ Շատերի համար սա առաջին այցն է Հայաստան, և նրանք շատ տպավորված են։ Վստահ եմ, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով և նոր թափ կհաղորդի հրաձգության զարգացմանը Հայաստանում։ Գիտեմ, որ Հայաստանն ունեցել է օլիմպիական և աշխարհի չեմպիոններ այս մարզաձևում, և համոզված եմ՝ Եվրոպայի առաջնությունը կնպաստի նոր սերնդի ներգրավմանը»,– նշել է Ռատները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հրաձգության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, ֆեդերացիայի հետ համատեղ, քննարկում է հրաձգությունը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը՝ որպես «Ֆիզկուլտուրա» առարկայի մաս։
«Հրաձգությունը զարգացնում է այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, ուշադրությունը և կարգապահությունը։ Կարևորում ենք, որ այն ընդգրկվի նաև դպրոցական ծրագրերում։ Հուսով ենք՝ ֆեդերացիայի հետ միասին կկարողանանք մեկնարկել այս նախաձեռնությունը փորձնական ձևաչափով՝ մի քանի դպրոցներում՝ հետագայում այն ընդլայնելու նպատակով»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ուսումնասիրելու եվրոպական երկրների փորձն այս ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

