«Ցավոք, ադրբեջանցին արդեն տիրոջ իրավունքով մուտք ու ելք է անում Հայաստան. շատերս ամաչում ենք նշել, որ Արմեն Գրիգորյանը ծնունդով Արցախից է, իր հարսանիքն էլ արել է Շուշիում» 

Պարզվում է, որ օրերս Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է եղել նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Այս մասին գրել է «Սիվիլնեթը»։

«Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում այս կինը հայտնվել է դեռևս 2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստներն» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։

Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ»՝ մասնակցել Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքի արգելափակմանը։ Բայց արի ու տես, որ նրան Երևանում ընդունելության է արժանացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով, ի դեպ, ծնունդով Արցախից է։

Հարկ է հիշեցնել, որ այս ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բնակիչների շրջանում գրանցվեցին սովամահության դեպքեր, 2 մանկահասակ երեխա մահացան Մարտակերտի շրջանում, հղի կանանցից մեկն այդպես էլ իր երեխային չունեցավ։ Այլ խոսքով՝ արցախահայերն 9 ամսից ավելի կրեցին բազմաթիվ զրկանքներ՝ հենց այս «էկոակտիվիստի» ու նրա նման այլ ադրբեջանցիների պատճառով։

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցի այս անձանց ՀՀ իշխանությունը բարձր ընդունելության է արժանացնում Երևանում, բայց, օրինակ, չի կարողանում հայրենիք վերադարձնել 2 տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ գտնվող և կտտանքների ենթարկվող հայ գերիներին ու պատանդներին։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համար այս հարցի պատասխանը պարզ է՝ 2018 թվականից էլ գիտեր՝ հայատյաց իշխանությունը կործանելու է Արցախը, և առհասարակ նրան արցախահայերի ճակատագիրը չի հետաքրքրելու։

«Այն, ինչը շատերի համար պարզ չէր, մեզ համար պարզ էր դեռ 2018 թվականից, տեղի է ունենում այն, ինչի համար սրանք բերվել են իշխանության, և ինչի ականատեսը լինում ենք արդեն մենք 7 տարի շարունակ։

Այն խոսքերը, որոնք ես ասել եմ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախի մեծ մասը, հիմա էլ եմ կրկնում՝ Արցախը նախերգանքն էր, հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, այս ամենի գլխավոր պատվիրատուն Թուրքիան է»,- 168.am հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա, այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, տրամաբանական շարունակությունն էր, որը նախագծել էին իշխանությունները, և այս համատեքստում չի զարմանում Հայաստանում ադրբեջանցի «էկոակտիվիստի» ներկայությունից։

«Այդ անձը հանդիպում է ԱԽ քարտուղարի հետ, մենք շատերս ամաչում ենք նշել, որ Արմեն Գրիգորյանը ծնունդով Արցախից է, իր հարսանիքն էլ արել է Շուշիում։ Այն, ինչը տեղի է ունեցել ու տեղի է ունենում՝ հստակ ծրագրավորված է, որն անխոչընդոտ իրականացնում են օրվա իշխանությունները։

2022-2023 թվականին արցախահայերն իրենց տանը սովալլուկ վիճակում էին, արցախահայերին առաջարկում էին Ակնայից սնունդ բերեն՝ ադրբեջանական, բայց արցախահայերը փակեցին Ասկերանի ճանապարհը, որ ադրբեջանական հաց Արցախ չմտնի։ Նույն կերպ նաև Հայաստանում չպետք է թույլ տայինք, որպեսզի ադրբեջանցին գար Երևան, այն ադրբեջանցին, որն արցախցուն սովի էր մատնում։ Ցավով եմ ասում, որ իշխանության կողմից  այսօր Ադրբեջանից եկող ցորենը ողջունելի է, ադրբեջանցի հանցագործները, որոնք Արցախի կյանքի ճանապարհն էին փակել, կարող են Երևանում հանգիստ ընդունելության արժանանալ, երբ արցախցիներն այդ նույն իշխանության համար դիտարկվում են՝ որպես հանցագործներ»,- հավելեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, երբ նախկինում Ադրբեջանից ու Հայաստանից  քաղհասարակության ներկայացուցիչներ էին այցելում Բաքու և Երևան, դա նորմալ էր դիտարկվում, քանի որ Արցախն օկուպացված չէր, այլ ծաղկունք էր ապրում, Հայաստանը հանդես էր գալիս ուժեղ դիրքերից։

«Որքան էլ ցավալի է, պետք է ասեմ՝ ադրբեջանցին արդեն տիրոջ իրավունքով մուտք ու ելք է անում Հայաստան։ Այս իշխանությունների գոյության դեպքում ադրբեջանցին այլ կարգավիճակով չէր էլ կարող գալ Հայաստան, սրանք կատարում են այն բոլոր պահանջները, որ իրենց առջև դրել են Թուրքիան ու Ադրբեջանը»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի Արցախի ամբողջական բլոկադային հետևեց Ադրբեջանի հարձակումն արցախահայերի վրա՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, որից հետո Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն ամբողջովին օկուպացվեց։

Տեսանյութեր

Լրահոս