«Սա մեսիջ է հանրությանը՝ ով իշխանությանն ընդդիմանա, այս օրն է ընկնելու. ՔՊ-ականներն ավելի շատ տեղեկություններ ունեն քրեական գործի մասին». Փաստաբան

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումն ամբողջությամբ այսօր են ստացել, մինչ այդ ստացել էին միայն քաղվածքը։ Պատրաստվում են 10-օրյա ժամկետում բողոքարկել դատարանի այս որոշումը։

Նրա բնորոշմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ տեղի ունեցողը միանշանակ քաղաքական հետապնդում է։

«Այդ ամենն ունի նախապատմություն, հրապարակային նախապատմություն, երկրի առաջին դեմքը, հետագայում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն՝ իրենց հայտարարություններով, այդ թվում՝ Գյումրու ՔՊ ավագանին, մշտապես ասել են, որ Վարդան Ղուկասյանը հեռացվելու է։ Այս ամենին հետևում է  այն, որ ձայնագրություն է հրապարակվում, իբրև կաշառք պահանջելու վերաբերյալ։ Ձայնագրությունը հատվածական, կոնտեքստից կտրված է ներկայացվում, որից պարզ չի դառնում, թե առհասարակ ովքեր են խոսացողները, հետո էլ՝ ամբողջ կոնտեքստի մեջ այն այլ իմաստ է պարունակում, իսկ իրենց հրապարակած կոնտեքստով փորձում են այլ իմաստ հրամցնել»,- 168.am հետ զրույցում նշեց Արամայիս Հայրապետյանը։

Ըստ փաստաբանի, այս հրապարակված ձայնագրությունների մեջ կարող է լինել մի ամբողջական հատված, որը կարող է վկայել այն մասին, որ, եթե նույնիսկ խոսակցություն է եղել, դա եղել է սահմանված պետական վճարների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են գույքն օրինականացնելու համար։

Կարդացեք նաև

«Այդ ձայնագրությունը մեզ չեն տրամադրում, որպեսզի մենք լսենք։ Երբ նշված փաստերը համադրում ենք, և այն, որ ՔՊ-ականներն ավելի շատ տեղեկություններ ունեն այս քրեական գործից, քան Վարդան Ղուկասյանի պաշտպանները, առերևույթ վկայում է կազմակերպված քաղաքական պրոցեսի մասին, այլ ոչ թե իրավական։

Այս նույն կարծիքին է նաև պարոն Ղուկասյանը, կալանքից հետո նրա հետ հանդիպել է իմ գործընկերը»,- հավելեց փաստաբանը։

Հարցին՝ այն օրը, երբ ձերբակալվեց Վարդան Ղուկասյանը, նրա հետ ձերբակալվեցին նաև մեկ տասնյակից ավելի անձինք, այդ անձանցից որևէ մեկի շահերը ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ, փաստաբանը պատասխանեց՝ ներկայացնում է, սակայն այդ անձի անունը չի ցանկանում նշել։

«Առհասարակ այս վարույթներով ուղղակի մեկ բան կարող եմ ասել, որ, ենթադրենք, Պողոս անունով ոստիկանն ասում է՝ իքս մարդն այլ մարդկանց հրմշտում էր, ես էլ իքս մարդուն բերման ենթարկեցի։ Տեսագրությունը նայում ենք ու տեսնում, որ այդ մարդը որևէ մեկին ոչ միայն չի հրմշտել,  անգամ այս Պողոս անունով ոստիկանն այս վայրում էլ չէ։ Բայց արի ու տես, որ այս ոստիկանի հաղորդման հիման վրա մարդ են կալանավորում։ Եթե այս պայմաններում անձ են կալանավորում, այս ամբողջը ես ինչպե՞ս համարեմ իրավական պրոցես։ Սա մեսիջ է ամբողջ հանրությանը, որ ով իշխանությանն ընդդիմանա, այս օրն է ընկնելու»,- ընդգծեց  Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանը նաև փոխանցեց՝ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ քննչական մարմին հաղորդում են ներկայացրել, արձագանքը եղել է այն, որ դա չեն դիտարկել ո՛չ հայտարարություն, ո՛չ միջնորդություն։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Վարդան Ղուկասյանին պետք է դուրս շպրտեն հանրային ու քաղաքական կյանքից»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց, նա ձերբակալվել էր նախորդող օրը՝ Գյումրու համայնքապետարանում գրեթե 6 ժամ դիմակավորված անձանց կողմից խուզարկությունից և բիրտ գործողություններից հետո։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս