44-օրյա պատերազմից հետո որդեկորույս ընտանիքներում 20 երեխա է ծնվել
«Անպտղության հաղթահարում. պատերազմում զոհված զինծառայողների մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքը» թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նախ ներկայացրեց անպտղության հաղթահարման ծրագրի՝ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքները․
«Ծրագրի շրջանակում արդյունքները տարեցտարի բարելավվում են, որովհետև ավելանում է ֆինանսավորումը տարեցտարի և բուժհաստատությունները կարողանում են ավելի շատ շահառուներ սպասարկել։
Վեց ամսվա կտրվածքով ընդհանուր առմամբ արդեն ծնվել է 44 երեխա և միայն վեց ամսվա ընթացքում արձանագրվել է 104 նոր հղիություն։ Ես չեմ խոսում նախորդ տարվա արձանագրված հղիությունների մասին, որոնք դեռ շարունակական են»։
Համեմատելով այս տարվա առաջին կիսամյակը նախորդ տարվա հետ, ԱՆ ներկայացուցիչն ասաց, որ դրական դինամիկա է նկատվում․
«Միայն նախորդ տարվա ընթացքում, եթե սպասարկվել է 917 շահառու, ապա այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն 577։ Գնալով շատանում են շահառուները, բնականաբար, բարելավվում են նաև արդյունքները»։
Նունե Փաշայանը ներկայացրեց, թե «Անպտղության հաղթահարում» ծրագիրն ինչ բաղադրիչներ է պարունակում, և ովքեր կարող են հանդիսանալ շահառուներ․
«Բաղադրիչներն են՝ անպտուղ զույգերի պատճառագիտության ախտորոշումը, որն իր մեջ կարող է ներառել նաև վիրահատական միջամտություններ, և հղիությունը տեղի է ունենում հենց այս էտապում՝ վիրահատություններից հետո։
Մյուսն արհեստական սերմնավորումն է, արտամարմնային բեղմնավորումը և վերջապես ներպատվաստումը արգանդի խոռոչում։ Ծրագրով նախատեսված է արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, առաջին փորձն իրականացվում է ամբողջությամբ անվճար, իսկ երկրորդ փորձը կատարվում է 50 տոկոս զեղչով։ Եթե անձը, զույգը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերն իրականացվում են պետական պատվերի հաշվին, դա՝ հետազոտությունն է, բեղմնավորումն է, ներպատվաստումն է արգանդի խոռոչում»։
Մասնագետի խոսքով՝ ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք՝ տարբերություն չկա՝ ամուսի՞նը, թե՞ կինը, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիությունը կրելուն, մյուս խումբը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են, զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք և շատ մեծ խումբ՝ 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների ծնողները։ 2022 թվականին ավելացվեցին նաև դատական կարգով անհետ կորած ճանաչվածների ծնողները և 44-օրյա պատերազմից հետո թշնամու հետ շփման գծում զոհված հերոսների ծնողները»։
ԱՆ ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ ամենաշատը դիմել են 44-օրյա պատերազմում զոհված ծնողները․
«Այդ խմբի վերաբերյալ վիճակագրությունը սկսել ենք ամփոփել այս տարվա սկզբից, քանի որ սա բավականին երկարատև պրոցես է, տևում է միջինում 1-1.5 տարի, և արդյունքների մասին մենք կարող ենք խոսել միայն այս տարի։
Երեկվա դրությամբ ամփոփել ենք թվերը, ունենք ծնված 20 բալիկ, և միայն առաջին կիսամյակում 31 նոր գրանցված հղիություն է արձանագրվել շահառուների այս խմբում․․․»։
Փաշայանը նաև հավելեց, որ այս ծրագրին դիմելու համար կա տարիքային սահմանափակում․
«Բացի մեր զոհված հերոսների ծնողներից, շահառուների մյուս խմբերի նկատմամբ գործում է 36 տարեկան սահմանափակումը, որը կատարվել է միայն այն պատճառով, որ բարձրանա արդյունավետությունը։ Դիմումը մուտքագրելու դեպքում իրենք կարող են հերթում մնալ մինչև 38 տարեկանը։ Զոհված զինծառայողների ծնողների համար գործում է մինչև 53 տարեկանի շեմը»։