«Շուշիի ազատագրման գործողություններին մենք պարզապես ցնծում էինք. hամոզված եմ, դեռ գալու է օրը, որ մենք կգնանք Շուշի». Շուշիի քաղաքապետ

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այսօրվա նման հիշում է Շուշիի ազատագրման օրը։ Ասում է՝ թեև պատերազմի ընթացքը ծանր էր, բայց բոլորն էլ հավատում էին Շուշիի ու Արցախի ազատագրմանը։

«Շուշիի ազատագրման հիմքը դրվել է 1992 թվականի հունվարի 26-ից՝ Քարինտակի հերոսամարտից հետո։ Այդ ժամանակ Քարինտակում 12 ժամ շարունակ մարտեր էին ընթանում, որին անձամբ մասնակցել եմ։ Մեր վիրավորներին առաջին բուժօգնություն էի ցույց տալիս, այդ օրերին վիրավորներին օգնություն ցուցաբերելն ավելի կարևոր էր։ Ականատես լինելով Շուշիի ազատագրման գործողություններին, մենք պարզապես ցնծում էինք։ Մի հետաքրքիր բան ասեմ․ երբ Շուշին ազատագրելուց հետո մտանք քաղաք, ես այնտեղ ադրբեջանցիների հոտը զգացի․․․ Շուշիի ազատագրման օրը ողջ ազգի համար ուրիշ օր էր, մենք մեր աչքով տեսանք այդ օրը։ Ճիշտ է, սկզբում որ մտանք քաղաք, տեսարանը տհաճ էր՝ ադրբեջանցիների հոտը, թափթփվածությունը, ռմբակոծված տներ, բայց աստիճանաբար մենք այդ ամենը մաքրեցինք։ Վերջին տարիներին ինքս միշտ հպարտորեն նշում էի, որ Շուշիի հոտն էլ է փոխվել, արդեն այդ հոտը հայեցի է։ Ես համոզված եմ, դեռ գալու է օրը, որ մենք կգնանք Շուշի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը՝ խոսելով Շուշիի ազատագրման օրվա վերաբերյալ հիշողություններից։

Նա նշեց, որ Քարինտակի թեժ մարտերի ժամանակ, դիրքերից մեկում կանգնած տեսնում էր, թե ինչպես են ադրբեջանցիները վերևից կրակում, բենզինը լցնում տների վրա այրում, հենց այդ ժամանակ էլ թեև սիրտը ցավում էր այրվող հայկական տների համար, բայց մեջը միանգամից հույս է արթնացել։

«Ես չգիտեմ՝ այդ ժամանակ երազում էի թե ինչ՝ տեսիլքի նման մի բան եղավ, որ մենք հզորանում ենք ու հաղթանակ ենք տոնելու։ Այդ ամենի մասին բարձրաձայն խոսում էի, դիրքապահ տղաներից մեկը՝ Արմենը, ինձ հրեց, թե՝ այ Արծվիկ՝ երազի մեջ ե՞ս, ասացի՝ չէ, մենք Շուշին ազատագրելու ենք։ Այդ օրերին ազատագրվեց նաև Իվանյանը, Խրամորթ գյուղը։ Երբ մենք Քարինտակում էինք, չէինք պատկերացնում՝ ինչպես կարող ենք երկար մնալ այնտեղ, երբ մեր վերևում՝ Շուշիում, թշնամին էր։

Հիմա էլ հնարավոր չէ, որ թշնամին նստի բարձունքներում, իսկ մենք ներքևում ապրենք։ Թշնամին լկտի է, այդպես երկար շարունակվել չի կարող։

Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ ուսանող էի, 1991 թվականին ջոկատ էի կազմել, ուղղաթիռով իջել ենք Քոլատակ, այնտեղից էլ եկել ենք Քարինտակ։

Միշտ հուսով եմ, մեր ժողովրդի մեջ էլ այդ հույսը տաք պահում եմ, որ հանկարծ չմտածեն, որ Շուշին այլևս մերը չի լինելու։ Եթե այդպես մտածենք, ապա մեր առաջին պարտությունը դա է լինելու․ կյանքն առջևում է, և մենք պետք է կարողանանք հասնել մեր նպատակներին»,- հավելեց նա։

Շուշիի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ այսօր ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում, այնուհետև բարձրացել են Արցախյան ազատամարտի տանկ-հուշարձանի մոտ, այնտեղ նույնպես ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակված հերոսների հիշատակը։

Տեսանյութեր

Լրահոս