«Երկիր ենք կորցնում, դուրս եկեք փողոց». Հրանտ Թոխատյան

«Այսօր «հասել ենք մի պատի, որից այն կողմ սկսվում է երկրի կործանումը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

«Մենք կարող ենք կորցնել երկիր, նախ և առաջ, Արցախը, որը շատ վտանգավոր է, որի հաջորդ քայլը՝ Հայաստանն է: Կսկսեն Հայաստանի մի մասից, հետո դա կշարունակվի: Այս վիճակն է, և ես զարմանում եմ, որ մեր հասարակության մեծ մասը այս ամենը տանում է դեպի հնի ու նորի պայքարի: Չենք կարողանում որևէ կերպ հասկանալ, որ այդ պայքարի մի մասն արդեն լուծվել է 1998թ., 2003թ., 2008թ., 2018., այսինքն՝ այսօր խոսքը հնի ու նորի մասին չէ, այսօր խոսքը հավերժականի մասին է՝ երկրի, հողի, հայրենիքի մասին ենք խոսում, մեր երեխաների վաղվա օրվա մասին: Եթե իմ մտքում կա, որ երեխաս կմեծանա, կուղարկեմ մի երկրում կսովորի, ես էլ կապրեմ, էլի, այդ դեպքում, այո, ավելի լավ է դուրս չգալ փողոց, բայց այն ընտանիքը, որտեղ հատկապես տղա երեխա է մեծանում և հայրը տղային պատրաստում է, որ՝ բալես, սա քո երկիրն է ու հարկ եղած ժամանակ պետք է գնաս՝ կանգնես սահմանին, պաշտպանես քո երկիրը, ցավոք, այդ ընտանիքների քանակը կրճատվում է, և դա է վտանգավոր»,- ընդգծեց ՀՀ ժողովրդական արտիստը:

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ այսօր պետք է դուրս գալ փողոց. «Այսօր հանգիստ ոչինչ չի կարող լինել՝ նստել հանգիստ երաժշտություն գրել, հանգիստ կտավ նկարել կամ հանգիստ բարձրանալ բեմ: Ասում են՝ չեմ զբաղվում քաղաքականությամբ: Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ, թող դրանով զբաղվեն քաղաքագետները, այսօր պետք է զբաղվել երկրի հարցերով: Նախկինում ես մտածում էի, որ լավագույն հարթակը բեմն է, և բեմում արտահայտում էի իմ կամ ընկերներիս մտքերը, բայց արի ու տես՝ դա քիչ էր»:

Դերասանի դիտարկմամբ՝ հատկապես իր երիտասարդ գործընկերները գուցե նեղվում են տարբեր պիտակներից, որոնք նրանց կարող են կպցնել, եթե սկսեն խոսել. «Թող ինձ ների տիկին Վարդուշը, բայց ոմն տիկին Վադուշի կարծիքն ինձ չի հետաքրքրում, ես իր համար էլ եմ խաղում բեմում, բայց իր կարծիքն իմ մասին ինձ չի հետաքրքրում, որովհետև բան ասող մարդը կգա՝ կնստի դիմացս ու կասի, որովհետև կամ կպնում են անձնականին, կամ այն աշխատանքին, որն անում ես՝ հին, լափաման, փող…»:

Դիտարկմանը՝ հիմնականում ֆեյքերով են դա անում, չեն կարողանում իրենց դեմքով այդ ամենը գրել, նա արձագանքեց. «Մենք Ձեզ հետ միասին հասկանում ենք, որ ֆեյք է, բայց չէ՞ որ դա կարդում են տարբեր մարդիկ, ասում են՝ եթե ասում է, ուրեմն՝ մի բան գիտի, ու արդեն անցնում ենք այդ դիալոգին»:

Հրանտ Թոխատյանը որևէ բան չի ակնկալում իր այն գործընկերներից, որոնք երկրում առկա այս իրավիճակում լուռ են. «Ես չեմ ասում՝ բոլորը համաձայնեն ինձ հետ, դուրս գան փողոց, ուս ուսի տված՝ առաջ գնանք, կուզեի՝ այդպես լիներ, բայց դա չէ դոգման, դոգման նրա մեջ է, որ գոնե մի կարծիք պետք է ունենաս: Ամենաանդուրն այն է, որ անձնական զրույցներում կա դժգոհություն: Երևի թե վտանգի զգացողությունն է մի քիչ բթացել»:

Նա ցավով նշեց, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» գաղափարը չդարձավ հանրությանը միավորող գաղափար. «Մեզանից շատերի համար Արցախը աչքի գրող է. մեր հայրերի, եղբայրների, իմ սերնդակիցների, իմ ընկերների արյունով ազատագրված Արցախը: Քանի՞ հոգի գնաց՝ ծաղիկ տնկեց: Հրաշք երկիր, ոնց որ դրախտ լինի, քանի՞ ընտանիք տեղափոխվեց, ի՞նչ արեցին: Իսկ երբ ծրագիր էիր ներկայացնում… անձամբ ես ծրագիր ներկայացրել եմ այն ժամանակ Արցախի նախագահին, կառավարությանը, որոշ մասը ընդունվել է, փորձել ենք անել, բայց պարզվեց, որ «ես պաշտոն էի ուզում, դրա համար եմ գնացել»: Դուք հասկանո՞ւմ եք՝ այդ նյութապաշտությունն այսօր մեզ ներսից ուտում է: Քանի այդ մտածելակերպը մեր մեջ կա, դրա համար էլ այսօր փողոցում չեն: Ես շատ կուզենայի, որ այսօր հարյուր հազարներով փողոցում լինեին: Դու ուզո՞ւմ ես այս իշխանությանը՝ ուրեմն՝ պահանջիր այս իշխանությունից քո ապահով երկիրը, ի՞նչ եք անում դրա համար, գոնե դա ասա, չեմ ասում՝ գնա՝ ասա՝ հեռացեք, ասա՝ հոպ, ախպեր, էս ի՞նչ եք անում»:

Հրանտ Թոխատյանին չի հետաքրքրում՝ վաղը ով կլինի երկրի ղեկավարը, բայց ուզում է, որ լինի սրտացավ և իրենից պահանջի՝ լինել նորմալ քաղաքացի՝ օրինակ ծառայելով. «Ես հասկացա, որ մենք մեծ խնդիրներ ենք ունենալու Գերմանիայում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, որովհետև մինչև այդ դեռ հույս կար, ես էլ էի բոլորին ասում՝ ախր լավ կրթություն ստացած երիտասարդներ են, թողեք՝ աշխատեն կամ գնանք օգնենք: Նախ՝ իրենց այդ օգնությունը պետք չէր, որովհետև եթե դու մի փոքր տարիքով մեծ ես, ուրեմն՝ հին ես: Իսկ պատերազմը վերջնական ինձ տրորեց»:

Հարցին՝ սխալվե՞լ եք, թե՞ ձեզ խաբել են, նա պատասխանեց, որ իր տարիքում իրեն չեն կարող խաբել. «Այնպես չի եղել, որ ես 2018թ. ոգևորված վազել եմ հրապարակներ, չնայած՝ այն ժամանակ, անգամ այդ միտինգային օրերին Փաշինյանի հետ երկու հանդիպում ենք ունեցել, ուղղակի միտինգից հետո պարզապես սուրճ ենք խմել, զրուցել»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տպավորություն է ստացել այդ ժամանակ Փաշինյանից: «Ցավոք, ամենանեյտրալ, ոչ մի, որովհետև ես սպասում էի վառվռուն աչքերով ֆանատ երիտասարդի, բայց պարզվեց, որ հարթակի վրա ձայնի այդ տեմբրը, մի քիչ անդուր, բայց ազդում է հասարակության վրա, իսկ սովորական զրույցի ժամանակ՝ ոչ մի էմոցիոնալ ֆոն ու ոչ մի ծրագիր, որ վաղը այս կլինի: Բայց մի քիչ հույս կար, որ ևս մեկը եկավ, հնարավոր է և…»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ըստ մամուլի՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը ավելացել է ևս 15-ով, չնայած մինչ այդ էլ աննախադեպ մեծ է եղել։ Մամուլը գրում է, որ Փաշինյանը բացարձակ դադարել է վստահել որևէ մեկին, էլ ավելի կասկածամիտ է դարձել և գրեթե բոլորից «ստրախովկա» է պահպանում։ Այցերի ժամանակ առավել ևս ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում, այդ թվում՝ հանդիպումներին հաջորդող հյուրասիրության մասով:

Հրանտ Թոխատյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ Հրանտ Թոխատյանից պե՞տք է վախենա:

«Պետք չէ, որ ինձանից վախենա, պետք է որ անընդհատ հիշի, որ Հրանտ Թոխատյան կա, ու փորձի երկխոսել ինձ հետ, ոչ թե ինձանից պաշտպանվի ումո՞վ՝ ոստիկանո՞վ, լավ, ինչքա՞ն պետք է պաշտպանվի: Եթե անընդհատ իրենք հայտարարում են՝ շատ քիչ մարդ է հրապարակներում ու փողոցներում գոռգոռում, մարդ չկա, և այլն, ապա, եթե մարդ չկա, ուրեմն՝ ինչո՞ւ ես ավելացնում անվտանգության աշխատակիցներին: Նա շատ լավ գիտի, որ տեռորիստ ազգ չենք: Բա, առաջ դուրս էիր գալիս հրապարակներ, ի՞նչն է խանգարում, որ այսօր գաս հրապարակ ու ասես՝ եկեք  հասկանանք՝ ինչ է կատարվում, ու փորձիր ժողովրդի հետ խոսել: Այնպիսի մարդիկ են խոսում, որ ասում ես՝ եթե իմ երկրի վարչապետը մնացել է այս մարդկանց հույսին, ուրեմն՝ ափսոս է երկիրս»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ նման վախեր ունեցող մարդը արդյո՞ք կարող է կամ դեռ որքա՞ն կարող է շարունակել ղեկավարել երկիրը, նա պատասխանեց. «Եթե իր ձեռքից չբռնել ու ասել՝ լավ, բալիկ ջան, լավ, հասկացանք, խաղացիր, իջիր՝ գնում ենք տուն, սոված ես, այդպես հա՜ կխաղա»:

Ժողովրդական արտիստը հորդորեց մարդկանց շարժվել այնպես, ինչպես իրենց խիղճն է թելադրում. «Հանեք ձեր միջից սևուսպիտակները, հներ-նորերը, երկիր ենք կորցնում, դուրս եկեք փողոց, դուրս չե՞ք գալիս՝ տանը ամեն ինչ արեք, որպեսզի պահենք երկիրը, հասկանո՞ւմ եք: Հասել ենք 21-րդ դար, հայերով նստած խոսում ենք ոչ թե առաջընթացի, այլ երկիրը պահելու մասին, ուրեմն՝ ամոթ մեզ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս