«Սուրենս սիրում էր ժենգյալով հաց, հիմա, որ պատվիրում են, արցունքներս թափելով թխում եմ»․ զոհվածի մայր
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սուրեն Աբրահամյանի մայրը՝ տիկին Արմինեն, շուրջ 1.5 տարի, ամեն շաբաթ Ստեփանակերտից գալիս է Երևան՝ «Եռաբլուրում» ննջող հերոս որդու շիրիմին։
Սուրենը ծնունդով Ստեփանակերտից էր, ընտանիքի միակ որդին։ Տիկին Արմինեն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որդուն այդպես էր անվանակոչել՝ ի պատիվ Արցախյան առաջին պատերազմում զոհված տեգրոջ։
«Տեգրս 1993 թվականին զոհվել է կռվում, ինքն էլ էր 24 տարեկան, նույն անունն էր՝ Սուրեն Աբրահամյան։ Որ 95 թվականին երեխաս ծնվեց, չգիտեմ՝ ինչու ձգտեցի տեգորս անունը դնեմ, ասացի՝ թող անունը շարունակվի, շատ լավ տղա էր։ Որ Սուրենիս 20 տարեկանը լրացավ, մի տեսակ վախենում էի 24 տարեկանից, մտքովս մեկ-մեկ անցնում էր, Աստված, որ տեգրս 24 տարեկանում զոհվեց, կարո՞ղ է ինչ-որ վատ բան տղուս հետ պատահի։ Կռիվ անգամ մտքովս չէր անցնում, ուղղակի որ վարորդ էր, միշտ վախենում էի՝ մի վթար լիներ»։
Տիկին Արմինեն պատմեց, որ որդին դեռ մանկուց աչքի էր ընկնում հայրենիքի նկատմամբ յուրահատուկ սիրով։ Սուրենը դպրոցն ավարտելուց հետո ծառայության էր անցել Հադրութում, իսկ զորացրվելուց 1 ամիս անց որոշել էր ծառայությունը շարունակել Զինված ուժերում․
«Մի ամիս էլ չմնաց տանը, իսկույն մտավ կապի գումարտակ։ Միշտ դեմ էի, որ ինքը բանակում աշխատեր, բայց դա իր սերն էր, ինքը շատ էր սիրում բանակի գործը։ 4 տարի այնտեղ ծառայեց, այդ ընթացքում սովորում էր համալսարանում, պլանավորած էր սովորում, որ մտներ Ազգային անվտանգություն ու բարձրանար»։
Հենց այդպես էլ եղավ, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Սուրենն աշխատանքի էր անցել Արցախ Ազգային անվտանգության ծառայությունում, այդ ընթացքում հասցրեց նաև ամուսնանալ․
«Մի լավ, սիրուն, դժվար կյանք տեսած աղջկա հանդիպեց։ Այսօր ինքն ինձ համար ոչ թե միայն հարս է, այլ համ իմ Սուրենն է, համ հարսն է, համ էլ թոռնիկիս մաման է։ Ամուսնացան, 2 ամսից այս անիծված կռիվը սկսվեց, պայքարեց մինչև վերջ, մինչև նոյեմբերի 3-ը պայքարեց։
Կռվի օրերին ամեն օր զանգում էի, ասում էի՝ Սուրեն, գոնե մի անգամ էլ դու արի, էլի, կինդ նոր հղիացած։ Ասաց՝ մամ, դու գիտե՞ս՝ այստեղ ինչ է կատարվում, ես պետք է մնամ իմ հայրենիքին․․․
Ես էլ արդեն իմանում էի՝ ինչ է կատարվում, ասում էի՝ Սուրեն, գուցե վե՞րջ տաս, քո այդ գործն ինձ պետք չի։ Ասաց՝ մամ, ես ամաչում եմ, որ դու այդպիսի բաներ ես ասում, ես պետք է աշխատեմ, ես պետք է ծառայեմ, ես-ես անելով՝ հասավ մինչև նոյեմբերի 3-ը»։
Տիկին Արմինեն պատերազմի օրերին Երևանում էր, Հյուսիսային պողոտայում ժենգյալով հաց էր թխում, գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մինչև նոյեմբերի 3-ը 5 միլիոն դրամ էին փոխանցել․
«Ազնիվ խոսք, օրական 2000-ից ավելի ժենգյալով հաց էինք պատրաստում։ Առավոտ 9-ից գնում էինք, մինչև գիշերը 12-12։30 ջանքեր դրած աշխատում էինք։ Տղաս զանգում հարցնում էր՝ մամ, բա չե՞ս հոգնում, ցավդ տանեմ, քեզ պե՞տք է այդ գործը, ես աշխատում եմ, ինչ պետք է՝ անում եմ։ Ասում էի՝ չէ, բալաս, որ ես էլ գիտեմ՝ բանակի համար է, զինվորի համար է, նվիրված աշխատում ենք»։
Տիկին Արմինեն հիշում է 2020 թվականի նոյեմբերի 3-ը, այդ անիծված և չարաբաստիկ օրը, երբ որդու ձայնը վերջին անգամ լսելուց ժամեր անց գույժը հասավ ականջին․
«Աղջկաս հեռախոսին զանգ եկավ, ասացին՝ մամադ տա՞նն է, պատասխանեց՝ հա, ասացին՝ դե, իրեն չասես, Սուրենը ոնց որ վիրավորվել է․․․ Այդ պահին ես գոռալով ասում էի՝ ոչ, խաբում եք, իմ տղան վիրավոր չի, ասացին՝ արխային մնա, վիրավոր է, ոտքերն է կտրվել, բայց ես արդեն գիտեի, որ իրենք խաբում էին, այդ ժամին էլ միանգամից զոհվեց․․․ Հետո ընկերները պատմում էին, որ մինամյոտից էր վիրավորում ստացել, առանց կասկա էր, գուցե կասկա լիներ գլխին՝ փրկվեր։ Պատմեցին, որ առաջին հարվածից հետո կանգնել է, վիրավոր վիճակով, հարբածի նման գնացել է, որ մտնի խրամատը, բայց 2-րդ մինամյոտը հենց այդ խրամատին է խփել․․․»։
Դեպքը տեղի էր ունեցել Սղնախ գյուղում, երբ այն արդեն թշնամու վերահսկողության տակ էր անցել․ պատմեց որդեկորույս մայրը.
«Իրենք շատ լավ գիտեին, որ Սղնախ գյուղն արդեն թուրքերի ձեռքին է, հենց այդ նույն օրը, նույն ժամին անվտանգությանն ուղարկում են․․․ Սղնախ գյուղի բնակիչներից ինձ պատահել են, ասում են՝ մենք ասացինք՝ տղաներ, արդեն ուշ է, հետ դարձեք, մի գնացեք, բայց իրենք ասում էին՝ ոչ։ Ասացին՝ հենց քո տղան ասաց՝ ոչ, հես ա մինչև մի կես ժամը տեսեք ինչ ենք անելու, բայց մինչև կես ժամը խաբարն եկավ, որ ինքը չկա․․․»։
Սուրենի զոհվելուց 4 ամիս անց ծնվել է նրա դուստրը՝ Սերինեն։ Տիկին Արմինեն ասաց, որ թոռնուհին արդեն սկսել է «մամա», «պապա» ասել։ Օրեր առաջ թոռնիկի հետ էր եկել Եռաբլուր, դա Սուրենի և դստեր առաջին հանդիպումն էր․
«Շատ էր պապա-պապա անում, հարսս ասաց՝ մամ, գուցե այս անգամ Սերինեին էլ տանենք Եռաբլուր․․․ Աննկարագրելի տեսարան էր, պապային ի՞նչ արեց, լիզեց, ուղղակի լիզեց։ Կյանքում չեմ մոռանա այդ պահը»։
Տիկին Արմինեին հենց թոռնիկն է ապրելու ուժ տալիս։ Երկարատև դադարից հետո նա վերադարձել է նախկին աշխատանքին, Ստեփանակերտի կենտրոնական շուկայում ժենգյալով հաց է պատրաստում ու հիշում սիրելի որդուն․
«Ինքը սիրում էր ժենգյալով հաց, մեկ-մեկ զանգում ասում էր՝ մամ ջան, առանց ձեթ, կծու, մի քիչ էլ աղի սարքիր, գալիս եմ։ Ինչքան էլ պատվեր էր լինում, արագ սարքում էի, գալիս մի հատ ուտում էր՝ գնում։ Որ արդեն հարսիս հետ հանդիպում էր, սիրահարների օրն էր, զանգեց, ասաց՝ մամ ջան, կարող ես մի հատ ժենգյալով հաց սարքես ինձ համար, ասացի՝ կարող եմ, առաջին անգամ սրտիկ սարքեցի ժենգյալով հացից, շատ լավ ստացվեց, որ եկան տեսան, գրկեց, պաչեց, ասաց՝ մամաս մի հատ ա աշխարհում։ Հիմա, որ ինքը չկա, մեկ-մեկ զանգում՝ առանց ձեթ, կծու ժենգյալով հաց են պատվիրում, իսկույն հիշում եմ, արցունքներս թափելով թխում եմ։
Հիմա ինքը չգիտի, թե ես ինչ ապրումներ եմ տանում, ամիսը 3 անգամ գալիս եմ, գնում, մեկ է՝ ինչ էլ անում եմ, ամեն ինչը տեղը տեղին պահում եմ, գիտեմ, թե ինչ-որ հանգստություն պետք է զգամ, բայց ոչ։ Ամենաթանկ ծաղիկներին չեմ խնայում, առնում, բերում եմ, սիրուն պահում եմ երեխուս տեղը։ Որ գնում եմ, էլի ուշք ու միտքս այստեղ է, ամեն պահ, ամեն վայրկյան, խոսելիս, քնելիս, աշխատելիս, ուտելիս, ամեն պահ իմ տղան իմ հետ է․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում