«Սասուն Միքայելյանի դուստրը ՀՀ քաղաքացի է, ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունի ՀՀ ամեն քաղաքացի». Լիլիթ Ստեփանյան
168.am–ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
– Տիկին Ստեփանյան, Գիտությունների ազգային ակադեմիային ի՞նչ ճակատագիր է սպասվում։ Բազմիցս նշվել է, որ այն պետք է լուծարվի, քանի որ կրթության վերաբերյալ օրենքի նախագծում այդպես է նշված:
– Իսկապես հանրության լայն շրջանակներում քննարկվում է այս հարցը, և ինձ համար խնդրահարույց է այն ձևակերպումն այս նախագծով ենթադրվող փոփոխությունների, որ արդյունքում ստացվում է, թե իբր այդ նախագծով ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ԳԱԱ-ն լուծարել: Միանգամից ասեմ, որ ԳԱԱ-ն հայ ժողովրդի, հայ գիտական մտքի սիմվոլն է, և ես բացառում եմ, թե՛ այս իշխանությունը, թե՛ մեզանից հետո եկող որևէ իշխանություն երբևէ համարձակվի ձեռք բարձրացնել Ակադեմիայի վրա:
Իրականում նախագծի մեջ առաջարկվում է փոփոխություն, որով ինչ-որ չափով ձևափոխվում է նախկինում ղեկավարվող ընդհանուր ձևաչափը: ԳԱԱ-ի մեջ ներառված բոլոր ինստիտուտները շարունակելու են աշխատել և շարունակելու են զբաղվել իրենց պարտավորություններով:
– Կրթության ոլորտի փորձագետները բազմիցս բարձրաձայնել են ոլորտի խնդիրները, սկսած բուհերից՝ մինչև դպրոցներ: Այդ խնդիրների համար մեղադրում էին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որ չի կարողանում ոլորտում պատշաճ քաղաքականություն վարել: Հիմա, երբ նախարարը փոխվել է, ի՞նչ եք կարծում, նոր նախարարը կարո՞ղ է այդ խնդիրները լուծել:
– Բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու, նաև ԱԺ ամբիոնից, որ թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում խնդիրները բազմազան են և կարիք ունեն համալիր լուծումների:
Շատ հաճախ ենթաօրենսդրական կարգերը, օրենքներն անում են այնպիսի ձևակերպումներ, որոնք ինչ-որ չափով լուսանցքի հնարավորություն են տալիս, որ կոնկրետ որոշում ընդունելիս դրսևորվի հայեցողական մոտեցում: Դրա վառ ապացույցն է 2018 թվականից հետո գրեթե բոլոր դպրոցներում տնօրենների մրցույթները, որից հետո լինում են բողոքներ, պարտվող կողմը կասկածի տակ է դնում մրցույթի արդյունքները, ընդհանուր պրոցեսին մասնակցում են նաև սովորողները, որը, կարծում եմ՝ ամենամեծ սխալն է, որը թույլ են տալիս մրցույթը վիճարկող կողմերը: Ինչ վերաբերում է նախկին նախարարին, ապա ասեմ, որ նոր նախարարը, թեկուզ վերջերս ԱԺ-ում քննարկված «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը հենց նախորդ նախարարի օրոք է մշակվել, ձևակերպվել, մեր նոր նախարարն ինչ-որ չափով շարունակողն է Կառավարության կրթական քաղաքականության ամբողջական ծրագրի: Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կասեմ՝ պարզապես Արայիկ Հարությունյանի դեմ բոլոր դժգոհություններն ուղղորդված էին:
– Այդ դժգոհություններն ո՞ւմ կողմից էին ուղղորդված:
– Երբ ընդունվում են որոշումներ, ցավոք, դրանք հասարակության ոչ բոլոր շերտերին են, որ կարող են դուր գալ, և, բնականաբար, լինում են դժգոհություններ:
– Տիկին Ստեփանյան, քանի որ Դուք Հրազդանից եք, խնդրում եմ ասեք, արդյոք ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դստեր դեպքում, ով աշխատանքի է անցել Կոտայքի մարզպետարանում, չի՞ գործել ծանոթ-բարեկամ մեխանիզմը, որը նախկինում բազմիցս քննադատվել է:
– Սասուն Միքայելյանի դուստրը՝ Սաթենիկը, ՀՀ քաղաքացի է, որն ունի բոլոր այն պարտավորություններն ու իրավունքները, որոնք ունի ՀՀ ամեն քաղաքացի: Եթե չեմ սխալվում, նա աշխատանքի է անցել 2018 թվականին․ իմ իմանալով՝ նա բավականին պարկեշտ ու խելացի աղջիկ է: Հիմա իմ հարազատ մարդիկ շատ տեղերում են աշխատում, պետք է ասենք՝ իմ հարազատներն են, դրա՞ համար են աշխատում: Կարծում եմ՝ այս մոտեցումն ինչ-որ փուլից սկսած պետք է դադարի՝ այս ծանոթ-բարեկամ, և այլն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում