
«Ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ». Ռուբեն Մելիքյան

«Ես այն մարդկանցից եմ, որոնք համարում են, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է». այսօր Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ այսօր կարևոր օր է, և դա է պատճառը, որ հարկ է համարել ֆիզիկապես լինել ՍԴ-ի դիմաց:
Այսօր ուժի մեջ մտան հունիսի 22-ին ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունները, համաձայն որի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն էլ շարունակելու մնալ ՍԴ-ում, բայց արդեն ոչ թե՝ ՍԴ նախագահի, այլ՝ դատավորի կարգավիճակում:
«Ես համարում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել սկսած 2019-ի հունիսի 20-ից մինչև այսօր ներառյալ, սահմանադրական կարգի տապալման մի ամբողջ գործընթաց էր, բազմաթիվ արարներով, և այս վերջին արարը, որն ամենակոպիտն էր, ամենաերևացողն էր, ամենաառերևույթն էր: Մենք տեսանք, որ Հանրապետության վարչապետը հիմա էլ իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք և ի լուր աշխարհի իր ֆեյսբուքյան էջով հայտարարում է, որ այս պահին սա է գործում, նա է գործում, և այլն: ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց բոլորիս հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք: Արդյո՞ք մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր իրավական արժեքներ են կարևորում, թե՞ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ոտնատակ տալ դրանք քաղաքական նպատակահարմարության, շահից ելնելով: Հնարավորություն տվեց հասկանալ՝ արդյո՞ք մենք ունենք պետության գլուխ Հանրապետության նախագահ, թե՞ մենք ունենք մարդ, ով պատրաստ է գիշերվա կեսին լինել Արտուշ պապիկ։ Արդյո՞ք մենք ունենք խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժ, թե՞ միայն մեկ ընդդիմադիր ուժ, իսկ մյուսն «Իմ քայլը» դաշինքի առանձին ֆրակցիա կարելի է համարել։ Սա կարելի է համարել ներքին ֆրակցիոնիզմի դրսևորում»,- ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ որևէ տեղ գրված չէ, որ Արդարադատության նախարարը կամ վարչապետն իրավունք ունեն մեկնաբանել Սահմանադրությունը և որոշել, թե ինչն է կիրառելի, ինչը՝ ոչ: Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Հայաստանն այսօր արդեն ունի սահմանադրական ճգնաժամ, որն իշխանությունը ստեղծեց իր իսկ ձեռքով:
«Կա մոտեցում, համաձայն որի՝ երկու կամ երեք դատավորներ, Ալվինա Գյուլումյանի մասով այստեղ կա լուրջ հարց, այլևս դատավոր չեն, կա նաև մյուս մոտեցումը, որ նրանք շարունակում են պաշտոնավարումը, այն պարզ պատճառով՝ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը՝ անփույթ են գտնվել, փնթի են գտնվել և ժամանակին չեն փոխել: Կա նաև մոտեցում, որ սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի, կամ էլ ունի, բայց կիրառելի չէ: Սա արդեն ճգնաժամ է նշանակում»,- ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը ՍԴ-ն համեմատեց հախճապակե թանկարժեք ծաղկամանի հետ, որը դրված է պահարանում: Պահարանը 30 տարի տարբեր ժամանակներում ճոճվել է, բայց ծաղկամանին որևէ բան չի պատահել, իսկ հիմա այն փշրվել է:
«Ազատ անկումն ավարտվեց, և մենք ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ, շատ դժվար է լինելու վերականգնել այս խայտառակ վիճակը»,- ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի` ՍԴ ներկայացրած դիմումին և ձայների քիչ կամ բավարար լինելուն` Մելիքյանը նշեց, որ կարևորն այն չէ, թե ինչպես կմեկնաբանի Արդարադատության նախարարը, կամ ինքը, կարևոր է, թե ինչպե՞ս է կիրառողը՝ ՍԴ-ն, դա մեկնաբանելու։
Հիշեցնենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով ուղարկել էր դիմումը Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ Իսկ այսօր վաղ առավոտյան հանձնեց Դատարանին նաև թղթային տարբերակը։ Դիմումը ստորագրել են ԲՀԿ-ի 25 պատգամավոր, ինչպես նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` դիմումը պետք է ներկայացված լինի ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից, 132-ի 1/5-ը 26.4-ի է հավասար: ԲՀԿ-ի դիմումը 26 պատգամավոր է ստորագրել: Երեկվանից տարբեր բանավեճեր են ծավալվում՝ դիմումը պետք է ստորագրած լինի 27, թե՞ 26 պատգամավոր։