«Ես չունեմ պատասխանը, թե մարդիկ իրենց ինչպես պետք է պահեն տրանսպորտում, որ չվարակվեն». Հովակիմ Զաքարյան
«Կարանտինի 2-րդ ամսվա ավարտին մենք ունենք հաստատված դեպքերի դրական աճ: Սա խոսում է այն մասին, որ արդյունավետ չեն կազմակերպվել աշխատանքները»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը:
Խոսելով ռապիդ թեստերի ու դրանց արդյունավետության մասին` մասնագետն ասաց, որ արագ թեստերի ճշգրտության աստիճանը շատ բարձր չէ, և ինքն ընդհանուր առմամբ բացասական է արտահայտվել դրանց կիրառության նպատակահարմարության վերաբերյալ:
Հովակիմ Զաքարյանի խոսքով` սկզբնական շրջանում, երբ խոսքը մի քանի հարյուր հնարավոր վարակակրի մասին էր, կարելի էր նրանց պարտադիր մեկուսացնել ու դանդաղեցնել վարակի մուտքը Հայաստան:
«Ես չեմ ասում` հնարավոր էր կանխել վարակի մուտքը, բայց տարածման արագությունը կարող էր ավելի դանդաղ լինել, եթե մենք այդ քայլն անեինք և, իհարկե, հենց այն օրը, երբ եղավ Էջմիածնի դեպքը, պետք էր անմիջապես տարածաշրջանը փակել ու միանգամից միգուցե արտակարգ դրություն հայտարարել»,- ասաց վարակաբանը:
Վերջինս նշում է, որ փակ տարածքներում, երբ հնարավոր չէ սոցիալական տարածություն պահպանել, պարտադիր է դիմակ կրելը ավելի, քան ձեռնոց կրելը: Նա նկատում է, որ սա էլ իր տեսակի մեջ պատերազմական իրավիճակ է, և հիմա մեզ համար դիմակը հացի արժեք ունի, ու պետությունը պետք է հետևի, որ դրանց գները կամայականորեն չբարձրացնեն:
Խոսելով կորոնավիրուսի բուժման մեթոդների մասին` Հովակիմ Զաքարյանն ասաց, որ պետք է օգտագործել միայն այն դեղամիջոցները, որոնք հակավիրուսային դեղամիջոցներ են, այլ ոչ թե իմունոխթանիչներ:
«Իմ կարծիքով՝ այն դեղամիջոցները, որոնք խորհուրդ են տրվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, հենց հակավիրուսային դեղամիջոցներ են: Տարիների ընթացքում ապացուցված է, որ դրանք շատ լավ ազդում են այլ վիրուսների վրա, և հիմա ամբողջ աշխարհում օգտագործում են հենց կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Պետք է մնալ այդ սահմանի մեջ»,- ասաց վարակաբանը:
Ըստ նրա` իմունոխթանիչների օգտագործումը հատկապես շատ ռիսկային է թոքաբորբերի ժամանակ:
Հովակիմ Զաքարյանը նշում է, որ այս վարակի վտանգավորությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ դու կարող ես լինել վարակակիր, բացարձակ որևէ սիմպտոմ չունենալ, բայց վարակել մեկ այլ մարդու, որն ավելի ծանր կարող է տանել այն:
«Անկախ նրանից՝ մենք առո՞ղջ ենք, թե՞ ոչ, պետք է պահել սոցիալական դիստանցիա: Ձեռնոցի տրամաբանությունն ինձ համար մի փոքր անհասկանալի է: Եթե ձեռնոց եք կրում ինչ-որ տեղ մտնելիս, հետո հանում, թափում եք, միգուցե հասկանալի է, բայց եթե այդ ձեռնոցը ժամերով ձեր ձեռքերի վրա է լինում, ու հետո նույն այդ ձեռքերով հպվում եք ձեր դեմքին, բերանին, անիմաստ է: Մաքսիմալ կարևոր է հաճախ լվանալ ձեռքերը: Կոնտակը վիրուսը փոխանցելու ամենագլխավոր ճանապարհներից է: Ես ձեռքս դրեցի այս սեղանին, որի վրա կար վիրուսը, հետո ձեռքս տարա դեմքիս ու վարակվեցի»,- ասաց վարակաբանը:
Ըստ նրա` եթե երկիրը վերադառնում է բնականոն աշխատանքի, ապա պետք է փոխել աշխատանքային պայմանները` մարդկանց միջև դիստանցիան մեծացնել, հերթափոխեր սահմանել, որ նույն տարածքում շատ մարդիկ չլինեն:
«Բայց ես չունեմ պատասխանը, թե մարդիկ իրենց ինչպես պետք է պահեն տրանսպորտում, որ չվարակվեն»,- ասաց վարակաբանը:
Մանրամասները` տեսանյութում