Ինձ համար ամենամեծ վիրավորանքը կլիներ այս իշխանությունից որևէ պարգև ստանալը. Արշակ սրբազան
Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր հրավիրված հանդիպմանը հայտարարեց, որ երկխոսությունը ենթադրում է երկու կողմ:
«Երբ իշխանության ներկայացուցիչները ժխտում են մյուս կողմի առկայությունը, հնարավոր չէ երկխոսության հույս ունենալ: Եվ այդ պայմաններում չկա առողջ որևէ մոդել, որ դու երկխոսության գնաս առանց ինքդ քո արժանապատվությունը ոտնահարելու և ինքդ քեզ ոչնչացնելու: Այն, ինչ արվեց 10 եպիսկոպոսների կողմից՝ իբրև հաշտության ժեստ, դա ինքնաոչնչացում է և ինքնաժխտում: Այդ պայմաններում երկխոսության մասին որևէ զրույց լինել չի կարող, դա ուղղակի մոնոլոգիա է, մենախոսություն՝ պարտադրանքի լեզվով»,- հավելեց նա:
Արշակ Սրբազանն ասաց, որ իր նկատմամբ հաշվեհարդարի կոչեր չեն եղել, բայց, ըստ նրա, ներգործելու տարբեր մեթոդներ կան:
«Նման փորձեր եղել են, բայց շուտ հասկացվել է, որ նման փորձերն անարդյունավետ են իմ դեպքում: Բայց մտքովս բացարձակապես չի անցել, որ նման տեսանյութերով կարող են փորձել կառավարելի դարձնել կամ ազդել: Պարզ է՝ ինձ պարգև չէին տալու, և ամենակարևորը՝ ինձ համար ամենամեծ վիրավորանքը կլինի այս իշխանությունից պարգև ստանալը կամ դրվատանքի արժանանալը: Իսկ մնացածն արդեն երկրորդական է, ինչ ուզում է՝ թող անեն»,- շեշտեց Սրբազանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
