Կոտայքում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. վերջինը կողաշրջված բախվել է ծառին, երկաթե արգելապատնեշն էլ շպրտվել ու վնասել է մեկ այլ «Opel»-ի. կան տուժածներ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ «Արձաններ» բացօթյա վաճառքի սրահի մոտ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված վաճառքի կետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց:
Բախման հետևանքով «Opel»-ը կողաշրջվել և բախվել է ծառին, իսկ «Jeep»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս:
Բախման հետևանքով նաև ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներից մեկը շպրտվել և վնասել է այդ պահին նշված վայրով դեպի Երևան ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:


