«Ոչինչ չեմ բացառում, այդ թվում՝ կարգալուծությունը. որոշումները կկայացվեն կանոնական կարգով». Արշակ սրբազան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ եպիսկոպոսաց ժողով, եկեղեցական ժողով հրավիրելու վերաբերյալ քննարկումներ բազմիցս ունեցել են, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսներին կարգալույծ անելու օրակարգ չկա։

«Հիացմունքի արժանի է, որ կալանավայրում գտնվելով հանդերձ՝ մեր սրբազանները պարբերաբար իրենց դիրքորոշումներն արտահայտում են։ Իրենց դիտարկումներն արել են, այդ թեմայի շուրջ մենք տարբեր առիթներով քննարկումներ ունեցել ենք՝ տարբեր ձևաչափերով»,- Մայր Աթոռում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արշակ սրբազանը՝ խոսելով Բագրատ և Միքայել սրբազանների՝ կալանավայրից տարածած հայտարարության մասին։

Նա բնական է համարում, որ որոշ թեմերի առաջնորդներ, որոնք որոշակի խզել են կապը, հերձված են ստեղծել, ներգրավված էին Գերագույն հոգևոր խորհրդում, եկեղեցու կյանքի կազմակերպմանը։ Այս առումով, ըստ նրա՝ որոշակի դժվարություններ կան, և այդ դժվարությունները հաղթահարելու համար քայլեր արվելու են։

«Չեմ ուզում ինձ վերաբերվեք՝ որպես դասատուի, որը ձեր բոլոր հարցերի պատասխանները սպառիչ ունի։ Հարցեր կան, որոնց պատասխանն այս պահին ինքս էլ չունեմ, կամ, եթե ունեմ՝ իմ անձնական մտորումներն են։ Քննարկումներ ծավալվում են, թե ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ կերևա քննարկումների արդյունքում։

Կարդացեք նաև

Բոլոր քայլերն արվելու են կանոնական, համարժեք արձագանքների շրջանակներում»,- հավելեց նա։

Հարցին, թե չի՞ բացառվում այդ սրբազաններին կարգալույծ անելը, Արշակ սրբազանը պատասխանեց.

«Ոչինչ էլ չեմ բացառում»։

Հիշեցնենք, որ օրերս Բագրատ և Միքայել սրբազանները բանտից հայտարարություն էին տարածել, որտեղ նշված է.

«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.

ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,

բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ՝ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,

գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,

դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Միևնույն ժամանակ պնդելով` ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:

Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս:

«Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. ը- 37:39)»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս