Սյունիքից զորքի հետքաշման փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել, նախաքննություն չի իրականացվում. ՔԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության հետքերով

Նոյեմբերի 27-ին 168.am-ը՝ «Զինվորականների հրամաններին պիտի գնահատական տա դատաիրավական համակարգը, «գերագույն հրամանատարի» որոշումներին՝ ժողովուրդը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի և լրագրողի հարցուպատասխանին:

Մասնավորապես, լրագրողներից մեկը նրան հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտին հենց նրա ստորագրությամբ են  (2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ) Ադրբեջանին հանձնվել Քարվաճառը, Լաչինը, Աղդամը, ավելին, դրանից հետո հայկական զորքերին ինքն է հրաման  տվել հետ քաշվել, ինչի արդյունքում Ադրբեջանի զորքը  GPS-ներով տեղակայվել է  հայկական  ռազմավարական  բարձունքներում, սա էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանի դեմ մի քանի ադրբեջանական հարձակում եղավ, ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացվեցին:

Եվ այս ամենով հանդերձ՝ «արդյո՞ք Ձեր  հրամանները, գործողությունները չպետք է քննության ենթարկվեն իրավապահ մարմինների կողմից, քրեական գործեր հարուցվեն՝ հասկանալու համար՝ դրանց հետևանքով Հայաստանի Հանրապետությունն ինչ վնասներ է ունեցել» հարցադրմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ մոտ 5 ժամ: Եվ հետևաբար, իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել և շարունակաբար քննվելԵս երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ  ինքնիշխան տարածքից ՀՀ զորքի հետքաշման մասին»:

Կարդացեք նաև

Փաշինյանը հայտարարում է՝ «5 ժամ հարցաքննվել է այս քրգործով», սակայն պարզ չէ՝ նկատի ունի զորքի հետքաշման դե՞պքը, թեև լրագրողի հարցը կոնկրետ սրան էր վերաբերում: Ուստի նույն օրը՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետևյալ հարցադրումներով՝

– 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքից զորքի հետքաշման փաստով   քրեական վարույթ հարուցվե՞լ է, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է:

– 44-օրյա պատերազմին առնչվող ի՞նչ քրեական վարույթի շրջանակում է Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել:

Մեր հարցադրումներին պատասխան գրության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է.

«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքից զորքի հետքաշման փաստով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել և նախաքննություն չի իրականացվում։

Եվ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրման հետ կապված տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:

Նշենք, որ այս պահի դրությամբ  44-օրյայի առնչությամբ Փաշինյանի հարցաքննության մեկ դեպք է հայտնի: Դեռ 3 տարի առաջ, ըստ մամուլի հրապարակումների, նա որպես վկա՝ հարցաքննվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:

Հավելենք, որ Փաշինյանին հարցաքննելու պահանջ ներկայացրել էին զոհվածների հարազատները, որոնք այդ ժամանակ բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև:

Արդյո՞ք Քննչական կոմիտեի գաղտնապահությունից պիտի ենթադրել, որ կան այլ քրեական վարույթներ, որի շրջանակում Փաշինյանը հարցաքննվել է կամ կարող է հարցաքննվել, ժամանակը ցույց կտա:  Իսկ իրականում Փաշինյանը պատերազմական մի շարք դրվագներով պիտի հարցաքննվի, այդ թվում՝ հակահարվածի հայտնի օպերացիան հաստատելու, Շուշին հետ գրավելու հրաման տալու, ռազմական դրության ժամանակ գերագույն հրամանատարի լիազորություններ ստանձնելու և այլն:

Տեսանյութեր

Լրահոս