«Ադրբեջանի սահմանադրությամբ, ՀՀ տարածքի 60 տոկոսը հռչակված է «Ադրբեջանի մաս». այս մարդկանց արածը մեկ բառով կոչվում է ստորաքարշություն». Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ՀՀ տարածքի 60 տոկոսն Ադրբեջանի սահմանադրությամբ հռչակված է՝ որպես «Ադրբեջանի մաս», Բաքու գնացած Հայաստանի «քաղհասարակության» որոշ ներկայացուցիչները պետք է այս հարցերը բարձրացնեին այնտեղ պահվող պատանդների խնդրի հետ միասին։
«Այդ մարդիկ հայկականության, Հայաստանի շահի հետ որևէ առնչություն չունեն, նաև որևէ առնչություն չունեն մեր երկրի քաղաքացիական հասարակության հետ։ Սրանք Արևմտյան գրանտներով բուծված հատուկ միջոցներ են, որոնց Արևմուտքն օգտագործում է իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար։
Բնական է, որ այդ մարդիկ Երևանում պետք է սկսեին տարածել ադրբեջանական թեզեր, ադրբեջանական պրոպագանդիստների նման, սրա համար իրենք գրանտների տեսքով վարձատրվում են։ Նորմալ հայ մարդու համար այս մարդկանց արածը մեկ բառով կոչվում է ստորաքարշություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի քաղհասարակության մի քանի անդամների Բաքու կատարած այցի և այդ այցի վերաբերյալ Երևանում նրանց տված ասուլիսի ժամանակ հնչեցրած որոշ մտքերի մասին։
Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ հայատյացությունը պաշտոնապես շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության օրակարգում, դրա ապացույցներից մեկն այն է, որ օկուպացված հայկական Շուշիում փողոցներից մեկն Ադրբեջանը կոչել է Էնվեր փաշայի անունով։
«Այս հայ կոչվածները Բաքու են գնացել, որտեղ կա մեծ այգի՝ Հայաստանի և Արցախի զինված ուժերի զինծառայողներն ամենաստորացված ձևով են ներկայացված այնտեղ՝ խրտվիլակների ձևով։ Այս ամենը հաշվի առնելով, նաև հաշվի առնելով, որ Բաքվում պահվում են հայ գերիներ, այս մարդիկ ինչպե՞ս են կարողանում Երևանում առաջ տանել ադրբեջանական կեղծ թեզերը։ Այս մարդիկ Բաքու են գնացել նիկոլական պարտության օրակարգը սպասարկելու համար՝ դառնալով ադրբեջանական պրոպագանդիստներ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ՝ երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների շփումը հասկանալի ու ընդունելի կլիներ այն ժամանակ, երբ այդ հանդիպումը տեղի ունենար արժանապատվության ու փոխըմբռնման մթնոլորտում։
«Հայկական կողմից պետք է լինեին այնպիսի արժանապատիվ գործիչներ, որոնք կկարողանային այդ հարթությունում առաջ մղել հայկական շահը։ Բայց այստեղ մենք ընդամենը տեսնում ենք «Արևմտյան Ադրբեջանի» տեսլականը սպասարկող, հայկական ամեն ինչից հեռացած մարդկանց, ովքեր իրենց առաքելությունը կատարելու են»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։
Նա նաև արձանագրեց, որ Երևանում ադրբեջանական թեզերը հնչեցրած անձանց նկատմամբ հանրության շրջանում անվստահության ընկալում կա, քանի որ գիտեն՝ նրանք «Արևմտյան գրանտներով սնվող ադրբեջանական պրոպագանդիստներ են»։
«Բաքու գնացած անձանցից մեկն էլ Բորիս Նավասարդյանն է, այսօր իշխանությունը լրատվամիջոցների նկատմամբ այսքան ճնշումներ է գործադրում, մեկ անգամ ծպտուն հանե՞լ է, երևի ոչ»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստան էին եկել Ադրբեջանի, այսպես կոչված, քաղհասարակության անդամներ, նրանց մեջ էր նաև 2022 թվականի դեկտեմբերին Բերձորում ճանապարհ փակած Քամալա Մամեդովան, որ այն ժամանակ ներկայանում էր՝ որպես «էկոակտիվիստ»։

