Ավարտվեց Հայաստանի ու Արցախի համար կարևոր ԵԱՀԿ Մինսկի խմբի պատմությունը. Ի՞նչ կլինի հետո

ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները: Ասվում է կազմակերպության այսօր տարածված հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ-ն ավարտեց իր աշխատանքը Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին՝ համաձայն Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։

«Այս գործընթացը դարձել է ԵԱՀԿ անդամ բոլոր 57 մասնակից պետությունների կողմից սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումը, որին նախորդել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական Համատեղ հռչակագիրը»,- նշվում է հայտարարությունում:

Կարդացեք նաև

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992թ․՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար միջազգային համախոհների հարթակ և համակարգված միջնորդություն ձևավորելու նպատակով։ Մինսկի խումբը ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում դարձավ միջազգային և հարավկովկասյան անվտանգության առանցքային դիվանագիտական հարթակներից մեկը՝ հատկապես 1990-ականների սկզբին։ Եռանախագահության ձևաչափը դարձել էր ռեգիոնում գերտերությունների միջև որոշակի հավասարակշռության և համագործակցության մեխանիզմ:

Մինսկի խմբի համանախագահներն էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ երեք տերություններ, այս ձևաչափը, մի շարք միջազգայնագետների, դիվանագետների որակմամբ, եզակի էր նրանով, որ հակամարտության կարգավորման գործընթացը դուրս էր բերվել միակողմ ազդեցություններից և դրվել համեմատաբար բազմակողմ հսկողության ներքո՝ Ռուսաստանը հանդես էր գալիս որպես տարածաշրջանային ուժ, որն ուներ լծակներ և ռազմական միջամտության հնարավորություն, ԱՄՆ-ը՝ որպես գլոբալ քաղաքական կշիռ ունեցող պետություն՝ ապահովելով միջազգային ինստիտուցիոնալ լեգիտիմություն, իսկ Ֆրանսիան հանդես էր գալիս որպես եվրոպական հավասարակշռող:

Չնայած քննադատությանը, որ Մինսկի խումբը երկար տարիներ ի վիճակի չի եղել ապահովել վերջնական համաձայնություն հակամարտության գոտում, այնձևավորել էր կարգավորման գործընթացի հիմքը, ամրագրել հիմնարար սկզբունքները ու տարրերը՝ փոխզիջումների գաղափարը, ուժի չկիրառման սկզբունքը, Արցախի կարգավիճակի հարցը և մի շարք այլ հարցեր, որոնց շուրջ ըստ էության պտտվում էին ԵԱՀԿ ՄԽ կարգավորման բոլոր առաջարկները ԵԱՀԿ ՄԽ պատմության ընթացքում: ԵԱՀԿ ՄԽ-ի շնորհիվ պահպանվում էր հակամարտության կարգավորման միջազգային հիմնարար սկզբունքների ու միջազգային իրավունքի հիմքը:

Եվ կրկին, ըստ բամաթիվ գնահատականների, Մինսկի խմբի կարևորագույն ձեռքբերումներից մեկը հակամարտության իրավաքաղաքական շրջանակի պահպանումն էր։ Մինսկի խմբի շնորհիվ Արցախյան հարցը հնարավորինս պահվեց միջազգային իրավունքի դաշտում՝ որպես համաձայնեցված կարգավորման ենթակա հակամարտություն, Ադրբեջանը տևական չկարողացավ ամբողջովին դարձնել այն միայն «տարածքային ամբողջականության» խնդիր՝ առանց Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցի, Հայաստանը պահպանեց իր դիվանագիտական դերակատարությունը։

Մինսկի խմբի գործունեությունը 2020-ից հետո փաստացի սառեցվեց՝ Ադրբեջանի քաղաքականության, իսկ ավելի ուշ՝ նաև հստակ հետևողական պահանջների, ինչպես նաև Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատման հետևանքով: 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են Մոսկվայի հետ համագործակցելուց խմբի շրջանակներում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը կարևոր դերակատարություն է ունեցել Արցախյան հակամարտության միջազգայնացման, բանակցությունների ապահովման և հակամարտության գոտում ոչ լիարժեք անվտանգության պահպանման գործընթացում: Թեպետ այն ըստ էության չկարողացավ ապահովել հակամարտության վերջնական բանակցային կարգավորումը, դրա գոյությունը երկար տարիներ զսպեց լայնամասշտաբ ռազմական էսկալացիան և սահմանեց այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվել էր բանակցային պրոցեսը։

Սրան զուգահեռ՝ պետք է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում էր հակաքարոզչություն այս հարթակի գործունեություն նկատմամբ, միջնորդներին անվանում ռեգիոնալ ճանապարհորդներ, որոնք ունակ չեն կարգավորել հակամարտությունը, և ձգտում հակամարտությունը դուրս բերել այս հարթակից, մեղադրել միջնորդներին Հայաստանին աջակցելու մեջ:

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ լուծարումն Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկն էր: Հայաստանյան ընդդիմադիր շրջանակները քննադատում են Երևանի ու Բաքվի որոշումը՝ դիմել ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու հայտով:

Բազմաթիվ արցախահայեր ևս քննադատում են այս որոշումը, համարելով, որ հարթակի պահպանման դեպքում կարելի էր հետագայում այս հարթակի մասնակցությամբ և միջնորդությամբ բարձրացնել Արցախ արցախահայության հնարավոր վերադարձի թեման:

168.amի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ չնայած այս հարթակի գործունեության վերաբերյալ հակասական գնահատականներին, այն չէր գործում նաև ՌԴ-ԱՄՆ-Ֆրանսիա շփումների անհնարինության ու տարաձայնությունների պատճառով:

Ըստ նրա, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո անհնար էր դարձել միջնորդների համատեղ աշխատանքը, Արևմուտքը ցանկանում էր ստանձնել առաջնորդություն Հարավային Կովկասում, չէր ցանկանում համագործակցել, հանդիպումներ ունենալ ռուսական կողմի հետ:

«Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում, եթե ոչ այդ ժամանակ, ապա անպայմանորեն հետագայում ԵԱՀԿ ՄԽ-ն չէր գործելու: Հասկանում ենք, որ կողմերի գործոնը ևս լուծարման հարցում կար, Ադրբեջանը շահագրգիռ էր, այն վերածում էր բանակցային թեմայի, իսկ միջնորդները տարված էին իրենց այլ նպատակներով, որը հանգեցրեց ներկայիս արդյունքին:

Պետք է ընդունել, որ այս հարթակը եղել է իր ձևաչափով միակը, որում համագործակցել են Մոսկվան և Արևմուտքը նույնիսկ այն դեպքում, երբ ունեին տարաձայնություններ գլոբալ հարցերում, սակայն երբ իրավիճակը սրվեց Ուկրաինայի շուրջ, այս պատուհանը ևս փակվեց, քանի որ Արևմուտքը սկսեց վիճարկել ՌԴ դերը նաև Հարավային Կովկասում: Եվ ԵԱՀԿ ՄԽ-ում Արևմուտքի չհամագործակցությունը Ռուսաստանի հետ արտացոլում էր աշխարհաքաղաքական այս փոփոխված նպատակները»,- ասաց Կոնստանտին Սիմոնովը: Նրա գնահատմամբ, այս հարթակի գործունեության լուծարման դեպքում հատվեցին գլոբալ ու ռեգիոնալ իրողությունները՝ տալով նման արդյունք:

«Սակայն աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները՝ բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացները, ցույց են տալիս, որ աշխարհը կարող է ավելի ճկուն դառնալ, կան ռեգիոնալ այլ ձևաչափեր ևս, որոնք կարող են օգտագործվել այս կամ այն հակամարտությունը կամ դրա որևէ խնդիրը քննարկելու համար:

Այստեղ կարևորը քաղաքականությունն է, այդ քաղաքականության զարգացումն արտաքին գործընկերների հետ: Տեսնում ենք, որ ներկայումս համագործակցության նոր ձևաչափեր, նոր համագործակցություններ են ձևավորվում, որոնք դառնալու են ստեղծված իրավիճակի նոր մեխանիզմները»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս