Աթեիզմի պրոպագանդան և վայրագությունները Խորհրդային Հայաստանում
1928-1935 թվականներին Խորհրդային Հայաստանում հրապարակվում էր «Անաստված» ամսագիրը։ Այն բացառապես ծառայում էր աթեիզմի տարածմանն ու պրոպագանդային։ Թերթում աթեիստական բանաստեղծություններ էին գրում հայ գրողները, հոդվածներով էին հանդես գալիս մի շարք մշակութային գործիչներ։ Թերթում աթեիստական հոդվածներից ու գրական ստեղծագործություններից զատ՝ առանձին սյունակ էին զբաղեցնում նաև Խորհրդային Հայաստանում աթեիստական խմբակների կատարած գործունեության մասին լուրերը։ Հոդվածագիրներն ու թերթի խմբագրական կազմը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի մանրամասն ներկայացներ, թե ի՞նչ էր կատարվում գյուղերում։ Հստակ է, որ այդ պատմություններն ու թվերը մեծ մասամբ կեղծ էին, և թերթի բուն նպատակը հանրության մոտ տպավորություն ստեղծելն էր, որ Խորհրդային Հայաստանի գյուղերում ու քաղաքներում մարդիկ իրոք կամաց-կամաց հեռանում էին Աստծուց ու եկեղեցուց։
Սակայն մյուս կողմից՝ պարտադրանքի ժամանակաշրջան էր, ու բնակավայրերում մարդկանց մի մեծ խումբ ստիպված էր լծվել այդ գործին։ Թերթելով «Անաստված» ամսագրի էջերը՝ մենք հանդիպում ենք հետաքրքիր տեղեկությունների, որոնք մասնակի կեղծ լինելու հետ մեկտեղ՝ նաև մասնակի ճիշտ էին։ Աթեիստական ամսագրի էջերից տեղեկանում ենք, որ այդ թվականներին կազմակերպվում էին համատեղ քննարկումներ հայկական ու թուրքական գյուղերի միջև։ Մասնավորապես, «Անաստված» ամսագրի 1928 թվականի հունիս ամսվա համարից տեղեկանում ենք, որ ներկայիս Այգավան (նախկին՝ Ռեհանլու) և թուրքական Շիրազլու և Ղարալայի գյուղերի միջև տեղի է ունեցել ընդհանրական քննարկում-ժողով․
«Ռեհանլու գյուղի անաստվածների խմբակը կազմակերպել է դեռևս անցյալ տարվանից, և այժմ ընդգրկում է 32 անդամ և մոտ 40 համակրող հարևան գյուղերի գյուղացիներից և Շիրազլուի երկաթգծի բանվորներից, ուր մտադրություն կա կազմակերպել կից խմբակ։ Միաժամանակ խմբակը լայն ագիտացիա է մղում Շիրազլու և Ղարալայի թուրք գյուղերի բնակչության մեջ և նրան իր շարքերը ներգրավում։ Ստացվում են թերթեր և ամսագրեր, լինում են հակակրոնական պարապմունքներ ամիսը մեկ անգամ։ Զատկի առթիվ խմբակի անդամները կազմակերպել են շաբաթօրյակ՝ Վեդիի հեղեղման դեմ պայքարելու համար, և հակակրոնական հարց ու պատասխանի երեկո, որոնք դրական ազդեցություն են թողել գյուղացիների վրա»։
Հոդվածներից զատ, ամսագիրը ստանում էր նաև զանազան թղթակցական նյութեր։ Ճիշտ է, միամտություն կլինի հավատալ, որ այդ թղթակցություններն ու նամակներն իսկական են, սակայն, երբ հաշվի ենք նստում փաստերի հետ ու տեսնում, թե խորհրդային ժամանակաշրջանում մարդիկ որքան շատ էին մատնում միմյանց, ապա կարելի է նաև այս ամենի մեջ ճշմարտություն տեսնել։ Նույն թվականի նույն համարում կարդում ենք․
«Զոռով խաչ հանել է տալիս․․․․․Անցյալ օրը, երբ հասարակությունը լցված էր գյուղ-խորհրդի գրասենյակում, հանկարծ լսեցինք եկեղեցու զանգակի ձայներ, ու տարիքով մարդիկ սկսեցին խաչակնքել երեսները։ Իսկ Տիգրան Սերոբյանը չխաչակնքվեց։ Հանկարծ դուրս եկավ Ջանգիր Մարկոսյանը և ստիպեց նրան, որ անպայման խաչակնքի երեսը։ Նա պատասխանեց, թե «Իմ քեֆս է, դու իրավունք չունես ստիպելու»։ Վրդովված Ջանգիրը սկսեց հայհոյել նրան, և եթե հարմար տեղ լիներ, կծեծեր։ Գյուղթղթ․ Բաղդասար Բաղդասարյան, Ղալթախչի-Փամբակ»։
Այս թղթակցական նամակ-հոդվածում արդեն իսկ տեսնում ենք, որ նշվում են հստակ անուն-ազգանուններ, բնակավայր։ Բողոք-մատնություններից զատ այլ հետաքրքիր լուրեր ևս տեղ էին գտնում ամսագրում։ Մասնավորապես տեղեկանում ենք, որ արդեն իսկ նախապես պլանավորվում և թերթի էջերում ամիսներ ու տարիներ առաջ հանրությանը տեղեկացվում էր, թե ո՞ր եկեղեցին պետք է քանդվի, ի՞նչ նպատակով և տեղում ինչ պետք է կառուցվի։ Ամսագրի վերոնշյալ համարի էջերում տեսնում ենք Հին Երևանում գտնվող Սուրբ Նիկոլայ մայր տաճարի լուսանկարը, որին կից գրված է․ «Սա այն եկեղեցին է, որի տեղը շուտով հրապարակ է լինելու»։ Հետաքրքրական է, որ ռուսական եկեղեցին քանդվեց 1931 թվականին և փաստացի եկեղեցին քանդելուց 3 տարի առաջ քանդողներն արդեն իսկ նախապատրաստում էին ժողովրդին, որ ապագայում Երևանում այլևս կանգուն չի մնալու ռուսական եկեղեցին։ Քանդվող եկեղեցիների հետ մեկտեղ՝ ամսագրում նախապես տեղեկացնում էին նաև այն եկեղեցիների ճակատագրի մասին, որոնք փակվելու են և դառնալու, այսպես կոչված, «կուլտուրական վայրեր»։
«Անաստված» ամսագրի 1928 թվականի ապրիլ ամսվա համարում տեսնում ենք, թե առաջիկայում ի՞նչ ճակատագիր է ունենալու Դսեղի եկեղեցին․ «Երկար ժամանակ է, ինչ Դսեղ գյուղում խոսվում էր ակումբ ունենալու մասին, սակայն շենքի կրիզիսի պատճառով այդ հարցին լուծում չէր տրվում։․․․․Ակումբի հարմար շենքը եկեղեցին էր, որը ենթարկված էր անգործության։ Մարտի 4-ին կայացած հասարակական ժողովում, որտեղ ներկա էին մոտ 200 գյուղացիներ, ի նկատի ունենալով, որ եկեղեցու շենքը փչանում է, բացի վնասից օգուտ չտալով, միաձայն որոշեցին եկեղեցին դարձնել կուլտուրական վայր, որով գյուղը կունենա թե լավ ժողովատեղի և թե ներկայացումների համար հարմար շենք և բեմ իր ընդարձակ դահլիճով…»։
Այս նույն պատկերն էր ամսագրի գրեթե բոլոր համարներում, որոնց առաջին էջերում գրված հոդվածներից ու աթեիստական ստեղծագործություններից հետո հաջորդում էին լուրերն ու թղթակցությունները։ Եվ այս ամենը կարդալով՝ մարդիկ դառնում էին պրոպագանդայի զոհը։ Արդյունքում՝ այս մոդելը կարողացավ թմրության մեջ պահել միլիոնավոր ժողովուրդների մի քանի տասնամյակներ։ Արդյունքում՝ այս մոդելը կիրառվեց ամբողջ աշխարհում։ Արդյունքում՝ այս մոդելը կիրառվում է նաև հիմա։ Ու փաստացի բոլոր ժամանակներում թերթերն ու ամսագրերը ծառայել են սեփական նպատակները հանրության մտքում տեղադրելու և հասարակությանը ենթագիտակցորեն այդ նպատակներին տրամադրելու համար։ Սակայն բոլոր ժամանակներում ժողովրդի մի փոքր զանգված ունեցել է գիտակցություն և հենց այդ փոքր զանգվածն է ճանապարհ հարթել գաղափարական փոփոխությունների համար։
Զ․ Շուշեցի