ԱՄՆ-ի միջուկային զենքի փորձարկումները կարող են սրացումների տանել. Նեբենզյա

ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է սպառազինությունների նոր մրցավազք հրահրել և հանգեցնել միջազգային իրավիճակի սրման: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի մտադրությունների մասին հաղորդագրությունները մտահոգություն են առաջացրել ոչ միայն միջազգային մակարդակով, այլև Միացյալ Նահանգների ներսում։

«Շատերը հասկանում են նման քայլի՝ միջուկային փորձարկումների վերսկսման վտանգը, որը չի անցկացվել 1990-ականների սկզբից ի վեր։ Սա կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի նոր փուլի և անկանխատեսելի հետևանքների։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», – նշել է Նեբենզյան՝ հավելելով, որ «նախագահ Պուտինը տեղը տեղին ամեն ինչ ասել է»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարգադրել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» այլ երկրների հետ, որոնք, իբր, նմանատիպ ծրագրեր ունեն:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։

Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտնել է, որ նպատակահարմար է համարում սկսել «Նովայա Զեմլյա» զորավարժարանում միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման նախապատրաստական աշխատանքները: Պուտինը հանձնարարել է հավաքել անհրաժեշտ տվյալներ, կատարել վերլուծություն և առաջարկություններ ներկայացնել նման փորձարկումների նախապատրաստման հնարավոր քայլերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս