«Արտակարգ դրության իմաստը զուտ իշխանության ոչ թափանցիկ աշխատանքի քողարկո՞ւմն է». Գևորգ Գրիգորյան
«Արտակարգ դրության երկարաձգման մեջ, անկեղծ ասած, ես իմաստ չեմ տեսնում: Ինչի՞ համար է արտակարգ դրությունը: Վերցրեցին, ընդունեցին արտակարգ դրություն, սահմանեցին կարանտին, որպեսզի մարդիկ իրար հետ չշփվեն, որպեսզի մարդիկ տնից դուրս չգան, որպեսզի հնարավոր լինի կիրառել գործիքակազմ՝ մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու նպատակով, որ վիրուսը չտարածվի: Ինչպես տեսնում ենք՝ գործող իշխանությունը չունեցավ ո՛չ ռեսուրս, ո՛չ կամք, որպեսզի կարողանան կանխել մարդկանց շփումը միմյանց հետ: Եվ այդ պարագայում արտակարգ դրությունը զուտ իրենց գործիքակազմն է երկարացնում, որը չի ծառայում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Այսինքն՝ իրենք ունենում են գործիքակազմ մարդկանց տեղորոշելու, գաղտնալսելու, արգելքներ դնելու, բայց դա չի օգնում ոչ մի կերպ կորոնավիրուսի դեմ պայքարին: Միգուցե հետաքրքրվենք, թե ինչո՞ւ են նրանք արտակարգ դրությունը երկարաձգում… Որովհետև եթե մենք կորոնավիրուսի պատրվակով ենք երկարաձգում արտակարգ դրությունը, ապա ասեմ, որ դա որևէ տեսակի օգուտ այս պարագայում չի տալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան, փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի խոսքին, թե կառավարությունն այս պահին քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը:
«Եթե այդ վիրուսը տևի մեկ տարի, արտակարգ դրությունը մեկ տարի շարունակվելո՞ւ է: Այսինքն՝ եթե նրանք չեն կարողանում կանգնեցնել վիրուսը, չունեն մասնագիտական փորձ, համակարգվածություն, ինստիտուցիոնալ գործելակերպ, ու չեն էլ կարողանալու ունենալ, որովհետև չունեն բավարար կրթվածության մակարդակ, հետևաբար՝ մենք ունենալու ենք մեկ տարի արտակարգ դրություն, դա՞ է խնդիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Գևորգ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եթե հայտարարվում է արտակարգ դրություն, և մարդկանց նկատմամբ կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, իսկ արդյունքում իշխանությունը չի կարողանում իր իսկ ստեղծած գործիքակազմերը ներդնել ժողովրդի մեջ, ապա այդ դեպքում երկարաձգված արտակարգ դրության իմաստը անհասկանալի է:
«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ մենք ապրելո՞ւ ենք արտակարգ դրության պայմաններում, տալու ենք իշխանությանը արտակարգ գործիքակազմ և չենք կարողանալու հաղթել վիրուսին: Այդ արտակարգ դրության իմաստը ո՞րն է: Զուտ իրենց լիազորությունների և ոչ թափանցիկ աշխատանքի քողարկո՞ւմը:
Ես կարծում եմ, որ դա արդարացված չի և նույնիսկ պայքարի այս փուլում պետք է արտակարգ դրությունը հանել, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե որքան մարդ է, ի վերջո, վարակվելու և բուժվի, որովհետև մարդիկ, միևնույն է, դուրս են գալիս տնից, մարդիկ շատ բիրտ ձևով արհամարհում են այդ արտակարգ դրությունը և կարանտինը, և մարդիկ, միևնույն է, վարակվում են: Ես դեմ եմ իշխանությանը տալ արտակարգ գործիքակազմ, եթե նա չի կարողանում դա օգտագործել մարդկանց առողջությունը պահպանելու կամ մարդկանց անվտանգությունը պահպանելու ուղղությամբ»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 14-ին: Որոշումից օրեր անց արտակարգ դրության պարետի որոշմամբ կիրառվեցին քաղաքացիների նկատմամբ տեղաշարժի սահմանափակումները, որոնք, ավելի քան մեկ շաբաթ է, այլևս չեն գործում: Այս ընթացքում կառավարության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնցով, օրինակ, հնարավորություն տրվեց հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշել:
Այժմ սահմանափակված է միայն հասարակական տրանսպորտի և փակ տարածքներ ունեցող ռեստորանների, սրճարանների գործունեությունը: Սա չի խանգարում մարդկանց այս օրերին, նաև որոշակի կանոնների պահպանմամբ, հանգիստ տեղաշարժվել քաղաքում:
Սրան գումարվում է նաև ամենօրյա վարակակիրների մեծ թիվը: Այսօրվա տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ը` առողջացած, 47-ը` մահվան ելք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 33313 թեստ:
Այս պատկերը շատ քաղաքացիների զայրացնում է: Մարդիկ նշում են, որ արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն՝ կարելի էր արտակարգ դրության երկրորդ ամսվա ընթացքում պահպանել խիստ սահմանափակումները:
Գևորգ Գրիգորյանի դիտարկմամբ՝ այս հարցը պետք է քննարկել երկու տեսանկյունից:
«Առաջին կոնտեքստը դա այն է, որ միակ բանը, որ կարողանում է այսօրվա իշխանությունն անել, դա ապահովելն է հիվանդների բուժումը, այն էլ՝ դա իշխանությունը չի ապահովում, դա պրակտիկ բժիշկներն են ապահովում, որոնք իշխանության մաս չեն կազմում: Այսինքն՝ այս գործառույթն իշխանությանը վերապահված չէ: Մենք նայում ենք, տեսնում, որ մարդիկ բուժվում են, բայց վարակակիրները շատանում են, այ դա արդեն իշխանությանը վերապահված գործառույթ է, որը նա չի կարողանում անել:
Ի՞նչ է նշանակում, եթե նրանք տեղորոշելու հնարավորություն ունեն, նրանք ունեն մարդկանց տեղաշարժը սահմանափակելու հնարավորություն, նրանք ունեն այլ գործիքակազմեր, ինչո՞ւ նրանք այդ գործիքակազմերը չեն կիրառել և չեն կիրառում բավարար կերպով, որպեսզի նոր վարակակիրների թիվը նվազի: Այսինքն, նրանք կա՛մ չեն կարողացել դա անել, կա՛մ չեն ուզեցել դա անել: Երկու պարագայում էլ մեղավորությունը նրանց վրա է: Եվ եթե մենք մի փոքր հետ գնանք և վերհիշենք, թե ինչպես էին նրանք ծաղրում ժողովրդին և ասում, որ՝ «սա դինոզավրի գրիպ ա», «պինցետով կհանենք, դեզինֆեկցիա կանենք», և այլն, ապա մենք կարող ենք ասել, որ նման ցինիզմի արդյունքում մահացան մարդիկ, վարակվեցին մարդիկ, մարդկանց առողջությանը և կյանքին պատճառվեց վնաս:
Օրինակ, եթե պրակտիկ բժիշկը, վիրաբույժը, որ վիրահատում է և սխալ է թույլ տալիս, մարդ է մահանում, այդ բժշկին դատում են: Այս պարագայում մենք ունենք 40-ից ավելի մահվան դեպք: Ինչի՞ նախարարը չի դատվում: Իր արած սխալների պատճառով, որ ժամանակին, երբ ասում էին՝ բոլոր մարդկանց, որոնք ռիսկի գոտիներից են եկել երկիր, կարանտին է պետք, պետք է մեկուսացնել, նա ասում էր, որ կարանտինն աշխատող գործիք չի: Այ դա է պատճառը, որ այսօր մենք ունենք այս իրավիճակը: Եվ անհրաժեշտ է, որ մեր հասարակությունը և նախարարի վերադասը կանչեն նախարարին պատասխանատվություն: Բայց դա չի լինի, որովհետև նախարարի վերադասը բավարար ողնաշար չունի, որ դա անի, իսկ հասարակությունը բավարար տեղեկացված չի դրանից»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման սահմանափակումների վերացումն ու պատասխանատվությունը քաղաքացիների վրա թողնելը Գևորգ Գրիգորյանը որակում է՝ որպես իշխանության սխալ գործելաոճ: Նրա խոսքով՝ այդ պատասխանատվությունը մարդկանց վրա թողնելը նույնն է, թե մարդկանց հայեցողությանը թողնեն որևէ հանցագործություն անել-չանելը:
«Օրինակ, թող մարդկանց գիտակցության վրա թողնեն գողություն անել կամ չանելը, և դրա համար չպատժեն, մարդկանց գիտակցության վրա թողնել մարդ սպանել կամ չսպանելը, ծեծելը, փողերի լվացումը, այդ ամենը թող թողնեն մարդկանց գիտակցության վրա: Էլ ինչո՞ւ այդ պարագայում մարդու ինքնագիտակցությունը այդքան մեծ դեր ունի, իսկ մնացած պարագաներում չունի: Բացատրեմ: Որովհետև մարդու ինքնագիտակցությունը կատարյալ գործիք չի և ինստիտուցիոնալ կազմ չունի:
Իսկ պետությունը ունի և պետությունը պարտավոր է մարդու ինքնագիտակցության վրա ազդել համապատասխան գործիքակազմով, որը կբերի այդ մարդու ինքնագիտակցության բարձրացման, ոչ թե սահմանափակվել զուտ կոչերով: Կոչերով կարող են սահմանափակվել հասարակական կազմակերպությունները, անհատ գործիչները, ես կարող եմ կոչով սահմանափակվել, որովհետև չունեմ բավարար գործիքակազմ, որպեսզի մարդկանց տանը պահեմ, բայց նախարարությունը, իշխանությունը, պետությունը նման կոչեր անելու իրավունք չունեն: Նրանք պետք է գործեն:
Իսկ նման կերպ՝ վախկոտի պես, թողնել սեփական պատասխանատվությունը ժողովրդի վրա, դա ճիշտ չի: Մեր բնակչությունն իրեն պահում է շատ միամիտ ամուսնու նման, որը գիտի, որ իր կինն իրեն դավաճանում է, բայց չի ուզում հավատալ դրան: Մեր ժողովրդի ու իշխանության փոխհարաբերությունը մոտավորապես այսպիսին է: Նրանք չեն ուզում տեսնել, որ իշխանությունը զուտ անկարող է, բայց ոչինչ՝ ժամանակի ընթացքում նրանք դա էլ կտեսնեն ու կհամոզվեն»,- նշեց Գ. Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ Փաստահավաք խումբը, որն իր գործունեությունը սկսել էր երկրում արտակարգ դրություն հայտարարելուց օրեր անց և նպատակ ուներ հավաքագրել, վերլուծել կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռևս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերը, այս ընթացքում շարունակում է քաղաքացիներից տարբեր խնդիրների մասին զանգեր ստանալ: Գրիգորյանի խոսքով՝ չնայած իրենք ի սկզբանե նախատեսել էին, որ պետք է փաստեր հավաքեն, բայց նաև փորձում են ինչ-որ կերպ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին:
«Փաստահավաք խմբին զանգերի քանակի ավելացումը և աճը պայմանավորված է մեր պետության անգործությամբ, որովհետև քաղաքակիրթ երկրներում ճիշտ կլիներ, որ այդ բոլոր հարցերով զանգահարեին Առողջապահության նախարարություն, պարետատուն, թեժ գիծ, պետական մարմիններ, ոչ թե զանգեին փաստահավաք խմբին և ասեին, որ այսինչ խնդիրն ունեն: Չի կարելի այդպես: Փաստացի պետությունը բնակչության հետ աշխատանքի իր տեղը զիջում է մեզ, բայց այդպես ճիշտ չի»,- եզրափակեց մեր զրուցակիցը: