«Սրբազանի մեղադրանքը քննելու համար իշխանությունը «ստեղծել է» ստալինյան ռեժիմին հատուկ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԱՏԱՐԱՆ»․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆերսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սրբազան Աջապայանի և Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետների երկարացումն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ դատարաններում արդարադատությունը կազմալուծելու քաղաքականությանը, որը սկիզբ դրվեց ոչ այնքան քաղաքական իշխանության կողմից դատարանները շրջափակելով, որքան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ հորինված հիմքերով դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու համաձայնություն տալով (հիշեցնենք՝ դատավորն արդարացվել է)։ Հենց ԲԴԽ-ի այս համաձայնության ակտով ազդարարվեց իրավագիտության և արդարադատության անկումը ՀՀ-ում։

Սրբազանի մեղադրանքը քննելու համար իշխանությունը «ստեղծել է» ստալինյան ռեժիմին հատուկ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԱՏԱՐԱՆ՝ մեղադրանքը քննում է ոչ թե Շիրակի մարզի դատարանը, որին ընդդատյա էր այս վարույթը, այլ Երևան քաղաքի դատարանը։

Սրբազանին վերագրվող արարքը պարունակում է ձևական հանցակազմի տարրեր, որն անկասկած կատարվել է (հարցազրույցը տրվել է) Շիրակի մարզի դատական տարածքում, ուստի կասկածի ստվերից վեր է, որ այդ գործով օրինական դատարանը բացառապես Շիրակի մարզի դատարանն է։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը իրավացիորեն միջնորդել է Երևան քաղաքի դատարանին փոխելու ընդդատությունը, սակայն ծիծաղ առաջացնող պատճառաբանություններով այն մերժվել է։

Այսպիսով՝ Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարանը, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը և, ամենայն հավանականությամբ, կլուծի նաև մեղադրական վերդիկտ կայացնելու խնդիրը»։

Տեսանյութեր

Լրահոս