Բաժիններ՝

Ստեղծվել է նոր փաստահավաք խումբ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով

Երեկ՝ մարտի 20-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID19) տարածումը կանխելու  նպատակով՝ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության, մասնավորապես՝ քաղաքացիների համար կառավարության որոշմամբ նախանշված որոշակի սահմանափակումների պայմաններում խախտումները բացահայտելու, արձանագրելու նպատակով իրավական, առողջապահական և լրատվական համայնքների ներկայացուցչները ստեղծել են փաստահավաք խումբ: Նախատեսվում է, որ խումբը զբաղվելու է նոր կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռևս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծմամբ և լուծման առաջարկներ մշակելով։

Փաստահավաք խմբի կազմում են բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Analitik.am լրատվական կայքի ղեկավար Անի Հովհաննիսյանը:

168.am-ի հետ զրույցում փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանն ասաց, որ խմբի ստեղծման հիմք են հանդիսացել ժողովրդի մեջ առաջացած բավականին շատ հարցերն ու մտահոգությունները, որոնք մնում են անպատասխան, ու հայտարարված արտակարգ դրությունը թույլ չի տալիս, որպեսզի դրանք բարձրաձայնեն անգամ լրատվամիջոցները:

«Դրանք մնում են անհայտ: Փաստահավաք խումբը ստեղծվել է, որպեսզի այդ ամենը հավաքի, համապատասխան կերպով խմբագրի՝ օբյեկտիվորեն մոտենալով տվյալներին, փաստերը ստուգի, հասկանանք, որ դա իրականում խնդիր է առաջացնում, և տրամադրենք պարետատանը, որպեսզի նրանց պայքարը կորոնավիրուսի դեմ լինի ավելի էֆեկտիվ: Դա ուղղված է պետությանը օգնելուն և հետապնդում է միայն կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության ապահովման նպատակ»,-  ասաց Գևորգ Գրիգորյանը:

Փաստահավաք խմբի ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ դրության ժամանակահատվածում որևէ տվյալ չի հրապարակվելու: Փաստահավաք խումբը պատրաստվում է արտակարգ դրության ավարտից հետո հրավիրել ասուլիս և միայն այդ ժամանակ հրապարակել բոլոր տվյալները, համեմատական վերլուծությամբ՝ ներկայացնելու նաև, թե պարետատունը տրամադրած տեղեկության որ մասին է ուշադրություն դարձրել ու շտկել, և որ մասն է անտեսել:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում հանրությունը կամ լրատվամիջոցները Փաստահավաք խմբից որևէ տեղեկություն ստանալու են, թե՞ ոչ, Գրիգորյանն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինչ-որ հայտարարություններ, կոչեր կլինեն:

«Մենք օրինապաշտ քաղաքացիներ ենք, հարգում ենք պետությանը, հարգում ենք պետության կողմից հայտարարած արտակարգ դրությունը և պատրաստվում ենք հետևել այդ կանոններին: Անհատական մակարդակում ես չեմ բացառում, որ ինչ-որ գրառումներ կլինեն, բայց անհատական մակարդակը Փաստահավաք խմբի անունից հանդիսանալու առիթ չէ»,- հավելեց Գևորգ Գրիգորյանը:

Կազմավորումից հետո փաստահավաք խումբը պարետատնից դեռևս որևէ արձագանք չի ստացել:

«Մենք դա չենք անում, որ մեզ արձագանքեն: Մենք դա անում ենք, որովհետև դրա անհրաժեշտությունն ենք տեսնում և գտնում ենք, որ մենք այդպես կարող ենք օգնել մեր պետությանը: Թե ով կարձագանքի, ով չի արձագանքի, ով կուզենա մեզ հետ համագործակցել, ով՝ չէ, դա արդեն իրենց գործն է, ոչ թե մեր: Մենք անում ենք այն, ինչ մեզնից հասնում է»,- 168.am-ին ասաց Գևորգ Գրիգորյանը:

Փաստահավաք խումբը հայտարարությամբ  կոչ է արել քաղաքացիներին նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման վերաբերյալ փաստերի, անգամ ամենաչնչին կասկածների մասին տեղեկացնել իրենց:

Մեզ հետ զրույցում Գ. Գրիգորյանը չբացառեց նաև, որ պարետատան ուշադրությունից կարող է դուրս մնալ որոշակի ինֆորմացիա, ինչն էլ իրենք, խստագույնս պահպանելով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը և ՀՀ գործող օրենսդրությունը, փորձելու են ստուգել և արտակարգ դրության ընթացքում տրամադրել միայն պարետին:

«Արտակարգ դրությունը հայտարարվում է երկրում, որ բոլոր երկրորդական խնդիրները դրվեն մի կողմ և երևացող դաշտ դուրս գան հենց այս հարցի շուրջ անհանգստացնող խնդիրները: Բայց քանի որ մեր երկրում մարդկանց ինքնագիտակցությունը բավարար մակարդակի չի, և շատ մարդիկ այդ խնդիրները հայտնելու են շատ ուշ, երբ որ խնդիրը ծաղկման շրջանում լինի, մենք որոշել ենք, որ մենք կկարողանանք այդ խնդիրներից ծաղկաքաղ անել հրատապները և տրամադրել պարետատանը»,- ասաց բժիշկը:

Գևորգ Գրիգորյանի փոխանցմամբ՝ այս պահին կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ուզում են ներգրավվել խմբի աշխատանքներում: Այդուհանդերձ,Գրիգորյանի խոսքով, բոլոր անհատների համար պատասխանատվություն կրել չեն կարող և առաջիկայում կորոշեն, թե ով կամ ովքեր կկարողանան հանդես գալ Փաստահավաք խմբի անունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս