Բաժիններ՝

Իսրայելի զորքերը պատրաստվում են Գազայի բնակիչների վերաբնակեցմանը. Reuters

Գազայի բնակիչները կիրակի օրվանից կապահովվեն վրաններով և այլ ապաստանի պարագաներով՝ նախքան մարտական գործողությունների գոտիներից անկլավի հարավ տեղափոխվելը, «նրանց անվտանգությունն ապահովելու համար», հայտարարել է Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ)։

Ըստ Reuters-ի, այս հայտարարությունից մի քանի օր առաջ Իսրայելը հայտարարել էր, որ մտադիր է նոր հարձակում սկսել Գազայի հյուսիսային հատվածի՝ անկլավի խոշորագույն քաղաքային կենտրոնի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով՝ համաձայն մի ծրագրի, որը միջազգային հանրության մոտ անհանգստություն է առաջացրել ավերված հատվածի ճակատագրի վերաբերյալ, որտեղ բնակվում է մոտ 2,2 միլիոն մարդ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անցած կիրակի հայտարարել է, որ հարձակումը սկսելուց առաջ քաղաքացիական բնակչությունը Գազա քաղաքից, որը նա անվանել է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը, կտարհանվի, այսպես կոչված, «անվտանգ գոտիներ»։

Ըստ ՑԱՀԱԼ-ի հայտարարության, ապաստանի համար նախատեսված պարագաները Գազայի հարավում գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետով կփոխանցեն Միավորված ազգերի կազմակերպությունը և մարդասիրական օգնություն ցուցաբերող այլ միջազգային կազմակերպություններ՝ Պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից ստուգվելուց հետո։

Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել մարդկանց Գազայի հարավային հատված տեղափոխելու Իսրայելի ծրագրերի կապակցությամբ՝ հայտարարելով, որ դա միայն կխորացնի տառապանքները։

Միևնույն ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունել է Իսրայելի կողմից այն փաստի ընդունումը, որ ապաստանը խիստ անհրաժեշտ է, և որ վրաններն ու կացարանով ապահովելու համար նախատեսված այլ պարագաները կրկին կթույլատրվեն Գազա մտցնել։

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ հազարավոր ընտանիքներ, որոնք արդեն իսկ գտնվում են սարսափելի մարդասիրական պայմաններում, կարող են հայտնվել անելանելի վիճակում, եթե տեղահանման ծրագիրն իրականացվի։

Պաղեստինի և Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաները հայտարարել են, որ անկլավում ոչ մի տեղ անվտանգ չէ, ներառյալ Գազայի հարավային շրջանները, ուր Իսրայելը հրամայել է տեղափոխվել բնակիչներին։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իսրայելական ուժերն արդեն ակտիվացրել են գործողությունները Գազա քաղաքի ծայրամասերում։ Զեյթուն և Շեջայա շրջանների բնակիչները հայտնում են, որ Իսրայելը զանգվածային գնդակոծություններ է իրականացնում օդից և տանկերից։ Տեղի բնակիչները նաև հայտնել են պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել օրվա ընթացքում, երբ իսրայելական տանկերը գնդակոծել են շրջանի արևելյան մասի տները։

ՑԱՀԱԼ-ը ուրբաթ օրը հայտարարել է, որ Զեյթունում նոր գործողություն է սկսել՝ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու, թունելները ոչնչացնելու և տարածքում զինյալներին վերացնելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս