Իրանի Ռազմավարական խորհրդի ղեկավարը Հայաստանին կոչ է արել փարատել Թեհրանի մտահոգությունը

Իրանի Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Հայաստանին կոչ է արել փարատել Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունը Բաքու-Երևան համաձայնագրի կապակցությամբ, որը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար, հայտնում է Mehr-ը։

Խարազին հանդիպել և բանակցություններ է վարել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։

Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անփոփոխելիության հարգման, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ Խարազին իր անհամաձայնությունն է հայտնել Հայաստանում Միացյալ Նահանգների ներկայությանը՝ ի դեմս ներդրող ընկերության, որը կառավարում է երկու երկրների միջև հաղորդակցության երթուղին, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանի գործերին ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։

«Հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կփարատի Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունները», – ասել է Խարազին։

Հայաստանի փոխարտգործնախարարն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցով և նոր հուշագրերի կնքմամբ երկու երկրների միջև համագործակցության ճանապարհն էլ ավելի կընդլայնվի։

Տեսանյութեր

Լրահոս