Բաժիններ՝

«Կախվածություն»-ը դարձյալ առաջատար է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքերում, ամսագրերում հրապարակված և այլ լեզուներով թարգմանված պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Երկրորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ»-ը երրորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մի մեծ, ամբողջական պատմություն։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է․ կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող դետալները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։

Չորրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Հինգերորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Հայ ժամանակակից հեղինակ Ջեսահի «Անանկենդան»-ը վեցերորդ տեղում է: Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր կերպարը անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում բոլոր երազանքների վրա: Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, և պայքար, որ բացահայտված ստի արդյունքում վերածվում է դեպրեսիայի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Հերոսն անցնում է այս ամենի միջով ու դառնում, ըստ էության, նոր մարդ`անանկենդան:

Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը յոթերորդ հորիզոնականում է: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:

Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Ժողովածուն Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների մեկտեղումն է: Պարզ ու անմիջական, սրտի ճանապարհն ուղիղ գտնող բանաստեղծական տողն ամբողջանում է ավերված աշխարհում դեռ անաղարտ լույս ու մաքրությամբ, որ ուղղակի անդրադարձն է սիրած էակի, որ երբեմն հնչում է աղոթքի լեզվով: Սիրո գեղեցկությունն է՝ քաղաքի բացօթյա տարածության մեջ, Սիրո ազատությունը՝ մաքուր ու վայրի բնության մեջ:

Իններորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահաբար։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա մեջ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի…

Տասներորդ հորիզոնականում է Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել անդունդում հայտնվաների ձեռքը և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի արգասիքն է:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս