Մերձավոր Արևելք. Արդյո՞ք Հորմուզի նեղուցի արաբական այլընտրանքները պահանջարկ կունենան

Սաուդյան Արաբիայում հիշել են արքայազն Սալմանի անվան նավագնացության ջրանցքի վաղեմի նախագծի մասին

Հորմուզի նեղուցում լարված իրավիճակի պահպանումը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ 20 տոկոսը, հղի է էներգետիկ շուկաների փլուզմամբ, մարտի 10-ին ասել է Saudi Aramco-ի գլխավոր տնօրեն Ամին Նասերը. «Որքան երկար շարունակվեն ընդհատումները, այնքան աղետալի կլինեն հետևանքները նավթի համաշխարհային շուկայի և համաշխարհային տնտեսության համար»: 2025ի արդյունքներով սաուդյան նավթային հսկան հայտնել է թույլ պահանջարկի պատճառով շահույթի 12 տոկոսով անկման մասին։

Պարսից ծոցի երկրների շահույթը կախված կլինի Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսումից։ Մատակարարման երկարատև ընդհատումները կարող են ազդել ամենատարբեր ոլորտների վրա՝ ավիացիայից և գյուղատնտեսությունից մինչև արտադրություն և նավագնացություն»,- զգուշացնում է Նասերը։

Մինչդեռ Պարսից ծոցում հակամարտության սրման և Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակման խորապատկերին Սաուդյան Արաբիան մարտին վերսկսել է (9 տարի անց) Սալմանի ռազմավարական նավարկելի ջրանցքի (King Salman Canal) նախագծի մշակումը: Սաուդյան ղեկավարության հավակնոտ նախաձեռնությունը համահունչ է «տեսլական 2030» ծրագրի տրամաբանությանը, որը տնտեսության դիվերսիֆիկացման ազգային ծրագիր է՝ էներգառեսուրսների արտահանումից կախվածության աստիճանական անկմամբ (այս նախաձեռնությունը հաճախ կապվում է սաուդյան մեգանախագծերի ավելի մեծ էկոհամակարգի հետ, ինչպիսին է Neom նախագիծը, որը ներառում է 170 կմ երկարությամբ The Line մեգա քաղաքի կառուցումը, որը նայում է Կարմիր ծովին, թեև դրա մասշտաբը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է և նույնիսկ ենթադրաբար կարող է ամբողջությամբ չեղյալ հայտարարվել:Վիթխարի ծախսերի տնտեսական հիմնավորումները ենթադրում էին նոր արժեքային շղթաների ստեղծում լոգիստիկայի, նավաշինության, արդյունաբերական վերամշակման, ոռոգվող գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ աղազերծված ջուրը կարող է օգտագործվել անապատում ագրոարդյունաբերական կենտրոններին աջակցելու համար, ինչը կամրապնդի երկրի պարենային անվտանգությունը: Սաուդյան Արաբիան արդեն արտադրում է իր սպառած ջրի զգալի մասն աղազերծման միջոցով, ինչը ենթադրում է շրջակա միջավայրի հետևանքներ, որոնք կապված են թափոնների հեռացման և էներգիայի բարձր սպառման հետ):

Կարդացեք նաև

Մինչև 250 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը ենթադրում է այլընտրանքային տրանսարաբական ջրային երթուղու կառուցում Պարսից ծոցից (Դամմամ նավթային հավահանգստից) դեպի Կարմիր ծով (Յանբոյից հյուսիս)։ Նախագծի վերջնական տեխնիկատնտեսական հիմնավորումը նախատեսվում է ներկայացնել սույն թվականի աշնանը: Աշխարհաքաղաքական հիմնավորումը Մերձավոր Արևելքի տարանցիկ դերի ամրապնդումն է՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի գլոբալ լոգիստիկ կենտրոն:

Ջրանցքի հայեցակարգը, որն առաջին անգամ քննարկվել է 2014-2015 թվականներին, նախատեսում է 950-960 կմ երկարությամբ արհեստական ջրային զարկերակի կառուցում, որը կհատի թագավորության տարածքը արևելքից դեպի արևմուտք: Տեխնիկական չափորոշիչների համաձայն, որոնք վերահաստատվել են փորձագիտական շրջանակներում, ջրանցքի շահագործման լայնությունը պետք է լինի մոտավորապես 150 մետր, իսկ խորությունը՝ 25 մետր: Այս չափորոշիչներն ապահովում են Հորմուզի նեղուցը շրջանցող մեծ տարողունակության տանկերների և կոնտեյներային նավերի անցումը:

Հիդրոտեխնիկական ենթակառուցվածքների ուղղակի ծախսերը (հողային աշխատանքներ, հողահանում, ափային ամրացում և այլն) կկազմեն 80-ից 100 միլիարդ դոլար: Բացի այդ, երթուղու տարածքի համապարփակ զարգացումը՝ ներառյալ հարակից նավահանգիստների, երկաթուղային մոտեցումների, մայրուղիների կառուցումը և մայրուղու երկայնքով հատուկ տնտեսական գոտու ստեղծումը, ավելացնում է վերջնական նախահաշիվը մինչև 250 միլիարդ դոլար:

Ջրանցքը հիմնականում կանցնի Ռուբ էլ Խալի ավազոտ անապատով, որն աշխարհում ամենաընդարձակներից մեկն է։ Արևելյան մուտքի կետ ենթադրվում է Պարսից ծոցի Սաուդյան ափին գտնվող Դամմամի և Ջուբայլի արդյունաբերական/տերմինալային կլաստերների տարածքում: Ըստ առկա տեղեկատվության՝ նախագծին աջակցում են Քուվեյթը և Բահրեյնը:

Ավելի քան 1200 կմ երկարությամբ այլընտրանքային, ավելի հավակնոտ տարբերակը ենթադրում էր ջրանցքի ելքը Դամմամից Ադենի ծոց (Հարավային Եմենի միջով)։ Չափազանց բարձր կապիտալ ներդրումների և քաղաքական գործոնների, այդ թվում՝ հարևան երկրների հետ երկարատև բանակցությունների ու հաստատումների անհրաժեշտության պատճառով, այս նախագիծը դադարեցվեց 2010-ականների կեսերին:King Salman Canal-ը դիտարկվում է որպես ոչ միայն բեռնափոխադրման երթուղի, այլև տրանսարաբական բազմաֆունկցիոնալ տարանցիկ և լոգիստիկ միջանցքի ինտեգրում։

Հիշեցնենք՝ ներկայումս շահագործվում են Հորմուզի նեղուցը շրջանցող հետևյալ խոշոր խողովակաշարերը:

  • Տրանս-սաուդյան նավթամուղը՝ նույն Ռուբ էլ Խալի անապատով (East-West Pipeline), որը ձգվում է մոտ 1260 կմ՝ հիմնականում շիաներով բնակեցված Արևելյան նահանգի և Աբկեյք քաղաքի հանքավայրերի խմբից մինչև Կարմիր ծովի Յանբո նավահանգիստ: Հզորությունը՝ օրեկան 5 միլիոն բարել: Մարտի առաջին տասնօրյակի դրությամբ առկա հզորությունը կազմում է օրական մոտավորապես 2.5 միլիոն բարել: Նասերի խոսքով՝ նավթամուղը, ենթադրվում է, լիովին կօգտագործվի՝ Յանբո նավահանգիստ լրացուցիչ պաշարներ, այդ թվում՝ պահեստային պաշարներ տեղափոխելով: Հենց Յանբո, Financial Times-ի տվյալներով, մոտ ժամանակներս կուղևորվեն VLCC դասի 30 խոշոր տոննաժ տանկերներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել ավելի քան 2 մլն բարել նավթ: Նավերի սեփականատերերի թվում են Dynacom Tankers, Minerva Marine, Frontline ընկերությունները, ինչպես նաև Cosco չինական պետական ընկերությունը։ Տանկերների մի մասը կատարում է Սաուդյան Արաբիայի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը հիմնականում Չինաստան, մասամբ Հնդկաստան և Հարավային Կորեա: 
  • Էմիրաթական ADCOP-ը ԱՄԷ-ի հյուսիս-արևմուտքից մինչև Արաբական ծովի էմիրաթական Ֆուջեյրա նավահանգիստ: Հզորությունը օրական 1.8 միլիոն բարել է, որից օրական հասանելի է մոտ 700,000 բարել։
  • Հյուսիսային Օմանի Սոհար նավահանգիստ տանող 170 կիլոմետրանոց Ալ Հաբա (ԱՄԷ) նավթամուղն ունի միջին հզորություն։

IEA-ի գնահատականներով՝ այս շրջանցիկ զարկերակները միասին թույլ են տալիս օրական մղել մոտավորապես 3.6-5.6 միլիոն բարել նավթ, այսինքն՝ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը Հորմուզի նեղուցով ամսական փոխադրումների 30%-ից պակաս։

2023-24 թվականներին հաղորդվել է այդ խողովակաշարերի հզորությունների ավելացման և մոտ 650 կմ երկարությամբ նորերի կառուցման ծրագրերի մասին՝ Քաթարից Սաուդյան Արաբիայի սահմանամերձ շրջաններով մինչև Օմանի տերմինալ (Մասկատի մոտ) և մոտ 600 կմ երկարությամբ ճյուղ՝ Արևելք-Արևմուտք խողովակաշարից մինչև Սուեզի ջրանցքի մոտ գտնվող Աքաբայի ծոցում գտնվող Սաուդյան Արաբիայի Ալ-Հումեյդա նավահանգիստը։

Հաղորդվում էր նաև Իրաքի հարավում այդ խողովակաշարին Քուվեյթի և Ռումեյլայի միացման մասին, սակայն մինչ ներկայիս պատերազմը տարածաշրջանում այդ նախագծերի իրականացման մասին ոչինչ չէր լսվում (Դեռևս 1957-ի հունիսի վերջին Իրաքի այն ժամանակվա վարչապետ Նուրի ալ-Սաիդը «Պայմանագրային Օմանի» (ապագայում՝ ԱՄԷ) բրիտանական իշխանություններին առաջարկեց Հորմուզի նեղուցում Օմանի ցամաքային կամրջով մշակել նավթամուղի կամ ծովային ջրանցքի նախագիծ՝ հավատալով, որ ժամանակի ընթացքում նավթի փոխադրումների ծավալները դժվար թե անցնեն նեղուցով ՝ ստեղծելով տանկերի խցանումներ երկու ուղղություններով։ Բրիտանացիներն այս առաջարկը համարեցին անժամանակ։ Նմանատիպ առաջարկ շահնշահ Փահլավին արել էր բրիտանացիներին և նորաթուխ էմիրայություններին, որին հաջորդել էր «որ սա մոտակա հեռանկարի հարց չէ»):

Պատասխանելով ամերիկյան ռազմանավերով նավթ տեղափոխող նավերի հնարավոր ուղեկցության մասին հարցին՝ Saudi Aramco-ի ղեկավարն ասել է․ «կաջակցի ցանկացած գործողության կամ միջոցի, որը կօգնի մեր արտադրանքը հասցնել հաճախորդներին»:

Սակայն նման քայլերը միայն կուժեղացնեն լարվածությունը և ոչ մի կերպ չեն ազդի ագրեսորներին համարժեք պատասխանելու Իրանի վճռականության վրա, այդ թվում՝ «ասիմետրիկ» գործողությունների շրջանակներում։ Պետք է ենթադրել՝ ցանկացած այլընտրանքային նախագծեր, խողովակաշարեր, ջրանցքներ և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ նույնպես անուշադրության չեն մատնվի, ինչի մասին վկայում է մարտի 8-ի միջադեպը, և ոչ միայն այն։

Ավելի վաղ գրել էինք՝ Իրանի դեմ ագրեսիայով ԱՄՆ-ն և Իսրայելը մեծամասամբ «քաշել են» իրենց գործընկերներին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կազմից, որտեղ ներմուծվում է սննդամթերքի և ամենօրյա պահանջարկի այլ հիմնական ապրանքների մինչև 90% – ը, և կասկած չկա՝ նրանք դեռ մեկ անգամ չէ, որ դրանում կհամոզվեն։

Որոշ դիտորդների կարծիքով՝ ձգձգված հակամարտությունը կարող է հանգեցնել ստագֆլյացիայի՝ տնտեսական աճի դանդաղման և բարձր գնաճի համադրության, ինչը հազիվ թե մոտեցնի King Salman Canal-ի և նմանատիպ այլ նախագծերի իրականացումը:

ԴՄԻՏՐԻ ՆԵՖՅՈԴՈՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի 

Տեսանյութեր

Լրահոս