Զելենսկին զգուշանում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է սպառել ՀՕՊ պաշարները, որոնցից կախված է Ուկրաինան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է, որ պատրաստ է եռակողմ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլին՝ պատերազմին վերջ տալու համար. հայտնում է Associated Press-ը:
Միևնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է պայմանավորվեն հանդիպման վայրի և ժամանակի շուրջ:
Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է անցկացնել հաջորդ հանդիպումը ամերիկյան, ուկրաինական և ռուսաստանյան բանակցային թիմերի միջև, որոնցում ընդգրկված են ԱՄՆ դեսպաններ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, սակայն Մոսկվան հրաժարվել է պատվիրակություն ուղարկել:
«Սպասում ենք ամերիկացիների պատասխանին։ Կա՛մ նրանք կփոխեն երկիրը, որտեղ հանդիպում ենք, կա՛մ ռուսաստանցիները պետք է հաստատեն, որ դա ԱՄՆ-ն է։ Մենք չենք արգելափակում այս նախաձեռնություններից որևէ մեկը։ Ուզում ենք, որ եռակողմ հանդիպումը կայանա»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
ԱՄՆ-ն հետաձգել է իր կողմից կազմակերպված բանակցությունները երկու կողմերի միջև Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով:
Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նաև նախազգուշացրել է «շատ բարձր» ռիսկի մասին, որ Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը կարող է սպառել հակաօդային պաշտպանության միջոցների պաշարները, որոնցից Ուկրաինան կախված է ռուսաստանյան հրթիռային հարվածներին դիմակայելու համար:
Ուկրաինայի նախագահն ասել է, որ չունի առկա պաշարների հստակ պատկերը, և ուրբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է՝ արդյոք SAMP/T համակարգերը կարող են որպես ամերիկյան արտադրության Patriot մարտկոցների այլընտրանք ծառայել բալիստիկ հրթիռների կալանման համար։
Ըստ Զելենսկու, Ուկրաինան «հերթում առաջինը» կլինի ցանկացած կենսունակ այլընտրանք փորձարկելու համար:



