ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ. ՍՈւՏ ԽՈՍԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՊՐԵԼԱԿԵՐՊ. ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը:

Վերհիշելով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ստեղծման տարիները՝ մաեստրո Հեքեքյանը պատմում է իր առջև դրած խնդրի մասին.

«Երբ Խորհրդային Միությունը քանդվում էր և Արցախյան պատերազմը մտել էր իր բավականին լուրջ փուլի մեջ, երբ Արցախում ոտնահարում էին հայ երեխաների իրավունքները, և ես էլ «Աշխարհի փոքրիկ երգիչներ» կառույցի հիմնադիրներից մեկն էի, որը Ֆրանսիայում էր ստեղծվել, իրենք անընդհատ ասում էին՝ ստեղծեք ձերը, որովհետև ես ունեի ռադիոյի երգչախումբ, բայց անընդհատ երեխաներ էին պետք, համագործակցել էր պետք, մանկական երգչախմբեր մենք չունեինք այդ ժամանակ:

Կարդացեք նաև

Քանի որ «Աշխարհի փոքրիկ երգիչներ» կառույցի կանոնադրության մեջ կար այդ կետը՝ պաշտպանել երեխաների շահերն աշխարհով մեկ, ես մտածեցի՝ քանի որ դուստր կազմակերպության պես բան է, մենք էլ գրենք հայ երեխաների իրավունքներն աշխարհով մեկ և փորձենք պաշտպանել: Եվ, իսկապես, ոտնահարված էին, ես մտածում էի՝ աշխարհում մենք բարձրաձայնելու ենք հայ երեխաների շահերը։ Ի՞նչ իմանայի, որ կանցներ 3 տասնամյակ, հետո պիտի պաշտպանենք մեր երեխաների շահերը մեր իսկ երկրում»։

Խոսելով այսօր երգարվեստում տիրող իրավիճակի մասին՝ մաեստրոն նշում է.

«Ասում են՝ հանրությունը դա է սիրում։ Հանրությունը չի կարող դաստիարակել։ Ես չեմ գնում հարսանիքների, որովհետև ուղղակի ֆիզիկապես չեմ կարող, և հոգեբանորեն էլ ինձ համար ծա՛նր է, մանավանդ պատերազմից հետո, առավել ևս, ինձ համար շատ բարդ է, բայց գիտեմ՝ ինչ է կատարվում, և մտածում ես, և հարցնում ես՝ բոլորը հոգնած ու զզված են։ Բայց երբ հարցնում ես այդ երգիչներին, ասում են՝ հասարակությունը դա է ուզում։ Դա սո՛ւտ է, խաբկանք է, դա արդարացման ձև է, որովհետև նայած՝ ո՞ր հասարակության, այո՛, կա հասարակության մի խավ, թեկուզ թող դա լինի 60 %-ը, բայց չէ՞ որ արվեստագետի դերը նրանում է, որ դու, ինչպես Կոմիտասն էր ասում, պիտի իջնես ժողովրդի մակարդակին, չեմ ասում, ամենացածր և փորձես քո հետ տանել վեր: Դա կրթվելու բան է, չէ՞, պետք է կրթես։ Բայց մենք ունենք շատ լավ երգիչներ, անունները չեմ ուզում տալ»:

Երիտասարդության դերի ու կողմնորոշումների մասին խոսելիս Տիգրան Հեքեքյանն ընդգծում է.

«Սարսափելի է, որ այսօրվա երիտասարդությունը հանուն փողի վաճառում է իր խիղճը, խոսք չի վերաբերում բոլորին, հրաշք երիտասարդություն ունենք, բայց նաև դրա կողքին ունենք երիտասարդներ, որոնք աշխատում են ոչ հայրենի իշխանության համար, աշխատավարձը չեն ստանում Հայաստանում, այլ՝ Վրաստանում։ Իսկ ինչո՞ւ են ստանում Վրաստանում, որովհետև այնտեղից, որտեղից ստանում են աշխատավարձ, անհարմար են զգում, որ Հայաստանում դրա մասին իմանան։ Սա ազգային անվտանգության մարմինների գործառույթ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

Տեսանյութեր

Լրահոս