ԵՍ ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՄ, «ԿԻՍԼԱՌՈԴՆԵՐԸ» ՓԱԿՈՒՄ ԵՄ, ՄԱՐԴԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է, ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՆՁ. ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

Խոսելով լրագրողական գործունեության տարիներից՝ Նաիրա Զոհրաբյանը նշում է. ««Հայկական ժամանակը» կարող եք անվանել դեղին մամուլ, բայց ժամանակին դա ամենապահանջված, ամենակարդացվող թերթն էր։ Այն տվել է լրագրողների մի ամբողջ սերունդ…

Մեզ անգամ անվանում էին «լրատվական քիլերներ»։ Ռուբեն Գևորգյանն ասում էր՝ «Դուք լրագրողներ չեք, դուք լրատվական քիլերներ եք»։

Եղել են հրապարակումներ, որոնց հետևանքով մարդիկ հիվանդանոցում են հայտնվել։ Այն ժամանակ ես դա ընկալում էի՝ որպես պրոֆեսիոնալ հաջողություն։ Այսօր հասկանում եմ՝ դա հաջողություն չէր։ Դա վնաս էր։

Կարդացեք նաև

Հասունացումը գալիս է հետադարձ հայացքով»։

2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին Նաիրա Զոհրաբյանը հանդիպումներ է ունեցել ռուս գործընկերների հետ ու հաղորդման ընթացքում բացահայտում է իրենց խոսակցության մանրամասները.

«2020 թվականի նոյեմբերի 5-ին ես Մոսկվայում էի։ Հանդիպումների, քննարկումների մեջ։ Ռուս գործընկերներս գիտեին՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Հիշում եմ՝ ձեռքս դրեցի սեղանին Ժիրինովսկու դիմաց ու ասացի. «Կարող եք կտրել ձեռքս, բայց Նիկոլ Փաշինյանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որով Շուշին հայկական չի լինի»։

Ես դա ասում էի համոզումով։ Այո, նա էմոցիոնալ է, այո, նա կարող էր երբեմն անադեկվատ թվացող քայլեր անել։ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը կարող են վկայել՝ մենք միասին էինք, միասին էինք քննարկումների մեջ։ Բայց ես չէի պատկերացնում, որ իմ ճանաչած Նիկոլը կարող է գնալ այդպիսի շրջադարձի։

Նոյեմբերի 5-ին ասում էի՝ անհնար է, նոյեմբերի 9-ին դա տեղի ունեցավ։

Սա այն պահն էր, երբ ես հասկացա՝ քաղաքականության մեջ «անհնար» բառ գոյություն չունի։

Ես չէի պատկերացնում, որ նույն մարդը, ով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», կարող է տարիներ անց այլ ձևակերպում անել, եթե 2018-ի Նիկոլին հարցնեին՝ «Դու կարո՞ղ ես մի քանի տարի անց նման բան ասել», նա էլ կասեր՝ ոչ»։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու հանգամանքին ու առհասարակ քաղաքական թիմերում ներքին բախումներին, զրուցակիցս ընդգծում է.

«Քաղաքական թիմերում եթե մեկն ասի՝ խարդավանքներ չկան, իրար տակ փորել չկա, «մուտիլովկա» չկա՝ կստի։ Երևանի ավագանու ընտրություններում, երբ ես քաղաքապետի թեկնածու էի, հետո իմացա, որ քարոզարշավին կողքիս կանգնած որոշ մարդիկ կա՛մ չեն գնացել ընտրության, կա՛մ ինձ դեմ են քվեարկել, որովհետև իրենց ընտրությունն ուրիշին էին ցույց տվել»։

Անդրադառնալով անձնական կյանքին ու ականավոր թարգմանիչ Սամվել Մկրտչյանին, Նաիրա Զոհրաբյանը հիշում է.

«Գրողների միությունում սենյակ ունեինք, որը մեզ տվել էր Հրանտ Մաթևոսյանը։ Քնում էինք ազատամարտիկների թողած քնապարկում։ Հացի փող չունեինք։ Սամվելի թանկարժեք բառարանները Վերնիսաժում վաճառում էինք կոպեկներով։ Բորբոսնած հացը չորացնում էինք, քերում, ուտում»։

Հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ Փաշինյանին ամենալավը ճանաչելով՝ հավատում էր 2018-ին հնչող կարգախոսներին ու ազնիվ մղումների առկայությանը, Զոհրաբյանը մտածում է.

«Ես ինձ հաճախ հարց եմ տալիս՝ ինչի՞ ազդեցության տակ ես որոշումներ կայացրեցի։ Արդյո՞ք վախեցա։ Արդյո՞ք 2018-ին վախեցա, որ եթե հակառակ գնամ, իմ երեխայի տան դռանն էլ կարող են դագաղ բերել, թե՞ դա պարզապես ներքին համոզմունք էր, որ գուցե իրենք ճիշտ են, ես՝ սխալ։

Ես այդ հարցի վերջնական պատասխանը դեռ չունեմ։ Ես ասել եմ՝ մասսայական պսիխոզը հիվանդություն է։ Այն փոխանցվում է։ Դու կորցնում ես սառնասրտությունը, կորցնում ես բանականությունը։ Գուցե վախեցա, որ այն դագաղը, որը տարան Աշոտյանի և մյուսների տները, կարող է մի օր կանգնել նաև իմ երեխայի տան դռան առաջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս