ԻՄՊԻՉՄԵՆՏԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է. ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՅԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՉԻ՛ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ. ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«Այս պահին առկա բոլոր սոցիոլոգիական ցուցանիշները ցույց են տալիս, որ Փաշինյանը որևէ ձևով չի վերընտրվում»,– 168TV «Զառան հարց ունի» հաղորդաշարի ժամանակ նշեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Հենց այս համատեքստում նա շատ մանրամասն չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի մի շարք, այդ թվում՝ Անկախության հռչակագրի մասին հայտարարությունները՝ նկատի ունենալով, որ Սահմանադրության փոփոխություններն այն տրամաբանությամբ, որը փորձ է արվում այսօր ներկայացնել, տեղի չի ունենալու, իսկ եթե սահմանադրական ինչ-որ փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ապա հունիսի 7-ից հետո ժողովուրդը կքննարկի, կհասկանա։

«Անկախության հռչակագրի հղումը ցանկանում են հանել բացառապես Ադրբեջանի պահանջով»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը միշտ կարելի է բարելավել, սակայն դրա ամենամեծ արժեքը կայունությունն է։

«Ի՞նչ ունենք 2018 թվականից այս կողմ, երբ ուժի մեջ է մտել Սահմանադրությունը։ Սահմանադրություն փոխել են, որպեսզի Սահմանադրական դատարանը գրավեն 2020թ., ռեյտինգային համակարգը հանվել է, Սահմանադրությունն ունի շատ հստակ երաշխիքներ, որոնք ակնհայտորեն ոտնահարվել են, և մենք, եթե եկանք նրան, որ պետք է տեքստը փոխենք, որ այդ ոտնահարումը տեղի չունենա, կդառնա, որ ասում ենք՝ լավ են արել, որ ոտնահարում են։

Սահմանադրությունը երաշխավորում է Գլխավոր շտաբի պետի ապաքաղաքական լինելը, ընտրվում էր Ազգային ժողովի կողմից․ Ի՞նչ արեցին, ասին՝ չէ, ո՞նց կլինի, գլխավոր հրամանատարն եմ ես՝ չկարողանամ փոխել Գլխավոր շտաբի պետին, օրենքը փոխեցին և դարձրեցին նախարարի տեղակալ, հետո Սահմանադրական դատարանը փոխանակ ասեր՝ գիտե՞ք, իշխանության տարանջատման խնդիր կա, ի՞նչ ես քիթդ խոթում, ասում է՝ ես ո՞նց կարող եմ չանել։ Ի՞նչ եղավ ԱԱԾ-ն՝ վարչապետին ենթակա մարմին։ Ի՞նչ է տեղի ունենում բյուջեի հետ․․․»,- հավելեց նա։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ՍԴ-ն շատ սինխրոն է իշխանությունների հետ, և, որ վերջին որոշումն էլ օրերս եղավ, որով, փաստացի, Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը, և հարցին՝ հնարավորություն կա՞ ինչ-որ առումով հետագայում վիճարկել, վերադառնալ սրան, միջազգային իրավունքի մասնագետն արձագանքեց․

«Արդարության համար պետք է պնդենք, որ Սահմանադրական դատարանը պատմականորեն էլ շատ հստակ չի հակադրվել գործող իշխանություններին, որն ունի տրամաբանություն․ այստեղ խնդիրը միայն քաղաքական չէ․ ամեն դեպքում Սահմանադրական դատարանի լիազորությունները, որպես բալանսավորող, որոշակի կաշկանդվում են նաև քաղաքական-հասարակական առկա իրավիճակով։

ՀԷՑ-ի դրվագում կան մի քանի ծայրահեղ ակնհայտ խնդրահարույց հարցեր, առնվազն ֆունդամենտալ խնդիր, որ վերաբերում է հետադարձությանը, այն է՝ մինչև օրենքների փոփոխությունը, լիցենզիայից զրկվելուց հետո, դիմում են՝ նորից լիցենզիա ստանում, ուղղակի կարող է պայմանները մի քիչ այլ լինեն, քննարկվի այլ ներդրումային ծրագիր, և այլն։ Ասացին՝ չէ, չես կարող, պարտավոր ես վաճառել»։

ՀԷՑ-ին ի՞նչ ճակատագիր է սպասում՝ հետաքրքրվեցինք զրուցակցից՝ հիշեցմամբ, որ ժամանակավոր կառավարիչը, որը հանուն Հայաստանի Հանրապետության էր մտել ՀԷՑ, հայտարարել է, որ ՀԷՑ-ի 100 % բաժնեմասերի պետականացման գործընթացը թևակոխել է հանրային գերակա շահ ճանաչելու կարգավորման փուլ։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ դա իր գործը չի, իր գործը կայանում է նրանում (եթե մենք օրենքի տեսակետից ենք դիտարկում), որ օրենքը պետք է ապահովեր, ՀԷՑ-ը բարեհաջող այս կրիզիսը հաղթահարեր, եթե կրիզիս կար ու նպատակը կրիզիս հաղթահարելն էր։

Իմ կարծիքով՝ ՀԷՑ-ի շուրջ ինչ-որ որոշումներ կկայացվեն կարճ ժամանակում, այդ որոշումները չեն ունենա հետևանք, որովհետև, ես ինչպես նշեցի, ամսի 8-ին կունենանք այլ իրողություն»։

TRIPP-ի մասին իր դիտարկումներում մասնագետը թերահավատ է՝ հաշվի առնելով ռեգիոնալ իրողությունը ու հնչող հայտարարությունների իրարամերժությունը։

«Ներդրումը շատ լավ է, արեք, բայց շատ կարևոր է, որ այդ ներդրումը վաղը հանկարծ չպարզվի, թե թարգմանիչն է սխալ թարգմանել ու խոսքը ոչ թե ներդրման մասին էր, այլ ծախսերի․ մենք Հանրային Հեռուստատեսությամբ տեսանք՝ ինչպես «Հայաստանն Ամերիկայից 9 միլիարդի ինչ-որ բան կառնի» ձևակերպումը վերածվեց, որ Ամերիկան Հայաստանում 9 միլիարդ ներդրում կանի»,- ասաց Օրբելյանը։

Ըստ նրա՝ այսօր կա ռեալ օրակարգ, և ռեալ օրակարգով տեսնում ենք քննարկումները. այդ քննարկումները բերելու են նրան, որ ամսի 8-ին պետք է լինի փոփոխություն, հակառակ պարագայում՝ կարող ենք գնալ խորը դիկտատուրայի։

Ավելի խորը դիկտատուրա գնալու ժամանակ այն մարդիկ, ովքեր օգնելու են այդ հարցում, պետք է մտածեն՝ նախորդ 7-8 տարիներին դա կատարողներն այսօր քրեական պատասխանատվության առաջ են՝ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնակիցներ։ Արցախի պաշտոնատար անձանցից ոմանք, ովքեր մարդ էին բերում նրա միտինգներին, ու այդպես հանգիստ թողել է Ադրբեջանում գերության մեջ ու արգելում է խոսել․ Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը։

Ես ակնկալում եմ, իմիջիայլոց, որ 7-ին կլինի ընտրությունների այլ արդյունք և ակնկալում եմ, որ 8 կամ 9-ին ՔՊ պատգամավորների զգալի մասը կհասկանա, որ պետք է անվստահություն հայտնեն։ Դա չի նշանակում, որ ընտրությունները պետք է թերագնահատենք, ընտրությունների կարևորությունը պետք է հաշվի առնենք․ ընտրողը ժողովուրդն է, ժողովուրդը պետք է ընտրի, բայց ամսի 8-ին պետք է լինի անվստահություն»։

Այսինքն իմպիչմենտի օրակարգն իրատեսակա՞ն է՝ հստակեցրինք Արամ Օրբելյանից, նա պատասխանեց․ «Ո՛չ միայն իրատեսական, այլև պարտադիր է, ընտրությունների բարեհաջող ավարտի դեպքում է՛լ ավելի կարևոր է։

ՔՊ պատգամավորները պետք է հասկանան, որ իրենց էլ է տանելու կործանելու։ Ուղղակի կկործանի․ իր՝ «եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա» ձևակերպումն իր մոտ ֆիքսված է, շարունակում է միշտ լինել։

Ի՞նչ տեղի կունենա մինչև 8-ը, ի՞նչ ապօրինություններ տեղի կունենան, ինչպե՞ս կօգտագործվի քրեադատավարական մեխանիզմը՝ դրան հասնելու համար, կտեսնենք, բայց ես ակնկալում եմ, որ ժողովուրդը չի թողնի այս անգամ իր քվեն իր ձեռքից տանեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031