Թուրքիայում սեփական տանը մահացած են գտել 27-ամյա մոդել Այշեգյուլ Էրասլանին
Թուրք մոդել, մոդելավորող և ինֆլուենսեր Այշեգյուլ Էրասլանին մահացած են գտել Ստամբուլի Քյաղըթհանե թաղամասում գտնվող իր տանը, հայտնում է Haberler-ը:
Նա 27 տարեկան էր: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունն ու բժշկական ծառայությունները հաստատել են մահը, ինչից հետո մարմինը փորձաքննության է ուղարկվել դատաբժշկական դիահերձարան:
Ըստ մոդելի ընկերոջ, աղջկա դաստակները կտրված են եղել, և նրան գտել են կախված վիճակում: Նա կարծում է, որ մոդելին սպանել են:
Ըստ լրատվամիջոցների, մահվանից քիչ առաջ աղջիկը սոցիալական ցանցերում մի քանի տագնապալի հաղորդագրություն է հրապարակել: Դրանցից մեկում նա գրել է, թե կան բաներ, որոնց մասին չի կարող պատմել, բայց ընդգծել է, որ եղել է «լավ մարդ և ոչ մեկին վատություն չի արել»։
Հարազատները սկսել են անհանգստանալ, երբ երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ: Նրանք եկել են տուն և, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Երբ իրավապահները մտել են բնակարան, աղջկան գտել են առանց կյանքի նշանների:
Էրասլանը հայտնի է դարձել թուրքական հանրահայտ İşte Benim Stilim («Սա է իմ ոճը») հեռուստաշոուի շնորհիվ: Նրա մահից հետո համացանցում կրկին սկսել են տարածվել հաղորդման հին հատվածները, որտեղ նա անսպասելիորեն լաց է լինում և խոստովանում, որ սովոր է բոլոր ապրումները պահել իր մեջ և երբեմն չի կարողանում զսպել հույզերը:
Երիտասարդ մոդելի մահը հասարակական մեծ հնչեղություն է առաջացրել: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հանգամանքների քննությունը, և մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հայտարարվել:



