«Լավրովի հայտարարությունն ավելի շատ ուղղված է Փաշինյանին, որ՝ ընկեր ջան, քո մեջ խնդիր ենք տեսնում»․ Հրանտ Բագրատյան
«Ռուսաստանի հետ գազային բանակցություններում մեծ հաջողություն չենք ունենա։ Բայց գոնե քիչ կորցնենք։ Հայ-ռուսական հարաբերությունները միտում ունեն վատանալու և շարունակելու են վատանալ, քանի դեռ Փաշինյանի թիմն իշխանության է»,- այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա ընդգծեց՝ Ռուսաստանի հետ շատ դժվար է ընկերություն անել, բայց պետք է անել․ «Հիմա մենք պետք է հասկանանք՝ այս տարածաշրջանում հավակնություն ունեն Թուրքիան և Ռուսաստանը։ Եվրոպան մի 50 մլն փող է տպում տալիս, ասում է՝ էս՝ ձեզ օգնություն։ Եվրոպան էլ է ուզում այստեղ հսկողություն ունենալ, բայց Եվրոպան այստեղ զինվոր բերող չէ, նույնն էլ՝ Ամերիկան։ Ամերիկան, լավագույն դեպքում, զինվոր կարող է տանել Վրաստան։ Ռուսաստանը կփորձի տարածաշրջանի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, բացի Հայաստանից, նաև Վրաստանի և Ադրբեջանի վրա։ Կորոնավիրուսից հետո աշխարհը դառնալու է ռեգիոնալ։ Աշխատելու է Ռուսաստան-Հայաստան-Իրան-Պակիստան-Հնդկաստան-Չինաստան շրջագիծը․ չինական բեռները գալու են Հայաստան։ Ի դեպ, այս տարվա փոփոխությունից հետո Չինաստանի տնտեսությունը կաճի, ԱՄՆ-ի տնտեսությունը զգալի կիջնի, նրանք իրար շատ կմոտենան։ Առաջին անգամ անգլո-սաքսոնական աշխարհը զգում է, որ իրենցից առաջ անցնող տնտեսություն կա, և փորձում են թույլ չտալ։ Հիմա Հայաստանը պետք է նախաձեռնի, որ լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ»։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, նա ասաց, որ Լավրովը մեզ օգնեց՝ ինչ-որ պահի ասելով՝ սա ենք քննարկում․ «Ինձ համար ամենաարժեքավորը Արցախի նոր նախագահի ռեակցիան էր, նա կետերով շարադրեց, որ սա է լինելու։ Հիմա չգիտեմ՝ Արցախի ղեկավարության հայտարարությունը հակասում է Հայաստանին, համաձայնեցրել է, թե ոչ։ Ես այնպես չէ, որ հավատում եմ Լավրովին, Հայաստանի ղեկավարությունը լիարժեք չէ, բայց ասաց, որ փաստաթուղթ չկա։ Բայց ռուսների հետ կա ուրիշ հարաբերություն․ իրենք խնդիր ունեն Հայաստանում, նրանք տեսնում են, որ Հայաստանը շատ է գնում պրոարևմտյան ուղղությամբ, բալանսը կորցրել է։ Ռուսների դուրները չի գալիս։
Ռուսները մեր ստրատեգիական գործընկերներն են, ամերիկացիները, եվրոպացիները կամ չինացիները մեր ստրատեգիական գործընկերը չեն։ Մեր ստրատեգիական գործընկերը կարող են լինել կամ ռուսները, կամ թուրքերը։ Թուրքերը բացառվում են՝ հայտնի պատճառներով, ուրեմն՝ ռուսները, և այդ ստրատեգիական գործընկերությունը պետք է պատշաճ ձևով տանել։
Ի տարբերություն Աբխազիայի կամ Ղրիմի հարցի, Արցախի հարցում ամերիկացիները չեն հակադրվում ռուսներին, Լավրովի հայտարարությունից հետո ամերիկացիները հայտարարություն չեն արել, ուրեմն՝ համաձայն են, ուրեմն՝ Ռուսաստանն ասել է, որ Հարավային Կովկասն իր համար ստրատեգիական դիրք է։ Լավրովը գիտի, որ կարգավորման այդ պլանին Հայաստանը չի գնա, եթե Հայաստանը գնա էլ՝ Արցախը չի գնա։ Հետևաբար, էս ամենն ինչո՞ւ է ասում․ Լավրովն ասում է՝ լսեք, հայեր, մենք ձեր կառավարության հետ խնդիր ունենք։ Լավրովի հայտարարությունն ավելի շատ ուղղված է Նիկոլ Փաշինյանին, որ՝ ընկեր ջան, քո մեջ խնդիր ենք տեսնում։ Շուտով ռուսները նոր զիջումներ են պահանջելու Հայաստանից»։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ռուսները երբեք Հայաստանին չեն գցելու, երբեք չեն լուծելու Արցախի հարցը՝ Ադրբեջանի օգտին․ «Բայց այն միջանկյալ լուծումները, որ իրենք առաջարկում են, եթե Ադրբեջանը համաձայնի, որ այնտեղ ռուսական զորք տեղաբաշխվի, ռուսները, կարող է, մտածում են՝ լավ, հայեր, մի քիչ էլ տուժեք։ Զանգեզուրը ժամանակին ինչի՞ են թողել մեզ, որ Իրանի հետ սահման ունենան։ Ռուսների համար Մեղրին շատ ավելի կարևոր է, քան թե Արցախը։ Դրա համար այդ տեսանկյունից Լավրովի հայտարարությունն իմ փեշերից ոնց որ քար թափեց»։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Լավրովի հայտարարության վերաբերյալ ոչինչ չասաց վարչապետ Փաշինյանը, Բագրատյանը հետևյալն ասաց․ «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ խոսի, Լավրովի հայտարարությունն իր դեմ է, ի՞նչ խոսի։ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ձեռը կրակն է ընկել, հիմա ինչ որ պետք է անի, ճիշտ հակառակն է նրա, ինչ ինքն ասել է»։