Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ-Արցախ տարաձայնությունների մասին
«Բացառում եմ դրաման այս հարաբերություններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԼՂՀ տարաձայնությունների մասին կարծիքներին:
Զոհրաբ Մնացականյանի գնահատմամբ՝ տարաձայնություններ ունենալը բնականոն երևույթ է, երբ կա մարդկային, միջպետական հարաբերություններ և շփում, ուստի հնարավոր է՝ լինեն տարաձայնություններ: «Այդ տարաձայնությունները մեկնաբանել՝ որպես ճգնաժամ և կոնֆլիկտ, սա այդ սահմանն է դրաման ստեղծելու հարաբերություններում: Ես բացառում եմ, որ մենք ունենք դրամա: Այս տարվա ընթացքում հստակ ականատես եք, որ չափազանց ակտիվ երկխոսություն է գնում ԼՂ իշխանությունների հետ: Իմ մասով՝ արտաքին բնագավառի մասով, և, առավել ևս, ԼՂ խաղաղ կարգավորման հարցում հանդիպումներ ենք ունեցել:
Իսկ հանդիպում ենք՝ համադրելու, քննարկելու և գտնելու ճանապարհ առաջ գնալու համար: Այդ առումով հստակ է, որ երկխոսությունը և նպատակների ու խնդիրների համադրումը տեղի է ունենում վարչապետի և մյուս բոլորի մակարդակով»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ շարունակելով, որ բոլոր միջպետական հարաբերություններում և ուղղություններով կարող են լինել տարաձայնություններ, ինչը, նրա որակմամբ, բնական է:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախում օգոստոսի 5-ին արած հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», և հարցին, թե դիվանագիտական առումով ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ նախարար Մնացականյանն ասաց, որ ցանկանում է հղում կատարել ՀՀ ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությանը:
Ըստ նրա՝ կարևոր է, թե ինչպես է դա ընկալվում և ներառվում մեր մոտեցումներում:
«Նորից կրկնեմ, որ շատ մեծ նշանակություն ունի կոնտեքստն ու նպատակն այդ ելույթի, և կոնտեքստն ու նպատակը վարչապետի շեշտադրումն է, նա ընդարձակ խոսել է համահայկականության գերակա խնդիրների մասին, համերաշխության միասնականության, զարգացման, համահայկական համազգային նպատակի մասին: Միևնույն ժամանակ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ հստակ արտահայտել է իր մոտեցումները, և այդ մասում նա վերահաստատել է այն բոլոր մոտեցումները, որոնք արտահայտված են ՀՀ-ի կողմից: Մենք դրան անդրադարձել ենք մեր հայտարարությունում օգոստոսի 6-ին: Մեզ համար ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բնույթն այլընտրանք չունի: Մենք շարունակելու ենք ջանքեր ներդնել այդ ուղղությամբ»,- ասաց նա: