«Ինձ և այդ մարդուն պետք չէ համեմատել». Շիշկինը՝ իրեն և Միհրան Պողոսյանին համեմատելու և իր գործի մանրամասների մասին

Վերջին օրերին հայկական մամուլի ուշադրությունը սևեռվեց ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի ֆեյսբուքյան գրառման վրա, որով նա շնորհակալություն էր հայտնում Հայաստանին՝ իրեն՝ որպես Ռուսաստանում հետապնդվող քաղաքական գործչի, փախստականի կարգավիճակ տալու համար։

Ըստ էության սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը Ռուսաստանում քաղաքական պատճառներով հետապնդվող գործչի կարգավիճակ կամ ապաստան է շնորհում, և այդ դեպքը նման աղմուկ է բարձրացնում, ինչը, որոշ վերլուծաբանների պնդմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս խնդրահարույց բնույթի տրամաբանության շրջանակում է:

Ի դեպ, շատերը սա մեկնաբանեցին՝ որպես Հայաստանի կողմից քաղաքական ապաստանի տրամադրում: Այնինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած Տեղեկատվության ստուգման կենտրոնը (infocheck.am) տարածեց հայտարարություն՝ հստակեցնելով. ««Փախստական» և «Քաղաքական ապաստան» տերմինները շփոթությամբ նույնացվել էին թե՛ հայկական, թե՛ ռուսական լրատվամիջոցներում։ Նշվում էր, թե Վիտալի Շիշկինին Հայաստանը տրամադրել է քաղաքական ապաստան՝ առաջին անգամ կիրառելով քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը:

Անդրադառնալով այս լուրին՝ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ երկու տարբեր օրենքներով կարգավորվող ընթացակարգերի մասին է խոսքը՝ քաղաքական ապաստանի մասին օրենք և ապաստանի և փախստականների մասին օրենք (Հայաստանը միացել է 1951 թվականի հուլիսի 28-ին ընդունված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային)։ Երկրորդի դեպքում ապաստան հայցողին հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա շնորհվում է փախստականի կարգավիճակ, կամ ապաստանի հայցը մերժվում է։ Իսկ առաջինի դեպքում շնորհվում է ոչ թե փախստականի կարգավիճակ, այլ օրինական կացության իրավունք ՀՀ-ում։ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել»:

Այնուամենայնիվ որոշ փորձագետներ Շիշկինի հետ տեղի ունեցածը կապեցին ՌԴ-ում Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության ակտի տրամադրման հետ, նշելով՝ եթե սա ՀՀ պատասխանն է Ռուսաստանին, ապա հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ Բացի հարցի քաղաքական նրբություններից, կան նաև իրավական նրբերանգներ, որոնք առաջանում են Շիշկինի մասին ռուսական լրատվամիջոցների էջերը թերթելիս: Ըստ ռուսական որոշ աղբյուրների՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումն ատելության, թշնամանքի ու բռնության հողի վրա է, ըստ այլ աղբյուրների, 2010 թվականից սկսած Ռուսաստանում նախաձեռնվող ընդդիմադիր շարժումների ակտիվ մասնակից է, ապա Կալուգայում առաջին ռուսական շքերթի կազմակերպիչը: Ներկայումս Վիտալի Շիշկինը «Եվրոպական զարգացման իրավունք» կուսակցության ղեկավարն է։

Վիտալի Շիշկինը պատասխանել է «168 Ժամի» մի քանի հարցերին, մասնավորապես, թե ինչո՞ւ է հետապնդումների ենթարկվել Ռուսաստանում, ինչո՞ւ է որոշել դիմել հենց Հայաստան, և, ըստ նրա, ինչո՞ւ է Հայաստանը բավարարել իր հայտը: Վիտալի Շիշկինն ասաց, որ ամբողջ աշխարհում՝ բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված է եղել՝ որպես քաղբանտարկյալ, և ապօրինի ազատազրկման է ենթարկվել համարյա 4 տարով, որոնցից վերջին երկու տարին անցկացրել է մեկուսարանում: Նրա խոսքով, բնականաբար, բոլոր միջազգային կազմակերպությունները դիմել են Հայաստանին միջնորդությամբ՝ իրեն տրամադրել փախստականի կարգավիճակ, քանի որ Ռուսաստանում իրեն իրապես սպառնում էր նոր գործ, որը կլիներ թվով երրորդը:

«Դուք Վիքիպեդիայում տեղեկություններ կգտնեք, թե ինչու եմ ես հետապնդվել, դա երկար պատմություն է, իսկ Վիքիպեդիայում նորմալ է նկարագրված իմ նկատմամբ քրեական հետապնդումները և դրա պատճառները»,- ասաց նա:

Վիտալի Շիշկինը տեղեկացրեց, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է այս տարվա փետրվարի սկզբին, հայտը դիտարկվել է կես տարվա ընթացքում՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

«Մի փոքր երկարաձգվեց նաև, որպեսզի կազմվեին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ես փաստաթղթերս Հայաստանին եմ ներկայացրել, քանի որ ուրախ եմ, որ Ձեր երկրում մեկ տարի առաջ հեղափոխություն է տեղի ունեցել, Հայաստանն ընդունել է փախստականների մասին նոր օրենսդրություն, որը ներկայումս կարելի է համարել ամենաժողովրդավարական և ամենալավերից մեկն աշխարհում, քանի որ Հայաստանը տրամադրում է հիանալի պայմաններ այն անձանց, ովքեր հետապնդվում են իրենց երկրներում, այդ թվում՝ հոգևոր և քաղաքական պատճառներով, և, եթե ինչ-որ տեղերում պատերազմներ են տեղի ունենում:

Որոշումը կայացվել է օգոստոսի 22-ին, և միայն սեպտեմբերի 3-ին եմ ես փաստաթղթեր ներկայացրել անձնագիր ստանալու համար: Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին իր նոր օրենքների և օրենսդրության համար և նրա համար, որ Դուք իսկապես սկսել եք կառուցել հիանալի պետություն՝ ժողովրդավարական, հիմնված արդարադատության օրենքների վրա: Իսկապես Ռուսաստանն այն հրեշն է ներկայումս, որն իրենից ներկայացնում է բացառապես դիկտատորական ռեժիմ, որտեղ չի կարող լինել որևէ ժողովրդավարություն, և կան մեծաթիվ մարդիկ, ովքեր քաղաքականապես հետապնդվում են»,- նշեց Շիշկինը:

Անդրադառնալով որոշ վերլուծաբանների դիտարկումներին, թե սա ՀՀ պատասխանն էր Ռուսաստանին՝ ՀՀ նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ-ին չհանձնելու որոշմանը, Շիշկինն ընդգծեց.

«Ես ուզում եմ ասել, որ ինձ և այդ մարդուն, որի մասին ասացիք, պետք չէ համեմատել, համեմատության եզրեր չկան: Նա մեղադրվում է՝ որպես հանցագործ, նույնիսկ Ռուսաստանը քաղաքական փախստականի կարգավիճակ չտվեց նրան, Հայաստանին չհանձնեց՝ առանց հիմնավորելու, խախտելով անգամ ՌԴ օրենսդրությունը, այդ մարդը ՌԴ-ի հետ կապ չունի:

Նա միայն հատուկ ծառայությունների աշխատակից կարող էր լինել, քանի որ նման կերպ վարվում են միայն նման աշխատակիցների դեպքում: Սա իմ կարծիքն է: Ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ ձեր փորձագետները չեն ուսումնասիրել այդ հարցը, ՌԴ օրենսդրությունը և քննարկում են: Կրկնեմ, որ համեմատության եզրեր չկան, քանի որ ես հետապնդվել եմ՝ քաղաքական մոտիվներից ելնելով, վերջին ազատազրկումից հետո անմիջապես ինձ սկսել էին կրկին հետապնդել: ՄԻԵԴ 4 նյութ եմ ուղարկել, դրանք և իմ բոլոր մյուս փաստաթղթերը ներկայացվել են ձեր Միգրացիոն ծառայությանը: Ձեր Միգրացիոն ծառայության աշխատակիցներն ապշած էին այդ գործերի բովանդակությունից, քանի որ եղել է նույնիսկ գործ, որն իմ դեմ հարուցվել է, իբրև թե մեկ այլ երկրում կատարված հանցագործության համար՝ առանց նույնիսկ այդ երկիր հարցում ուղարկելու, թե այդ ժամանակահատվածում ես եղե՞լ եմ այնտեղ, թե՞ ոչ»:

Արձագանքելով հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա հայկական կողմի կայացրած որոշումը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների վրա, Շիշկինը պատասխանեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանի որ, ըստ նրա, Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, որին դեմ է Ռուսաստանը: «Այն կուրսը, որը կա ՌԴ-ում, չի կարող լավ վերաբերվել այս պրոցեսներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Վախ է սեփական գոյատևման համար, քանի որ Հայաստան տարեկան միջինում միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելում, տեսնում է՝ ինչպիսին է Հայաստանը, և մարդկանց մոտ հարցեր կարող են ծագել, թե ինչու մեզ մոտ ևս այդպես չէ»,- նկատեց Շիշկինը:

Տեսանյութեր

Լրահոս