«Ցունամիներ ու փոթորիկներ չեն լինելու, բևեռային սառույցները չեն հալվելու». Պատգամավորը՝ հարկային փոփոխություններից բողոքողներին
«Ես ասում եմ՝ երեք դիրքերով հարկերը նվազում են, դուք ասում եք՝ հարկերի բարձրացում, այսինքն՝ եթե մենք մինչև 24 մլն շրջանառություն ունեցող բիզնեսին ազատում ենք հարկերից, սա հարկերի բարձրացո՞ւմ է, թե՞ նվազում։ Ասում եմ՝ մենք բյուջեից կորուստ ենք ունենում միայն նրա համար, որ տնտեսվարողներն ու քաղաքացիները շահեն։ Օրինակ՝ բարձրացնում ենք 300 ձիաուժ շարժիչով մեքենաների բնապահպանական վճարը, մենք դա բարձրացնում ենք, լավ ենք անում, նույնիսկ քիչ ենք բարձրացնում։ Հա, ակցիզային հարկը բարձրանում է, բարձրանում է օղու, ծխախոտի վրա»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե տնտեսության տարբեր ոլորտներում հարկերը բարձրացնելով՝ հնարավո՞ր է իրականացնել տնտեսական հեղափոխություն։
Նրա խոսքով՝ սովորաբար հարկային փոփոխություններից բողոքողները ներկայացնում են ապոկալիպտիկ պատկեր, «եթե այդ փոփոխությունը լինի, ապա երկրագնդի պտույտը կդանդաղի, կլինեն ցունամիներ ու փոթորիկներ, և կհալվեն բևեռային սառույցները»։
«Եկեք այս ամենին այլ կերպ նայենք, չեմ ուզում օրինակներ բերել, ինքս վերապահումներ ունեմ՝ այդ գազավորված ըմպելիքների հարկման հետ կապված, օրինակ, եթե մենք դա թանկացնում ենք, կարող է՝ ավելի մրցունակ են դառնում համեղ «կոմպոտները», որոնք արտադրվում ու արտահանվում են Հայաստանից։ Միակողմանի չպետք է նայել, ամեն ինչ իր մի քանի տեսակետներն ունի։ Նորմալ է, որ տնտեսվարողը նման ֆատալ պատկեր է ներկայացնում, որ հարկի մեկ տոկոս ավելացնելիս՝ վերջ, փակում ենք Հայաստանը, «զամոկը» դնում ենք վրան ու գնում ենք տուն»,- նշեց պատգամավորը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի բնորոշմամբ՝ հարկերի բարձրացումը չի ենթադրում տնտեսական հեղափոխություն, դրա համար պետք է տեղի ունենա հակառակը՝ հարկերը պետք է իջեցվեն։
«Մենք պետք է պատկերացնենք այն վիճակը, թե ինչ կլինի, եթե համատարած հարկերն իջեցնենք և վաղը չկարողանանք թոշակ վճարել։ Լինելով ընդդիմություն՝ մենք չպետք է մտածենք միայն իշխանություններին քարկոծելու մասին և քննադատենք միայն այն քայլերը, որոնք չեն բխում հանրության շահերից»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ նախատեսվում է ակցիզային հարկով հարկել ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարի պարունակությունից: Նախագծի լրամշակված տարբերակով ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի համար կազմում է 30 դրամ: Այս հանգամանքը նախատեսվող փոփոխության մեջ հիմնավորված է նրանով, որ ակցիզային հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ երկրներ սկսել են հարկել վնասակար սպառում ենթադրող՝ բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքները։
Այս փոփոխություններով նաև բարձրանալու է տարադրամի փոխանակման կետերի և գրավատների հարկը՝ գրավատների պետական տուրքը նախատեսված է 100.000 դրամից դարձնել 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի հարկն էլ 50.000-ից բարձրացնել 3 միլիոն դրամի:
Զվարթ Խաչատրյան
Լուսանկարը՝ hetq.am-ի