 
                        UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ
 
                                    UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգը համագործակցություն է սկսել միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ մասնագիտացված iSend խոշորագույն ընկերության հետ: Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ:
Հայաստանից փոխանցումները հասանելի են ինչպես UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում, այնպես էլ բանկերի մոբայլ հավելվածների միջոցով: Փոխանցումներն իրականացվում են դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով և տրամադրվում ստացման երկրի ազգային արժույթով: Հաճախորդները կարող են ընտրել գումարը ստանալու իրենց հարմար եղանակը՝ բանկային հաշվեհամարին, էլեկտրոնային դրամապանակին կամ կանխիկ:
«iSend-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է UBPay-ի ռազմավարական զարգացման և անվտանգ և մատչելի միջազգային փոխանցումներ ապահովելու գործում։ Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել տարբերակների առավելագույն լայն ընտրություն և շահավետ պայմաններ», – նշեց UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:
2025թ. առաջին կիսամյակում, համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Հայաստանում դրամական փոխանցումների ծավալն աճել է 6,7%-ով, ինչը վկայում է ոլորտի դինամիկ զարգացման մասին: UBPay-ը պլանավորում է դրամական փոխանցումների շուկայում իր դիրքերի ամրապնդում և միջազգային համագործակցության հետագա ընդլայնում:
«Այսօր մեզ բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի մեկ երրորդը: Մեր ինտուիտիվ ընկալելի API-ն ապահովում է բանկերի և ծառայությունների հեշտ ինտեգրում՝ թույլ տալով նրանց մատուցել անվտանգ և արդյունավետ ծառայություններ: Մանրամասն փաստաթղթավորման և աջակցության շնորհիվ մենք մեր գործընկերների համար հնարավորինս պարզեցնում ենք ինտեգրման գործընթացը»,- ավելացրեց Սեյրան Սարգսյանը:
UBPay-ը փոխանցումների ապահով հարթակ է՝ մշակված բանկերի և դրամական փոխանցման համակարգերի համար Հայաստանում և ամբողջ աշխարհում: Դառնալով UBPay-ի գործընկեր՝ ընկերությունները կարող են ընդլայնել ծառայությունների ցանցը, ստանալ մրցակցային առավելություն և մեծացնել եկամուտը:
UBPay համակարգի օպերատորն է Յունիբանկը:
iSend-ը դրամական փոխանցումների ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որը դրամական փոխանցումներ է իրականացնում ավելի քան 100 երկիր: Ընկերությունը համատեղում է նորարարական տեխնոլոգիաները հաճախորդակենտրոն մոտեցման հետ՝ ապահովելով միջազգային փոխանցումների անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        