Բաժիններ՝

«Ալեպպո Քուիզին» սննդի նորաբաց կենտրոնը աշխատատեղեր է ստեղծում Հայաստանում հաստատված սիրիահայերի համար

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը Երևանում գործելու է որպես սննդի արտադրամաս և մատուցելու է ծառայություններ՝ սննդի սպասարկման ոլորտում: Կենտրոնի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի համար ստեղծել աշխատատեղեր: «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը կենտրոնի աշխատանքների մեկնարկը տվեց նոյեմբերի 29-ին:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
«Այս խոհանոցի միջոցով սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար ստեղծված են աշխատանքային պայմաններ, որոնք պետք է նպաստեն իրենց տնտեսական և սոցիալական ինտեգրմանը, նաև՝ իրենց ընտանիքների աղքատության հաղթահարմանը: Այս խոհանոցի ապագա գործունեություններում պետք է ներառվեն նաև աշխատակազմի ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացները: Այս կենտրոնը պետք է գործի որպես արտադրամաս և սննդի կետ և ծառայություններ մատուցի սննդի արտագնա սպասարկման ոլորտում»,- ասաց «Հալեպ» հասարակական կազմակեպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը:

«Հալեպ» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, բացելով այս խոհանոցի դռները, կենտրոնի գործունեությունից գոյացած ողջ շահույթը կտրամադրի խոցելի վիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն: «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնն ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ է ներգրավել: Այն հիմնադրվել է Տեխասի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի, Ճապոնիայի կառավարության՝ հանձին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, Գերմանիայի կառավարության՝ հանձին Գերմանիայի Միջազգային համագործակցություն ընկերության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև ԵՄ համաֆինանսավորմամբ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը նախարարության անունից ողջունեց այս նախաձեռնությունը: «Այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ուղղակիորեն նպաստում է սիրիահայերի ինտեգրմանը»,- նշեց նա:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ընդգծեց՝ ուրախ է իմանալ, որ Ճապոնիայի մարդկային անվտանգության ապահովման ծրագրի դրամաշնորհային օժանդակությունը՝ 40 հազար 635 դոլարի չափով ծառայելու է Հայաստանում սիրիահայերի համար աշխատատեղերի ստեղծմանը: Ճապոնիայի կառավարությունը ստանձնել է շինության վերանորոգման հարցը: «Այս խոհանոց-կենտրոնի բացումը կխթանի Հայաստանում սիրիահայ փախստականների ինտեգրմանն ու հասարակական ադապտացմանը: Այս կենտրոնի բնույթն իսկապես առանձնահատուկ է»,- նշեց դեսպանը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հիշեց, որ Հալեպը էներգիայով լի քաղաք էր, և դրական համարեց, որ այս էներգիայի մի մասը սիրիահայ փախստականների հետ տեղափոխվել է Հայաստան: «Շատերի համար դժվար է լքել իրենց բնօրրանը: Եվ ես շատ ուրախ եմ, որ գերմանական կողմն իր նպաստն ունի Հայաստանում սիրիահայերի կյանքի բարելավման հարցում: Այս խոհանոցը մեկն է այն բազմաթիվ հաջող օրինակներից, որ սիրիահայերը կարողացել են իրականություն դարձնել Հայաստանում»,-ասաց դեսպանը:

ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշեց, որ դեսպանությունը շատ ուրախ է այս նախաձեռնությանն աջակցելով: «Հալեպի խոհանոցի բացումը մեկ քայլ կլինի սիրիահայերի համար՝ զարգացնելու նրանց կարողությունները։ Ուզում եմ նշել նաև «Հալեպ» ՀԿ-ի հանձնառությունն այստեղ ներառական միջավայր ձևավորելու հարցում՝ աշխատանքներում ներառելով հաշմանդամություն ունեցող անձանց»,-ընդգծեց նա:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը շեշտեց, որ շատ տարբեր պատմություններ կան, թե ինչպես են տարբեր մարդկային կյանքեր ինտեգրվել մեր երկրում: «Որքան էլ դժվարություններ ունենանք սիրիահայերի մասով, ես կարող եմ ասել, որ նրանց ինտեգրումը մեծ հաջողություն է՝ չնայած բազում դժվարություններին»,- եզրափակեց Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս