Ուշագրավ նախագիծ Ազգային ժողովում
ԱԺ-ում քիչ առաջ քաղաքական առումով բավական ուշագրավ նախագիծ քննարկվեց: Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ մշակված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ ներկայացվեց:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր միայն, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հարակից զեկուցմամբ հանդես գալու ընթացքում պարտադիր ներկա լինեն օրենքի քննարկմանը: Գործող օրենքով նշված էր, որ «կարող են» ներկա լինել. պահանջ չկար:
Երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացված նախագծում ավելացվել են որոշ ուշագրավ փոփոխություններ: Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «Մենք «ԱԺ կանոնակարգ օրենքում» չունենք կարգավորում, այսպես ասած, ֆորս-մաժորային իրավիճակների, արտակարգ իրավիճակների, նիստի խոչընդոտման հետ կապված:
Առաջարկվում է կարգավորել այն դեպքերը, երբ այս կամ այն նիստին՝ դա կլինի արտահերթ, թե հերթական նիստ, որևէ մեկի ժամանակ արտակարգ իրավիճակի, կամ պատգամավորների մասնակցությունը նիստին խոչընդոտելու եղանակով անհնար է, որ նրանք մասնակցեն այդ նիստին: Խոսքը վերաբերում է 2 ասպեկտի՝ երբ նիստը չի կայանում, որովհետև նիստի իրավազորությունը չի ապահովվում, և երկրորդ հատվածը վերաբերում է նրան, երբ նիստը իրավազոր է, բայց շարունակում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը կամ նիստում առաջացել են այլ հանգամանքներ և նիստը վարողի ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տվել:
Այս դեպքերի ժամանակ նիստը պետք է ընդհատի և շարունակվի այն ժամանակ, երբ վերանան այն հանգամանքները, որոնք առիթ են հանդիսացել նիստի վերացման համար: Ժամանակավոր խոչընդոտների համար ԱԺ կանոնակարգ օրենքն ուներ կես ժամով նիստի ընդհատման և վերականգնման հնարավորություն»:
«Ներկայացված առաջարկությունը քաղաքական որոշ դրդապատճառներ ունի»,- ԱԺ-ում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Խոսքը վերաբերում էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկին, որ Քննիչ հանձնաժողովը ժամանակավոր որոշ խոչընդոտների դեպքում նիստն ընդհատի, և ընդհատված նիստը շարունակվի, երբ վերանան այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նիստն ընդհատելու համար:
Փոխնախարարը խոսեց քաղաքական դրդապատճառների մասին. «Առաջարկը վերաբերում էր բացառապես այն իրադրությանը, երբ որ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, և ընտրության օրը փաստորեն կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունն ինչ-ինչ պատճառներով՝ արտակարգ իրավիճակների թե այլ պատճառներով, և դրանից հետո կգա այն հետևանքը, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի:
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ «Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել, և դա էլ պայմանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա և պայմանավորվածություն ձեռք բերի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլևս ժողովուրդը չի կարող պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցիչը»:
Նախագծին դեմ արտահայտվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը.
«Պնդում եմ, որ Սահմանադրության համաձայն, սահմանադրական ժամկետները շատ հստակ են, Սահմանադրությունը չի ասում, թե ինչպես չի եղել այդ նիստը, Սահմանադրությունն ասում է, որ եթե խորհրդարանը չի կարողանում ձայների մեծամասնությամբ 2 անգամ ընտրել վարչապետին, խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկված փոփոխություններին:
Ըստ նրա՝ իրենք Սահմանադրության այլ մեկնաբանություն են տալիս, բայց անգամ այս իրավակարգավորումն ընդունելու դեպքում էլ, եթե երկու անգամ չընտրվի վարչապետ, ուրեմն խորհրդարանը պետք է ցրվի. «Այսինքն՝ եթե խոչընդոտներ լինեն, և ԱԺ պատգամավորները չկարողանան գալ ԱԺ շենք, նիստը կհամարեն ընդհատված, և խորհրդարանը չի ցրվի»:
Է. Մարուքյանի խոսքով, եթե խորհրդարանը ցրելու քաղաքական կոնսենսուս չլինի, այս ճանապարհը փորձում են փակել: Նա նշեց, որ օրենքում փոփոխությունների առաջարկը ներկայացվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից, և Պետաիրավական հանձնաժողովի նիստում բոլորը կողմ են քվեարկել, բացի իրենից:
«Հույս ունեմ, որ այդ նախագիծը չի դրվի քվեարկության»,- ասաց Է. Մարուքյանը:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար 65 ձայն է անհրաժեշտ: