Բաժիններ՝

Ամուսիններին տրվող ամենավնասակար խորհուրդները

Միֆ #1  «Որքան քիչ շրջապատի մարդիկ իմանան ձեր անձնական կյանքի մասին, այնքան երջանիկ այն կընթանա»: Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ ճիշտ է։ Իսկապես, ինչո՞ւ կեղտը տնից դուրս հանել` ամուսնական կոնֆլիկտների մեջ ներգրավելով ինչ-որ մեկի մորը, ընդհանուր ընկերներին, մորաքույր-հորաքույրներին կամ, ասենք, երեխայի դասղեկին: 3-րդ կողմի ներկայությունն ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ իրոք վատ գաղափար է, սակայն ոչինչ չասելը նույպես լավ չէ թեկուզ հենց միայն ընտանեկան բռնությունները չբարձրաձայնելու տեսանկյունից: Շարունակ լռելու, պարփակվելու ժամանակ էլ հենց ծախսվում են այն ուժերը, որոնք հակառակ պարագայում կուղղվեին ձեր հարաբերությունների ամրապնդմանը: Այդ իսկ պատճառով էլ Ձեզ մոտ վստահություն ներշնչող մարդուն անպայման պատմեք, եթե Ձեր ամուսինը Ձեզ վրա ձեռք է բարձրացնում, մեղադրում և ստորացնում է, վերահսկում է յուրաքանչյուր լուման կամ առանց պատճառի անվերահսկելիորեն խանդում է:

Կարող եք շատ մտերիմ, բայց ոչ արյունակից մարդուն պատմել նաև թեթև մտահոգությունների մասին: Այդ բողոքները երբեմն օգնում են թեթևանալ, հանգստանալ, նաև սեփական խնդիրներին կողքից նայելու հնարավորություն են տալիս: Իհարկե, եթե վստահ եք, որ այդ մարդը, գույները խտացնելով, չի պատմելու Ձեր խնդիրն այլ մարդկանց:

Միֆ #2 «Իմաստուն կինը կլսի, գլխով համաձայնության նշան կանի ու կանի իր ուզածը»: Միգուցե, սակայն, մեծ է հավանականությունը, որ իմաստուն տղամարդն ամենայն հավանականությամբ երկար չի դիմանա այդպիսի միության մեջ: Ի՞նչ պիտի զգա մարդը, ով տեսել է, որ իր հետ ուրախությամբ համաձայնել են, սակայն հետո հայտնաբերում է, որ ոչ մի պայմանավորվածություն չի կատարվել: Հավանաբար սկզբնական շրջանում կմտածի, որ կամ Դուք ճիշտ չեք հասկացել, կամ ինքն է սխալ բացատրել: Բայց եթե նման վարքագիծն անընդհատ կրկնվի, նա կբարկանա և լավագույն դեպքում՝ կխոսի այդ մասին, չնայած դա քիչ հավանական է: Ավելի շուտ նա ինքն էլ կվարվի Ձեզ հետ նույն կերպ, քանի որ «լսել և անել ուզածիդ պես» մոտեցումն իմաստուն տեսակետ չէ, այլ պասիվ ագրեսիա և սաբոտաժ: Եթե Դուք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, դա քննարկման առարկա է, այլ ոչ թե՝ պարտիզանական շրջանցումների:

Միֆ #3 «Ձեր վատ տրամադրությունը Ձեզ պահեք. արտահայտեք միայն դրականը»: Զգացմունքները պահել ներսում, պարփակվել կեղծ ժպտալով՝ այն տակտիկան է, որը երջանկություն չի բերում: Պարզ է, որ խոսքն այն մասին չէ, որ պետք է կողակցի վրա թափել օրվա ընթացքում կուտակված ողջ զայրույթը. Դա, իհարկե, ճիշտ չէ և անազնիվ է: Բայց կարևոր է նշել, որ Դուք ծանր օր եք ունեցել, և այդ պատճառով էլ վատ տրամադրություն ունեք: Հարազատներն ու մտերիմները նաև նրա համար են, որպեսզի կիսեն Ձեր և ուրախությունը, և տխրությունը: Ավելին, Ձեր լարվածությունը Ձեր կողակիցը հավանաբար կնկատի էլ, և չիմանալով`պատճառն ինչն է, իրեն մեղավոր կհամարի: Սա արդեն դատարկ տեղում վեճի թեմա է:

Միֆ #4 «Առանց հաշտվելու անկողին մի մտեք»: Իրականում գերազանց խորհուրդ է: Տխուր է, երբ մահճակալի տարբեր անկյուններում լարված գիշեր եք անցկացնում, սակայն պետք է հասկանալ, թե ինչ ասել է՝ հաշտություն: Եթե վեճն աննշան թեմայի շուրջ է, և բավարար են միայն ներողությունները, ապա, իհարկե, ավելի լավ է գրկախառնվել և, միմյանցից ներողություն խնդրելով՝ հանգիստ պառկել քնելու:

Այլ բան է, եթե սուր կոնֆլիկտ է եղել, և հաշտվելը ամուսիններից գոնե մեկը հասկանում է այսպես` պարզել ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ և չպառկել քնելու, քանի դեռ ամեն ինչ ասված չէ: Որոշ կոնֆլիկտային թեմաներ քննարկամ և լուծումներ գտնելու համար կարող են պահանջել տևական ժամանակ: Այդ դեպքում պատկերացրեք, որ արդեն կեսգիշեր է, առավոտյան վաղ աշխատանքի եք, բայց երկուսդ էլ հոգնած եք, զայրացած և անտրամադիր, բայց պատրաստվում եք հարաբերություններ պարզել: Գուցեև տարբերակ է, բայց քիչ է հավանական, որ այդ իրավիճակում կարելի է գալ ընդհանուր հայտարարի: Սա պայթյունավտանգ իրավիճակ է: Ի՞նչ անել այս պարագայում: Ամենաօպտիմալ տարբերակը հարցի քննարկումը մինչև հաջորդ օրը տեղափոխելն է, քանի որ այդ դեպքում տաք գլխով գիշերը քննարկումներ անելիս հանկարծ չեք հանգի ամուսնալուծվելու և գույքը կիսելու որոշմանը:

Միֆ #5 «Տանը եղած տրամադրության համար կինն է պատասխանատու»: Հիշեք. հարաբերությունների համար միշտ երկուսով են պատասխանատվություն կրում: Մեկի համար կարևոր է, որ ամուսինը լսի, թե ինչպես է իր օրն անցել, մանրամասն հարցեր տա, հետաքրքրություն ցուցաբերի, մյուսին դա, հնարավոր է, որ նյարդայնացնի: Բայց դրա փոխարեն՝ նա գերադասում է, որ անհաջողության կամ վատ տրամադրության դեպքում իրեն սփոփեն:

Բայց թե ով տվյալ պահին կլինի ասողի կամ լսողի, ինչպես նաև՝ բողոքողի կամ սփոփողի դերում, կախված է միայն ամուսինների բնավորությունից և կոնկրետ իրավիճակից, այլ ոչ թե նրանց սեռից: Թե ինչպես են ամուսինները կիսում էմոցիոնալ պարտականությունները, խիստ անհատական է, և հստակ դերաբաշխում չի ենթադրում:

Այս մոլորությունը վտանգավոր է նաև նրանով, որ ճգնաժամային իրավիճակներում կինն իրեն պատասխանատու է զգում կատարվածի համար, ինչը, իհարկե, այդպես չէ: Կարող է և հակառակը լինել: Այնպես որ, տան մթնոլորտի համար ամուսինները երկուսով են պատասխանատվություն կրում:

Միֆ #6 «Եթե դուք երկուսով էլ ինքնաբավ մարդիկ եք, ապա ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտք չէ»: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե այդքան ինքնաբավ մարդու ինչին է պետք զույգը, և կա՞ն արդյոք ընդհանրապես իրականում ինքնաբավ մարդիկ: Էմոցիոնալ բարեկեցության համար մեզ բոլորիս էլ պետք են մտերիմ մարդիկ, ջերմություն և աջակցություն: Մարդն իր բնույթով սոցիալական էակ է: Այդ պատճառով էլ բացարձակ կամ ամբողջական ինքնաբավություն ասվածն ուտոպիա է: Եվ հատկապես ամուսնության մեջ այդպես չի լինում: Մարդիկ միություն են կազմում հենց այն բանի համար, որպեսզի կապված լինեն, կիսեն միմյանց կյանքը, մտահոգությունները և ուրախությունները: Լավ է, երբ այդ դեպքում նրանք ունենան իրենց անձնական հետաքրքրությունները, զբաղվածությունը կամ ժամանակ սեփական անձի համար, սակայն, եթե ինքնաբավություն ասելիս՝ ենթադրվում է հանգստյան օրերն անընդհատ իրարից առանձին անցկացնել և ընդհանուր շահերի բացակայություն, ապա դա արդեն ամուսնության մեջ կամ հարաբերություններում ճգնաժամի մասին է վկայում:

Ամուսնական հարաբերությունները ենթադրում են նաև այլ մարդու հանդեպ որոշակի պատասխանատվության չափ, և ուրեմն երբեք պետք չէ ասել, որ իրար ոչինչ պարտք չեք: Այդպես իրեն կարող է թույլ տալ արտահայտվել միայն միայնակ մարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս