ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովին
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր «Ո՞վ, ու՞մ և ի՞նչ հարցում է խորհուրդներ տալիս» վերտառությամբ մեկնաբանության մեջ անդրադարձել է իր հասցեին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հնչեցրած խոսքերին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է մեկնաբանությունն ամբողջությամբ։
«Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վ.Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը: Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթամյա գործունեության վերջին մեկնաբանությունը: Սակայն ստիպված եմ, քանի որ այս անգամ պրն. Սոլովյովն իր վաղեմի տեսակետը մեր հասարակությանը հուզող հարցի առնչությամբ վերահնչեցրեց Երևանում:
Նախ, պրն. Սոլովյովին ինձ ճանաչելու կամ չճանաչելու մասին: Եթե ելնենք այս բառերի ավանդական իմաստից, ապա նա ակնհայտ ստում է: Իսկ եթե ելնենք այդ բառերի բովանդակության իր ընկալումից, ապա հեղինակը միանգամայն ճիշտ է: Այդ իմաստով նա ինձ չի ճանաչում և չէր էլ կարող ճանաչել:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տառապելով ինքնակարծիքով՝ թեկուզ և շատ հայտնի հեռուստալրագրողը փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող ինքնիշխան երկրների պաշտոնական ներկայացուցիչների նկատմամբ սեփական կարծիքը դարձնում է նրանց գործունեության չափորոշիչ՝ օգտագործելով հրապարակավ բազմիցս անպատասխան արտահայտվելու իր հնարավորությունը:
Դա վերարագրելով պրն. Սոլովյովի անձնական փառասիրությանը և միաժամանակ մեղադրող ու դատավոր լինելու մոլուցքին՝ կնշեի այն հարցերը, որոնք անխուսափելիորեն բխում են այս ամենից, հատկապես՝ գիտակցելով, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում դեսպանի և դեսպանության գործունեությունը, որտեղ կան նաև թերացումներ:
Արդյոք հեղինակը իրեն թու՞յլ կտար նմանատիպ խոսքով հանդես գալ հարևան երկրի մայրաքաղաքում, եթե, այնուամենայնիվ, այո, ապա ինչ վերաբերմունքի կարժանանար նա տեղի լրատվամիջոցների և այլոց կողմից:
Շատ հանրաճանաչ լրագրողներ ունի նաև իմ երկիրը. արդյոք նրանցից որևէ մեկը իրեն թու՞յլ կտար ստանձնել նման դերակատարություն՝ անդրադառնալու Երևանում հավատարմագրված երկու միմյանց հետ մեղմ ասած լարված հարաբերություններ ունեցող երկրների դեսպանների գործունեության համեմատական վերլուծությանը:
Պրն. Սոլովյովի «ազատամտության», «ժողովրդավարության» և «մամուլի ազատության» յուրօրինակ ընկալումը միայն անձնավորվա՞ծ ցինիզմի դրսևորում է, թե՞ կան նաև այլ, առավել կարևոր ուղորդող հանգամանքներ:
Հարգարժան լրագրողի ծամծմված կարծիքը նույն խնդրի առնչությամբ երկու երկրների դեսպանների գործունեության մասին ոչ այլ ինչ է, եթե ոչ իրեն տրված հստակ հարցի պատասխանից գիտակցված շեղում՝ կոնկրետ նպատակի որոշակի երանգներով:
Շատ ափսոս, որ ստիպված էի ասելու այն, ինչին, որոշ հանգամանքներից ելնելով, ժամանակին չեմ անդրադարձել:
ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆ
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ»: